Երեւանի և Բաքվի «խմբակային իմիտացիան» մտնում է վճռական փուլ

Բաքուն Երեւանին առաջարկել է հանդիպել պետական սահմանին եւ քննարկել խաղաղության պայմանագիրը։  Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմին է ներկայացվել խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ Հայաստանի վեցերորդ առաջարկը։

Ինչո՞ւ հանկարծ Բաքուն որոշեց ուղիղ բանակցել և ի՞նչ մակարդակով պետք է կայանա այս հանդիպումը։ Ի՞նչ «պետական ​​սահմանի» մասին է խոսում Բաքուն, որը Մոսկվայի ուղեկցությամբ պնդում է, որ Հայաստանը սահմաններ չունի։ Թեկուզ Նիկոլ Փաշինյանը եւս պնդում է, որ Հայաստանը «կադաստրային թուղթ» չունի, թեև պարբերաբար հստակեցնում է Ադրբեջանի տարածքը՝ 86,6 Ղարաբաղի հետ միասին։

Բաքուն այժմ ջանասիրաբար ձևացնում է, թե իր համար անընդունելի են արևմտյան առաջարկները՝ կազմակերպելով դատարկ դեմարշներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեմ։ Փարիզն ու Վաշինգտոնն իրենց հերթին ձևացնում են, թե իրենք հայանպաստ դիրքորոշում են որդեգրել։ Իսկ պաշտոնական Երեւանն ակտիվորեն իմիտացիա է անում, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Այս խմբակային իմիտացիայի արդյունքը կարող է լինել Ալիևի և Փաշինյանի «ուղիղ հանդիպումը» Երասխում, որտեղ Հայաստանը կհայտարարվի «խաչմերուկ»՝ առանց տարածքի, սահմանների, ազգային և պետական ​​իրավունքների։

Ալիևը կարող է դա ներկայացնել որպես «պրոպուսկ» Պուտինի, Էրդողանի, Նեթանյահուի և մյուսների «բռնապետների ակումբ», իսկ Փաշինյանն իրեն վերագրելու է «Ռուսաստանից ազատվելը» և արևմտյան կուրսը՝ հույս ունենալով հայտնվել մեկ այլ «ակումբում»։

Որպես բոնուս՝ հայերին կթույլատրվի առանց վիզայի մեկնել Եվրոպա՝ աշխատանքային «շրջագայությունների» համար 90 օրով, իսկ “երրորդ երկրների” քաղաքացիները, որոնց համար Հայաստանը կբացի սահմանը, Թուրքիա տանող ճանապարհին «շրջայցեր» կկատարեն Հայաստանում։ Բոլորը բավարարված կլինեն։

Արդյո՞ք «Արցախի հերոսները» Հայաաստանում պարգեւավճար կստանան

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության հերոսի կոչում կամ Արցախի նախագահի կողմից Մարտական խաչ շքանշան ստացած զինծառայողները Հայաստանում պարգեւավճար չեն ստանա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը բարձրաձայնեց հարցը, թե ասրդյոք օրենքի նախագծում տեղ գտած ՀՀ ազգային հերոսների, Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զինծառայողների մասին դրույթը տարածվո՞ւմ է Արցախի հերոսների եւ Արցախի Մարտական խաչ ստացած զինծառայողների վրա։ Պատգամավորը նկատեց, որ օրենքի նախագծում շեշտադրվում է հետեւյալը՝ «ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված, հերոսի կոչում ստացած» ձեւակերպումը։ «Այս տեքստում գրվում է «Լեռնային Ղարաբաղ», բայց այդ մարդկանց կոչումները կոչվում են Արցախի Հանրապետության ազգային հերոս, Մարտական խաչ եւ այլն»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ի պատասխան նշեց. «Քանի որ այս նախագծի հիմնական մեխն այն է, որ պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու նախապայմանով ստանան բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները, հետեւաբար օրենքը չի տարածվելու նրանց վրա։ Այսինքն՝ սա ոչ թե մեր այդ նախագծով ենք սահմանում, մինչեւ այս նախագիծն էլ այդպես էր․ նրանք, որոնք ՀՀ նախագահի կողմից էին ստանում Մարտական խաչ, ստանում էին պատվովճար, բայց Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից հատկացված Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների համար պատվովճար չէր վճարվում Հայաստանի Հանրապետությունում»։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետությունում էին այդ անձինք պատվովճար ստանում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սահմանել էր բազմաթիվ սոցիալական երաշխիքներ, որոնք Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չեն։ «Եթե շատ պատկերավոր ասեմ՝ եթե մենք ունենք մի 6-7 տեսակի նպաստներ, իրենց մոտ կարող էր հասնել 80-ի։ Եվ մենք դրա ժառանգականությունն ապահովելու քաղաքականությունն առաջ չենք տանում։ Այսինքն՝ մենք քննարկել ենք, որ ապահովենք այն երաշխիքները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են բոլորի համար։ Հետեւաբար, մենք կենսաթոշակները, նպաստները, բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք գործում են Հայաստանում, միանշանակ կտրամադրենք»,- նշեց սոցապ փոխնախարարը։

Աղվան Վարդանյանն արձագանքեց․ «Այսինքն՝ մենք ունենալու ենք Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրված ասպետ, որն այնտեղ ստացել է այդ պերգեւավճարը, այդ նույն մարդն այսօր այստեղ չի ստանում։ Ճի՞շտ  եմ հասկանում»։

«Քանի որ մեր օրենսդրությամբ այդպիսի կարգավորում չունենք, ապա, այո, ճիշտ եք հասկանում»,- պատասխանեց Դավիթ Խաչատրյանը։

 

 

Պետք է հատուկ կարգավիճակ տրվի սեպտեմբերին Արցախում զոհվածների ընտանիքներին. Բեգլարյան

ՀՀ կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն տրամադրի սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին՝ պահելով 44-օրյա պատերազմի սկզբունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի ժողովրդի ցեղասպանության վերջին դրվագի՝ սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել և նման միտում էլ տեսանելի չէ:

Նախ, սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով մոտ 230 զոհ է արձանագրվել, որոնցից առնվազն 19-ը քաղաքացիական անձինք էին, ներառյալ՝ 6 երեխա: Իսկ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, ըստ ՆԳՆ վերջին թարմացման, մոտ 220 անձի մահ է արձանագրվել: Իսկ ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին հրապարակման, 42 է, ներառյալ՝ 12 քաղաքացիական անձ, իսկ պայթյունի հետևանքով անհայտ կորածներինը՝ ըստ ՆԳՆ հրապարակման, շուրջ 50 է: Բոլոր տվյալները նախնական ու մոտավոր են, և ԴՆԹ հետազոտությունների ավարտից, ամբողջական ու պաշտոնական ցուցակագրումից հետո հնարավոր կլինի հստակ թվեր նշել:

Եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (1000+) միջոցով՝ համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա, նույնիսկ որի մասով, կարծես թե, վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ կան, ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Մասնավորապես, ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները, ինչպես նաև պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձինք (այդ թվում՝ զինծառայողները) և նրանց ընտանիքները որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել առ այսօր: Հիմք ընդունելով վերոնշյալ մոտավոր թվերը՝ այդպիսի զոհված անձանց թիվը շուրջ 300 է, իսկ հաշմանդամության խումբ ձեռք բերած վիրավորների թվերի վերաբերյալ կդժվարանամ որևէ հաշվարկ ներկայացնել:

Պետական ծրագրերից դուրս մնացած նշյալ անձինք ու նրանց ընտանիքները պետք է հստակ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն ստանան ոչ միայն նրանց սուր սոցիալական խնդիրների պատճառով, այլ՝ առաջնահերթորեն պետության (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կողմից ստանձնած անվտանգային պարտավորությունների ձախողման պատճառով: Ավելին, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները և քննարկել դրա հետևանքով զոհված զինվորականներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դարձնելու հնարավորությունները, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում՝ պատերազմական գործողությունների հարուցած քաոսի ու խուճապի և զինված ուժերի կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում: Այլ նուրբ հիմնավորումների մասին նախընտրում եմ հրապարակայնորեն չխոսել, բայց որոշում կայացնողները դրանք լավ կիմանան՝ ըստ այդմ կատարելով նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունել և քաղաքացիական բոլոր զոհերին ու վիրավորներին հատկացրել է միանվագ ֆինանսական աջակցություն հետևյալ չափերով՝ զոհվածների ընտանիքներին՝ 5,000,000, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3,000,000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 2,000,000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1,000,000 ՀՀ դրամ:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հստակ է, որ նշյալ խմբերի անձինք և նրանց ընտանիքներն ունեն իրավաչափ ակնկալիք՝ ստանալու հատուկ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն՝ առնվազն նշված չափերով»:

ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ ավելի քան 4 միլիոն դոլար՝ արցախցիներին աջակցելու նպատակով

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի արդյունքում ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։

«Այս լրացուցիչ աջակցության միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:

ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի միկրոբլոգում այս մասին գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությունից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը:  Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Արցախցիները հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբերին

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը միասին կստանան դեկտեմբեր ամսին։ Այս մասին  ԱԺ նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հատկացված գումարներ կան, եւ այնպես չի լինելու, որ ինչ-որ պահի մեր հայրենակիցներին ասելու են՝ գումար չունենք թոշակ կամ նպաստ վճարելու»,- ասաց նախարարը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը խորհրդարանում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ արցախցիներն անորոշության մեջ են, նրանց առաջարկված է երկու տարբերակ՝ կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, կամ փախստականի կարգավիճակ։ Մարդիկ չեն կողմնորոշվում՝ որ տարբերակն է ճիշտ։ «ՀՀ քաղաքացիություն չընդունելու դեպքում արցախցիները նույն կենսաթոշակն ու նպաստն են ստանալու, թե՞ տարբերակված։ Հստակ Արցախից եկած մեր քույրերին ու եղբայրներին ասենք, թե իրենց ինչ է սպասվում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ի պատասխան ասաց․ «Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից, կդիմեն ՀՀ քաղաքացիության համար, թե չեն դիմի, շարունակելով մնալ կառավարության սահմանած ժամանակավոր պաշտպանության կարգավիճակում, կշարունակեն ստանալ կենսաթոշակ ու նպաստներ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման մասին օրենսդրական փաթեթը։

 

 

Ազգային ժողովը քննարկում է արցախցիների կենսաթոշակների եւ նպաստների մասին փաթեթը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման մասին օրենսդրական փաթեթը։ Այս մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը խորհրդարանում։

«Փախստականների եւ ապաստանի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք կունենան ստանալ պետական նպաստներ եւ դրամական այլ օգնություն, ինչպես նաեւ ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունք։ Սակայն, հաշվի առնելով բռնի տեղահանված հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առաձնահատկությունները։ Նախատեսվում է ՀՀ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեությունը, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ կառավարության սահմանած կարգով»,- ԱԺ նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը կսահմանի նաեւ Արցախի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները։ «Կառավարության որոշմամբ հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակներն օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու։ Այս լիազորության շրջանակներում կլուծվի նաեւ Լեռնային Ղարաբաղի գործերը պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան տեղափոխելու հարցը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի, Փրկարար ծառայության, Ոստիկանության, ԱԾԾ , ԴԱՀԿ համակարգերում աշխատած անձանց զինվորական կենսաթոշակի իրավունքին՝  նախարարը նշեց, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք։

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակվում եւ վճարվում են կենսաթոշակների համար սահմանված կարգով։ Իսկ նշանակումն իրականացվում է տարածքային կենտրոն դիմելու դեպքում։ Նախարարի խոսքով՝ կհստակեցվեն եւ կպարզեցվեն նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը։

 

 

Արցախցիները դիմել են ԵԱՀԿ ԽՎ-ին՝ նոր աշխարհակարգը նույնպես Արցախից է կառուցվելու

Արցախը երբեք չի լինի ադրբեջանական. այս խոսքերը տասնամյակներով հնչում էին հայկական երկու պետությունների ղեկավարների շուրթերից, բայց նրանցից ոչ մեկը չասաց, թե ինչ են հասկանում և նկատի ունեն դրա տակ։

Այս հայտարարության հիմքում ընկած է Արցախի բնակիչների ինքնորոշման իրավունքը, որը նրանք իրացրել են 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այս իրավունքը մեզ հնարավորություն տվեց կառուցել պետություն, ստեղծել բանակ, զարգացնել մեր մշակույթը, ավանդույթները, պաշտպանել մեր ճարտարապետական ​​հուշարձանները և այլն։ Բայց Արցախի Հանրապետության հռչակման հիմնական նպատակը՝ Ադրբեջանից անջատումն էր․ այդ երկիրը հռչակեց անկախությունն ու մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդություն, որի մաս Արցախը երբեք չի եղել։

Այսօր Ադրբեջանը պնդում է, որ Արցախն ու նրա ժողովուրդն իր սեփականությունն են, և հենց նա պետք է տնօրինի նրանց ճակատագիրը։

Սրան ի պատասխան՝ արցախցիներն ապացուցեցին, որ երբեք չեն համաձայնի ապրել ստի, բարբարոսության և հայատյացության վրա հիմնված «պետության» հովանու ներքո։

Արցախցիների զանգվածային հեռացումը ցույց տվեց, որ ոչ մի հայ չի համաձայնվում ապրել ահաբեկչական, ֆաշիստական ​​միավորման կազմում որևէ երաշխիքով։ Հայերի համար երաշխիքը կարող է լինել միայն հայոց բանակը, զինված հայ տղամարդը։

Այսօր Արեւմուտքի ավելի ու ավելի շատ երկրներ են համոզված, որ միայն Արցախի պաշտպանության բանակի ներկայությունն է ապահովել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ Բայց, ցավոք, աշխարհում տնտեսական շահերը, լոգիստիկ, տրանսպորտային շահերը գերակայում են մարդու իրավունքներին:

Ակնհայտ է, որ նոր աշխարհակարգը կառուցվում է փոքր ազգերի արյան ու ոսկորների վրա։ Բայց դա միայն մեր օրերում: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, որ առաջնահերթությունները կդառնան առաջնային, որոնք՝ երկրորդական։

Այդ իսկ պատճառով Արցախի բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք ստեղծվել են դեռևս 2020 թվականին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից արտագաղթի առաջին ալիքից հետո, չեն դադարում դիմել միջազգային կազմակերպություններին և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատներին՝ պահանջելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրանից բխող միջոցառումներով։

Նման կոչ է փոխանցվել բոլոր պատվիրակություններին, որոնք մասնակցել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին Երեւանում։

Կոչի մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ

«Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իրեն խորթ պետությանը, հատկապես մի պետության, որը ղեկավարվում է ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից՝ արբած իր անպատժելիությամբ։

Մեր ընդհանուր որոշումը՝ թողնելու մեր տները, թողնելու Մկրտչի մասունքները, մեր եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք դարերով պաշտպանել ենք, ամբողջ աշխարհին ապացույցն է, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Մենք մտադիր չենք փոխել մեր համոզմունքները ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ այլ քաղաքական հանգամանքներում։

Եվրոպան և ամբողջ ժողովրդավարական աշխարհն այսօր կանգնած են ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի և մարդու այլ իրավունքների ու ազատությունների հարգման վրա, կամ լռելյայն համաձայնել, որ ագրեսիան, շրջափակումը և օկուպացիան են հակամարտությունների լուծման օրինական ուղիներ:

Մենք պատրաստ ենք անել հնարավորը` նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը հասնելուն, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և միջազգայնորեն ճանաչված մարդու այլ իրավունքների և ազատությունների լիակատար հարգման վրա»:

Մարգարիտա Քարամյան

Արծվիկ Մինասյան. իրականում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է 150 հազար եւ ավելի մարդ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերին գումար հատկացնելու հարցը։ Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանն իր խոսքում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազար եւ ավելի մարդ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրականում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է 150 հազար եւ ավելի մարդ։ Նա կառավարությանը կոչ արեց թվերը ճիշտ ներկայացնել։ «Եկեք դադարենք օգտագործել 100 հազար եւ ավելի թիվը, օգտագործենք 150 հազար եւ ավելի թիվը, որովհետեւ Արցախի բնակչությունն այդքան է եղել մինչեւ ադրբեջանական պատերազմներն ու մյուս գործողությունները։ Այսինքն՝ փաստացի Արցախի Հանրապետության 150 հազար եւ ավելի քաղաքացիներ այսօր բռնի տեղահանված են, ցեղասպանության են ենթարկվել եւ չեն կարողանում իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալ։ Սա կարեւոր է, որ ֆիքսենք՝ խոսքը 150 հազար եւ ավելի արցախցիների մասին է»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Բաքուն խոստովանեց, որ ՄԽ համանախագահները կողմ էին 1994-ից հետո ստեղծված ստատուս-քվոյին

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն աջակցում էին Հայաստանի դիրքորոշմանը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը գտնվում են այստեղ, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Փարիզում»,- ասել է Հաջիեւը։

Նա նշել է, որ այդ խաղաղության համար, լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է նայի դեպի տարածաշրջանի ներսը, շարունակի բանակցություններն ադրբեջանի հետ. «Ադրբեջանը բարի մտադրություններ ունի։ Մեր երկրի ինքնիշխանությունը ապահովված է, տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս-քվո, եւ այդ ստատուս-քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախորդ ստատուս-քվոն, որն ստեղծել էր Հայաստանը՝ օկուպացնելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաեւ Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, այն անարդար էր եւ անընդունելի»։

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նաև ողջունում է այլ երկրների պատրաստակամությունն այդ հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը։

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները հեշտացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլերը։

Հարցին, թե շարունակելու են Վաշինգտոնն առաջարկել որպես հարթակ այդ բանակցությունների համար, Միլերը պատասխանել է․

«Ինչպես ասացի, մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում, և մենք ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ։

Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թևեր» ծրագիրը

Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձեւավորման նպատակով մեկնարկել է  «Թևեր» ծրագիրը, որն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից:

«Դեռ Արցախում  «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը  բազմաթիվ  ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատեւ շրջափակման հումանիտար հետեւանքները Արցախի բնակչության համար: Հավատարիմ մնալով իր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին եւ կարեւորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության  վերականգնումը շրջափակման եւ բռնի տեղահանման փորձություններից հետո, գործակալությունն սկսել է «Թեւեր»  ծրագիրը՝  մեր երխաներին  և նրանց  ծնողներին «թևեր տալու» նպատակով: Հուսով ենք, այն կօգնի  նրանց հաղթահարել դժվարությունները եւ լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը: