ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան. ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահ

ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան, երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն:

«Սենատի իմ գործընկերները համակարծիք են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,-գրել է նա:

 

Դարեր շարունակ մենք Ռուսաստանին վստահել ենք Հայաստանի ճակատագիրը, և նրանք մեզ միշտ հանձնել են թշնամիներին

2020 թվականի սեպտեմբերի 24-ին Դիզակից (Արցախի Հադրութի շրջան) Բադալյանների ընտանիքը մեկնել է Հայաստան՝ հարազատի հուղարկավորության։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմը։ Իսկ հոկտեմբերի 12-ին Հադրութն արդեն զբաղեցված էր։

Այդ ժամանակվանից արցախցի 86-ամյա Լեւոն Բադալյանը երազում է գոնե մեկ անգամ տուն գնալ։

«Ես սպասում եմ, որ Արցախն ազատագրվի։ Ես առաջիններից մեկն եմ լինելու, ով կվերադառնա տուն։ Տեսնեմ իմ հայրենի հողը, շոյեմ ծառերը, այցելեմ մեր նախնիների եկեղեցիներն ու գերեզմանները: Բայց վախենամ, դրանք սին հույսեր են: Չնայած փորձում եմ հույսս չկորցնել, բայց հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակում ոչ ոք շահագրգռված չէ Արցախի ազատագրմամբ։ Սա վաղուց պետք է հասկանայինք ու ոչ մեկին չվստահեինք, հատկապես Ռուսաստանին։ Դարեր շարունակ մենք նրանց վստահել ենք Հայաստանի ճակատագիրը, և մեզ միշտ հանձնել են մեր թշնամիներին։ Ռուսաստանը հո չի զոհաբերի իր հողերն ու ժողովուրդը, երբ ձեռքի տակ կան միամիտ հայեր։ Ամեն ինչ այն պատճառով, որ մենք չենք հարգում մեր պատմությունը և եզրակացություններ չենք անում։ Մենք չենք հասկանում հայրենիքի և մատաղ սերնդի արժեքը»։

Բադալյանը երեք տարի է, ինչ ապրում է Արարատի մարզում։ Մասիս քաղաքի այգիներից մեկում նա “բեսեդկա” է “դիզել”, որտեղ հավաքվում էին հադրութցիները։ Իսկ բոլոր արցախցիների բռնի տեղահանումից հետո ամառանոց են գալիս նաեւ մարտունեցիները, ասկերանցիները և այլ շրջաններից։ Կենսաթոշակային տարիքի տղամարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքն անցկացրել են կառուցելով ու ստեղծագործելով, և մի ակնթարթում կորցրել են ամեն ինչ։

Նա խոստովանում է, որ բոլոր խոսակցությունները վերաբերում են Արցախի հետ կապված արտաքին և ներքին քաղաքականությանը։ Հիմնականում վրդովմունք, ինչո՞ւ են մարդկանց այդքան անարդարացիորեն վերաբերվում։

«Օրինակ, այսօր մեր քննարկումները հանգեցրին այն կարծիքին, որ աբսուրդ է արցախցիներից պահանջել ընդունել ՀՀ քաղաքացիություն։ 2020 թվականից, երբ Հադրութի բնակիչները գալիս էին հանրահավաքների և բողոքի ցույցերի, իշխանությունները մեզ ասում էին, որ մենք Հայաստանի քաղաքացիներ ենք և չենք կարող ունենալ փախստականի որևէ միջազգային կարգավիճակ։ Այնքան հավաքվում էինք դեսպանատների և ներկայացուցչությունների մոտ, բայց ապարդյուն։ Երեք տարի ոչ ոք չէր ուզում մեզ լսել։ Եվ հիմա նույն պատմությունն է՝ մարդկանց հետ հաշվի չեն նստում։ Նույնիսկ դադարեցրել են վճարումները և պայմաններ են սահմանել՝ շահարկելով մարդկանց սոցիալական կարգավիճակը։ Ո՞նց կարելի է այդպես վարվել մարդկանց, հատկապես տարեցների հետ»։

Ունենալով ավելի քան 50 տարվա դասավանդման և ղեկավարման փորձ՝ Լևոն Բադալյանն ասում է. «Մենք պետք է համախմբվենք և շարունակենք պայքարել մեր հայրենիքի համար։ Մենք չպետք է կորցնենք հույսը։ Եթե ​​լուռ նստենք ու սպասենք, ապա Հայաստանի մյուս շրջանները կարժանանան Արցախի ճակատագրին։ Եվ մենք պետք է հասնենք փախստականի միջազգային կարգավիճակի»։

Ամառանոցում հավաքվածները վաստակավոր ուսուցչի հետ չեն վիճում։

Ալվարդ Գրիգորյան

Միջազգային իրավունքն ունի արցախցիներին պաշտպանելու մեխանիզմներ

Step1.am-ի զրուցակիցն է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

-Տիկի՜ն Սահակյան, Հաագայի դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը։ Ի՞նչ է ենթադրում այս որոշումը։

-Նախ նշենք, որ սա վերաբերում է միջանկյալ միջոցներին, եւ վերջնական դատական գործընթացն ավարտված չէ։ Բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ դատարանն ստիպված է լինում անընդմեջ փոփոխել արդեն իսկ կիրառած անհապաղ միջոցները, ընդ որում, լրացման սկզբունքով, քանի որ պատասխանող պետությունն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք նախ իրավիճակային էական փոփոխություններ են մտցնում եւ առհասարակ վտանգի տակ են դնում Կոնվենցիայով պաշտպանվող արժեքները եւ անդառնալի կորուստների մեծ ռիսկեր են ստեղծում։ Բոլոր դեպքերում սա դրական է՝ հաշվի առնելով այն, որ նաեւ իրավաբանորեն են արձանագրվում այն խախտումները, որոնք տեղի են ունենում։ Նաեւ դատարանը պահանջել է, որպեսզի Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն եւ հաշվետվություն տրամադրի կիրառված միջոցների կատարման վերաբերյալ, ինչը միջազգային վերահսկողական մեխանիզմ է ստեղծում։ Այս փակուղային իրավիճակում սա դրական զարգացում է։

Դատարանի որոշման կետերից մեկով «Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ»։ Գործնականում սա հնարավո՞ր է ապահովել՝ հաշվի առնելով Բաքվի ագրեսիվ գործողություններն ու ցեղասպանական քաղաքականությունը։

-Քանի որ այս էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականության գաղափարական կրողը Ադրբեջանն է, այդ պետությունում ու հասարակությունում հիմնարար փոփոխություններ չեն եղել, այնտեղ կայուն կա հակահայկական քաղաքականություն, ատելություն, նույն ռեժիմն է, հասարակության հոգեբանական կերպարը նույնական է, մտածողությունը եւս կայուն է, ես չեմ պատկերացնում, որ առանց միջազգային ներկայության եւ լուրջ, արդյունավետ ու համարժեք մեխանիզմների ներդրման Ադրբեջանն ունակ կլինի ապահովելու հայերի անվտանգությունն Արցախում։ Այսինքն՝ առանց միջազգային մեխանիզմների, ցեղասպանական քաղաքականություն վարող պետությանը մենք չենք կարող վստահել հայերի կյանքը։ Եվ գործունեության հիմնական ճակատը հենց այնպիսի մեխանիզմների ներդրումը պետք է լինի, որոնք անվտանգային երաշխիքներ կտան, վստահելիություն կունենան, որի պայմաններում գործնականորեն հնարավոր կլինի վերադարձը։ Եթե այս մեխանիզմները չկան, եւ մենք էական իրավիճակային փոփոխություն չունենք Ադրբեջանում, կարծում եմ՝ երեւութական է այդ հարցը։

-Միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպե՞ս են պաշտպանված բռնի տեղահանված արցախցիները։ Նրանց զրկել են իրենց պատմական հայրենիքից, գույքից, ունեցվածքից․․․

-Այո՜,  այստեղ հայերն ունեն պաշտպանված իրավունք։ Դրանց հետագա օտարման արդյունքում նոր իրավատերերը պաշտպանվող իրավունքներ չունեն, այդ իրավունքը պետք է պաշտպանվի շարունակաբար։ Եվ հայերն այնտեղ վերադառնալու, իրենց գույքը տնօրինելու ու տիրապետելու իրավազորություն ունեն։ Եթե Ադրբեջանն այդ իրավունքը չհարգի եւ չպահպանի, միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները կան։ Կա նաեւ հանգուցալուծված վեճ, մասնավորապես, «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, որտեղ Շահումյանից բռնագաղթած հայերի սեփականության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել եւ պաշտպանել է։ Այնտեղ տեղ գտած դիրքորոշումներն ունեն նախադեպային նշանակություն։

 

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, իսկ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ:

Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է  կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո:

Modern Diplomacy․ Թուրքիան Հայաստանի միջոցով աչք է դրել Իրանի վրա

Գազայում հակամարտության տարածաշրջանայինի վերածվելու նախազգուշացումները չափազանցված են, գրել է Modern Diplomacy-ն։

Սաուդյան Արաբիայի լռությունը ինքնին խլացնող է։ Այդ լռությունը խլացնող է նաեւ Թուրքիայի կողմից։ Այդ լռությանը միացել է Եգիպտոսը։ Չնայած այս տերությունները պաշտոնապես աջակցություն են հայտնել պաղեստինցիներին, նրանք ձեռնպահ են մնացել որեւէ կոնկրետ գործողությունից։ Իրանն ավելի լուրջ խնդիրներ ունի ազգային անվտանգության ոլորտում իր հյուսիսային սահմանին եւ չի կարող թույլ տալ բաց կամ գաղտնի հակամարտություն Միացյալ Նահանգների եւ/կամ Իսրայելի հետ։

Իրանը լուրջ սպառնալիքի է բախվել իր հյուսիսային սահմաններին Կովկասում անկայունության պատճառով։ Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կիսում է Հայաստանը, հյուսիսային Իրանի անջատողական տրամադրությունների հեռանկարը լրջորեն անհանգստացնում է Թեհրանին։

Հյուսիսային Իրանում ապրում է 12-23 մլն ադրբեջանցի, ավելի, քան բուն Ադրբեջանում։

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց եւ օկուպացրեց Լեռնային Ղարաբաղի հայկական մասը։ Ավելի քան 100 000 հայեր փախան Հայաստան։ Ադրբեջանն այժմ  քննարկում է Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ միջանցքի բացումը Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունն է։

Թուրքիան պաշտոնապես աջակցել է Ադրբեջանին 2023թ. սեպտեմբերի պատերազմում։ Դրանից շատ չանցած Էրդողանը Ադրբեջանի նախագահի հետ թռել է Նախիջեւան, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին եւ Իրանին։ Անկարան եւ Բաքուն կուզենային, որ այստեղից սկսվեր Զանգեզուրի միջանցքը։

Նախիջեւանում նրանց հանդիպումից հետո երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրին։

Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, դա Թուրքիայի համար իր ազդեցությունը Իրանի հյուսիսային սահմանին ընդլայնելու հնարավորություն կստեղծի։ Իրանի հյուսիսային մասում ապրում է 13-19 մլն ադրբեջանցի։ Դա այն տարածքն է, որը փորձում էր առանձնանալ Իրանից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բայց այն ժամանակ Իրանը վայելում էր ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այդպես չէ։

Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, նա կընդլայնի իր սահմաններն Իրանի հետ, իսկ եթե ադրբեջանցի բնակչությունն Իրանի հյուսիսում քարոզի իր միությունն Ադրբեջանի հետ եւ առանձնացումն Իրանից, Թուրքիան կստանա իրեն անհրաժեշտ նավթի բոլոր պաշարները։ Նման սցենարը Թուրքիան կդարձնի Արեւմտյան Ասիայի հեգեմոն եւ Սաուդյան Արաբիայի մրցակից Մերձավոր Արեւելքում գերիշխանության համար։

 

Արցախի Ազգային ժողովը շարունակելու է աշխատել, ի՞նչ կա զարմանալու

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Պարոն Գալստյան, տեղեկություն կա, որ Արցախի Ազգային ժողովն առաջիկայում նիստ է գումարելու։ Ի՞նչ մանրամասներ կարող եք մեզ հայտնել։

– Նիստ գումարելն Ազգային ժողովի պարտականությունն է։ Արցախի Ազգային ժողովը շարունակելու է աշխատել, ի՞նչ կա զարմանալու կամ ինչո՞ւ պետք է նիստեր չանենք։ Ազգային ժողովի գործառույթը հենց ԱԺ նիստեր գումարելն ու տարբեր հարցեր քննարկել է։

Խորհրդարանի օրակարգում Արցախի կարգավիճակի հետ կապված եւ այլ քաղաքական հարցեր դրվելո՞ւ են։ Ես նկատի ունեմ՝ բացի հումանիտար հարցերից, ո՞ր հարցերն եք այսօր համարում առաջնահերթ։

-Դեռ ձեւավորված օրակարգ չկա, երբ աշխատանքային խորհրդակցություն կլինի, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այդ խորհրդակցության մասնակիցները, խմբակցության ղեկավարները, հանձնաժողովի նախագահները առաջարկություններ կանեն, եւ օրակարգը կձեւավորվի։

Արցախցիների իրավունքների հարցը միշտ էլ եղել է մեր օրակարգում։ Հումանիտար ու սոցիալական հարցերն ավելի շատ գործադիրի գործառույթն է։ Ազգային ժողովը, իհարկե, պետք է զբաղվի մեր ժողովրդի իրավունքներին տեր կանգնելու հարցերով։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Արցախ վերադառնալու համար։ 

-Դա հենց այդ իրավունքների շրջանակներում է, որը պետք է քննարկվի։ Ես իմ կարծիքը կարող եմ ասել, թե ինչպես եմ դա պատկերացնում։ Պետք է այնպիսի հարթակ ստեղծվի, որտեղ մեր իրավունքների կարգավիճակի հարցերը, թե ինչ կարգավիճակ պետք է լինի, կքննարկվեն։ Բայց վերադարձի հարցն առաջնային է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ վերադառնանք։ Բայց, ցավոք սրտի, դա մեկ-երկու օրվա լուծվելու հարց չէ։ Դա պետք է բանակցությունների միջոցով լինի, պետք է կարողանանք միջազգային հարթակներում մեր իրավունքները պաշտպանել, անվտանգության երաշխիքներ ստանալ, հետո նոր հասարակությանը կոչ անել վերադառնալ։ Այդ թվում՝ առաջինը մենք պետք է վերադառնանք։

-Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի պետական հաստատությունների գործունեությունը Հայաստանում ազգային անվտանգության համար սպառնալիք է։ Ինչպե՞ս կարձագանքենք այս հայտարարություններին։

-Ասում են ասելու համար։ Դրա տակ չկա որեւէ հիմք ու հիմնավորում։ Եվ նրանք, ովքեր այդպես են ասում, նրանք հայեցի մտածելակերպ չունեցող անձինք են։ Արցախի հարցը դա զուտ արցախցիների հարցը չէ, դա համահայկական հարց է։ Եվ ով փորձում է Արցախի հարցը փակել, Արցախի պետական ինստիտուտների լուծարման կողմնակից է, պատմությունը նրանց գնահատականը տալու է։ Նրանք հայտնվելու են պատմության աղբարկղում։

Օգոստոսին մոլորված Ռաշիդ Բեգլարյանին էլ մեղադրեցին “ցեղասպանության” մեջ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) այս տարվա ամռանը գերեվարված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին համարել է իրենց իսկ իրականացրած «Խոջալուի ցեղասպանության» մասնակից։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրությունում ՊԱԾ-ը տեղեկացնում է, որ «ադրբեջանցի ռազմագերիներին եւ այլ անձանց կտտանքների ենթարկելու, ինչպես նաեւ խաղաղության եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործություններ, ռազմական հանցագործություններ կատարելու, հայկական անօրինական ռազմական կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ կասկածվող Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112, 113, 115.2, 279.1 եւ 318.1 հոդվածների մեղադրանքներով»։

Հարցաքննության ժամանակ Ռ.Բեգլարյանը «տեղեկացրել է, որ մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը 1992թ. փետրվարին։ Նրա խոսքով՝ համաձայն Խոջալու քաղաքի քաղաքացիական անձանց դեմ հարձակվելու համար Հայաստանի Զինված ուժերի զինվորականների եւ նրանց հրամանատարության ներքո գործող հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից նախապես կազմված պլանի՝ մնացած ադրբեջանցի բնակիչներին խոստանալով անվտանգ անցում Աղդամի շրջան Ասկերանի շրջանով, նա եւ հայկական զինված կազմավորումների անդամները 1992թ. փետրվարի 22-ին շրջապատել եւ գնդակահարել են մոտ 200 խաղաղ բնակիչների, որոնց մեծ մասը եղել են կանայք, երեխաներ եւ ծերեր։ Զոհվածների անձնական իրերի թալանից հետո զինված կազմավորումների անդամները թաղել են նրանց մարմինները Ասկերանի ամրոցի մոտ։ ՊԱԾ հաղոդագրությունում նշվել է, որ ցուցմունքներ տալու ժամանակ Ռաշիդ Բեգլարյանը մանրամասն պատմել եւ տեղում ցույց է տվել, թե որտեղ են կատարվել հանցավոր գործողությունները քաղաքացիական բնակչության նկատմամբ»։

Հեշտ է պատկերացնել, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայը կարող է տալ ինչ ցուցմունք ասես եւ խոստովանել ինչ ասես։ Երկար ժամանակ թույլ չէին տալիս, որ Բեգլարյանին այցելեն ԿԽՄԿ ներկայացուցիչները, իսկ ներկայացված մեղադրանքի մասին տեղեկությունը հրապարակվել է գերեվարումից ավելի քան կես տարի հետո։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է Բաքվի պահանջը` Ստեփանակերտ գնալ Ակնայով

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բաքվին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով, X-ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բաքվի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։

Ի՞նչ է ուզում Իսրայելը Հայաստանից

Վերջին շաբաթներին Երուսաղեմի հայ համայնքում ահազանգ է հնչել՝ իսրայելական Xana Gardens ընկերության ներկայացուցիչները զինված ուժերի ուղեկցությամբ փորձում են Հայոց պատրիարքարանից խլել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հողատարածքը։ Այս մասին գրում է «Рыбарь» Telegram ալիքը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին կնքվել է վարձակալության պայմանագիր, սակայն հոկտեմբերին Հայոց պատրիարքարանը չեղարկել է գործարքը՝ դրա անօրինականության պատճառով, սակայն իսրայելական կողմը համառորեն փորձում է սկսել աշխատանքը։

«Ամբողջ իրավիճակը հստակ ցույց է տալիս Երուսաղեմի հայ համայնքի անմխիթար վիճակը։ Իզուր չէ, որ Հայոց պատրիարքարանը սկսել է խոսել իր գոյությանը սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի մասին։ Նայելով, թե ինչ է կատարվում Անդրկովկասում, որտեղ հայերը վերջնականապես կորցրել են իրենց սուբյեկտիվությունը Ղարաբաղում իրենց հենահարը հանձնելուց հետո, սա միայն սկիզբն է թվում»,- գրում է «Рыбарь»-ը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մտահոգություն է  հայտնել «Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում լարվածության առնչությամբ։

Mariam Karapetian-ը գրում է. «Զինված հրեա վերաբնակիչները գոռում էին Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներին. «Դուք բոլորդ կմեռնեք»։ Տեղի ունեցածի պատճառն այն է, որ հրեա ազգայնականները ցանկանում են գրավել հայկական թաղամասը, սակայն հայերը չեն հանձնվում։

Երուսաղեմի հայկական թաղամասը առաջացել է մոտ 1-ին դարում (2 հազար տարի առաջ) և ավելի զարգացել հազար տարվա ընթացքում։ 5-րդ դարում Երուսաղեմում կար մոտ 40 հայկական եկեղեցի։ Հայկական թաղամասն իր ամենամեծ բարգավաճմանը հասել է 7-8-րդ դարերում, երբ Երուսաղեմում կար շուրջ 75 հայկական եկեղեցի։ Թաղամասը վերջնականապես ստացել է իր ներկայիս տեսքը 10-11-րդ դարերում։ Հին Երուսաղեմը բաժանված է 4 մասի՝ հայկական (1-11-րդ դդ.), հրեական (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), մահմեդական (7-16-րդ դդ.), քրիստոնեական (4-11-րդ դարեր)։

7-րդ դարում Երուսաղեմի արաբական խալիֆայության մեջ մտնելուց հետո արաբ խալիֆաները, կատարելով Մուհամմեդի պատգամը, ձեռք չեն տվել հայկական թաղամասին։ Նույն պատճառով Սալահաթդինը և հետագա դարերի մյուս մահմեդական նվաճողները նրան ձեռք չեն տվել:

Հայկական թաղամասը վերապրեց Հռոմեական կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, Արաբական խալիֆայությունը, խաչակրաց բոլոր արշավանքները, Օսմանյան կայսրությունը և Բրիտանական մանդատը:

Հնում հայկական թաղամասը ֆինանսավորել և կառուցել են Մեծ Հայքի թագավորները, Հայոց գավառի իշխանները, Հայոց Անիի թագավորության և Կիլիկիայի Հայոց թագավորության թագավորները։

1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Պաղեստինի բրիտանական մանդատը պետք է բաժանվեր երկու պետության՝ հրեական և արաբական։ Միևնույն ժամանակ, Երուսաղեմ քաղաքն ինքը պետք է լիներ առանձին անկախ միավոր, որտեղ մահմեդական թաղամասը (արևելյան Երուսաղեմը) պետք է լիներ Պաղեստինի մայրաքաղաքը, հրեական թաղամասը՝ Իսրայելի տիրապետության տակ, իսկ հայկական և քրիստոնեական թաղամասերը՝ ՄԱԿ-ի միջազգային ուժերի վերահսկողության տակ»:

Այժմ, փաստորեն, Իսրայելը, բացահայտորեն խրախուսվելով ԱՄՆ-ի և լատենտորեն՝ Թուրքիայի, Ռուսաստանի և մնացած մահմեդական աշխարհի կողմից, փորձում է փոխել ՄԱԿ-ի որոշումը և ամբողջությամբ վերցնել Երուսաղեմը իր վերահսկողության տակ։

Արցախում (այժմ՝ ամբողջ Հայաստանում) և Պաղեստինում տեղի ունեցողի զուգահեռները ցույց են տալիս Իսրայելի մտադրությունը թուրքերի և ռուսների հետ միասին արմատախիլ անելու հայկական քաղաքակրթական հետքը Մեծ Մերձավոր Արևելքում։ Անգամ արաբական գարնան ժամանակ ասվում էր, որ գործողության հիմնական նպատակը քրիստոնյաներին Մերձավոր Արևելքից դուրս մղելն է, ընդ որում՝ Արևմուտքի հետ համաձայնությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Թել Ավիվ ժամանելուն պես իր հրեական ծագման մասին խոսելն ամենամեծ սխալն էր Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին, ասել է Էրդողանը։ «Ես եկել եմ այստեղ (Թել Ավիվ) որպես հրեա», – ասել էր Բլինկենը:

Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը, խոսելով հայերին Արցախ վերադարձնելու մտադրության մասին, ասում է, որ նպատակը «Արցախի ժողովրդին վերադարձնել Թալմուդյան Ադրբեջանի տիրապետության տակ, մեզ ստիպելով տեսնել պղծված քրիստոնեական սրբավայրերը, ադրբեջանական բանակի շքերթը Ստեփանակերտում, Բաքվի իշխանությունների ծաղրական հարցերի ներքո, լավ, ինչպե՞ս ձեզ ընդունեցին մայր Հայաստանում»։

Իսրայելը վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի լիակատար աջակցությամբ Ադրբեջանը վերածել է Իրանի և Հայաստանի դեմ ուղղված պլացդարմի։ Ադրբեջանը, չնայած մահմեդական համերաշխությանը և Էրդողանի մասկի-շոուին, չդատապարտեց Իսրայելին Պաղեստինում իր բարբարոսական գործողությունների համար։

Ինչպես գրում է Palitra-ն՝ հայտնելով ադրբեջանական բանակի սպայի ինքնասպանության մասին, մահվան պատճառը Իսրայելն է. «Մեկ ամիս առաջ Ադրբեջանը մի խումբ զինվորականներ ուղարկեց Իսրայել՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար, իսկ այժմ՝ Իսրայելի իշխանությունների խնդրանքով Ալիևը ադրբեջանցիների ևս մեկ խումբ է ուղարկում. Սպաներից մեկն ասաց, որ ինքը չի ցանկանում ծառայել մի ռեժիմի, որը սպանում է խաղաղ բնակիչներին և երեխաներին»։

Օրերս Երեւանում սինագոգի հրկիզման փորձ է արվել։ Ինչպես պարզել են իրավապահները, հանցագործության հեղինակը արտերկրից ժամանել է Երևան և հրկիզումից անմիջապես հետո հեռացել Հայաստանից, իսկ հրկիզման մասին տեղեկությունը տեսագրություններով առաջինը Բաքվի մամուլն է տարածել։

 

Կարինեի պատմությունը․ Մեր տանը երբեք բանալի չէինք օգտագործում

Արցախցի Կարինե Պետրոսովան փորձում է բարձր եկամուտով աշխատանք գտնել Երևանում, որով կկարողանա հոգալ  իր բազմանդամ ընտանիքի առջև ծառացած կենցաղային խնդիրները․« Հայաստանում տուն ունեցող և այն վարձով տվող մեր քույրեր և եղբայրներ, Արցախից բռնի տեղահանված հայը Ֆորբսի էջերից կամ Հոլիվուդից չի եկել․․․ 2020թ. պատերազմից զոռով փրկվածը, 3 տարի թշնամու կրակոցների տակ հող մշակողը, 9 ամիս շրջափակման մեջ գտնվողը չունի ձեր պատկերացրած գումարները։ Արցախցին իր տնտեսած գումարը ստիպված ծախսել է բլոկադայի օրերին՝ 2500 դրամով աղ, 5000 դրամով շաքարավազ, 8000 դրամով ձեթ գնելով։ Արցախցին չունի հնարավորություն 300,000 դրամ վարձելու 2 սենյականոց բնակարան (նկուղ), արցախցին չի կարող իրեն թույլ տալ այն պայմանները, որ առաջարկում են մեր սիրելի «ռիելտորներն» ու «բրոքերները»։ Արցախցին չգիտի՝ որտեղից վերցնի 300 հազար դրամ ամսավճար + 300 հազար դրամ  դեպոզիտ + 150,000 դրամ միջնորդավճար։ Արցախցին չունի կախարդական փայտիկ, որով քարը ոսկի է դարձնում, նա դեռ փորձում է այդ քարից ալյուր ստանալ, որ տուն պահի ու ոտքի կանգնի»։

Կարինե անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումների համբավը տարածվել էր դեռ շրջափակման օրերին: Իր բացառիկ հումորի զգացումը օգնում է կյանքի դժվարին իրավիճակներին մի քիչ թեթև նայել: Այդ էին հուշում նրա ստեղծած ծաղրանկարները՝ համեմված այդ օրերին հատուկ իրադարձություններով:

Այն ժամանակ երջանիկ էին Արցախում, իրենց հայրական օջախում: Հիմա դժվար է պատկերացնում ապագան, անցյալից կառչել է․ «Մեր տանը երբեք բանալի չէինք օգտագործում: «Կենդանի» բանալին տանն էր՝ տատիկը: Նա տանն էր՝ առօրյա գործերով, այգիով, կարով-կարկատանով զբաղված: Դուրս գալու պատրվակներն էին թաղման ծեսերը և ընտրությունները: Տատիկի մահից հետո էլ մենք չէինք մտածում դուռ կողպելու մասին, քանի որ ապրում էինք ամենաապահով պետության, ամենաապահով քաղաքի, ամենաապահով թաղամասում: Երբ անձրև էր գալիս, հարևանը մեր լվացքը հավաքում էր: Բակում եղած ապրանքները բոլորինն էին, և եթե մի բան էր կորչում, գիտեինք, որ հաստատ մեր ծանոթներից չէ վերցնողը: Հիմա հարմարվելու ու սովորելու շատ բան ունենք: Ամենասկզբից պիտի սովորենք դուռը կողպելը, բանալին պահելը, առանց հարևան ապրելը»:

Տեղահանվելուց հետո Հրազդանում էին ապրում՝ 13 հոգով: Հոկտեմբերին եկան Երևան և տուն վարձեցին ու մինչ օրս փորձում են այնպես անել, որ գոնե ինչ-որ բանով նման լինի իրենց փայփայած օջախին: «Մենք այգի ունեինք, որի ծառերից մի քանիսը ես էի տնկել տատիկիս օգնությամբ: Բերքահավաքի ժամանակ առիթը բաց չէի թողնում հարազատներիս մոտ հպարտանալու: Բերք հավաքելը , հարևաններին բաժանելը դրական էմոցիաներ էին տալիս, բայց դրա հետևանքները՝ թափված տերևները, մամաս էր ավլում: Տարվա բոլոր եղանակներին մաման ավելը ձեռքին էր պահում՝ բակը պետք է կատարյալ մաքուր լիներ։ Մեր բակը այնքան էր մաքուր, որ «Դիսքավրի» ալիքը առանց պեղումների 2 դինոզավր է գտել», – կատակում է Կարինեն:

Խոստովանում է, որ օրը մի քանի անգամ ստուգում է եղանակը Ստեփանակերտում և մտովի տեղափոխվում այնտեղ: Այս տարի գազի և էլեկտրականության բացակայությունից և ցուրտ ձմեռվա ակնկալիքով շատերն են հունիս-հուլիս ամիսներին փայտ գնել, վառարան պատվիրել: Կարինեի գնած 8 մետր վառելափայտը խնամքով դասավորել են նկուղում: Ուրախությանը չափ ու սահման չկար՝ ընտանիքն ապահով է ձմեռվա ցրտի դեմ: Հայրենիքում անցկացրած վերջին 7 օրերին այդ վառելափայտով էին ճաշ պատրաստում, ջուր տաքացնում, թեյ խմում: Ով կպատկերացներ, որ ստիպված կլինեին բռնագաղթել, ուրիշի ցուրտ տանը նստել և կոմունալ աջակցության դիմումներ լրացնել:

Անցած օրերի քաղցր հիշողությունները տանում են երազանքների գիրկը․« Թարմ թեյը մեր ընտանիքի ամենագլխավոր ըմպելիքն էր: Մենք չէինք վստահում էն միանգամյան օգտագործման թեյերին: Մենք ամեն տեսակի խոտաբույսերով անուշահոտ թեյեր էինք պատրաստում: Թեյի շուրջ զրույցներն ամենաքաղցրն էին, ամենապարզը, ամենահամովը: Թեյի մրցույթում ես առաջին տեղը կզբաղեցնեի, իսկ շրջափակումը սովորեցրել էր այն խմել «քաղցր հիշոցություններով»: Միգուցե մի օր կգա, երբ սովորականի նման գործից հետո կզանգեմ մամայիս ու կասեմ․

– Մա՜մ, կյամ տոն, չայ քցի…»

Տաթև Ազիզյան

Դատարկվել է մեր հայրենիքի մի հատվածը, իսկ մեզանում ուրախանում են, որ այսինչ պետությունը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։

Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողություններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։

Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն»։

Ուղտասար. տան հիշողություններն ու Արցախ վերադառնալու մտքերը պատռում են հոգին

Արցախի Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղը 44-օրյա պատերազմի արդյունքում դարձել է օկուպացված տարածք։ Բնակիչները հեռացել են գյուղից, մի մասը մնացել է Արցախում, մի մասը տեղափոխվել է Հայաստան։

Նալբանդյանների ընտանիքը հաստատվել է Ասկերան քաղաքում և սկսել նոր տնտեսություն ստեղծել՝ հող մշակել, այգիներ հիմնել։ Բայց 2023 թվականի պատերազմը ստիպեց նրանց լքել Արցախը՝ նետելով Հայաստանի Հրազդան քաղաք։

Ըստ տիկին Բելլայի՝ Հրազդանում բնակարանների վարձավճարներն ավելի ցածր են Երևանին մոտ գտնվող այլ բնակավայրերի համեմատ։ «Մենք մեծ տուն, մեծ տնտեսություն ենք թողել։ Սեպտեմբերի 19-ին պատերազմի առաջին զոհերը Ասկերանի շրջանի համայնքներից էին։ Մարդիկ հազիվ են կարողացել փախչել։ Բազմաթիվ քաղաքացիական զոհեր եղան։ Մենք, ինչպես բոլորը, կարողացանք վերցնել միայն փաստաթղթերը, այն էլ այն պատճառով, որ դրանք բոլորը մեկ տեղում էին։ Ես վերցրեցի ու նստեցի մեքենան»։

Նա կիսվեց, որ ներքին տեղահանվածներն ունեն երկու կարևոր խնդիր. «Դա բնակարանի և զբաղվածության խնդիրն  է: Եթե ​​անգամ վարձերը իջեցնեն, բայց աշխատանք չլինի, մարդիկ, միեւնույն է, անօթեւան են մնալու։ Ուստի մեզ անհրաժեշտ են ճկուն ծրագրեր, որոնք թույլ կտան բնակարան ձեռք բերել։ Ֆինանսական աջակցությունը, իհարկե, լավ է, բայց ժամանակավոր է եւ զբաղվածության խնդիր չի լուծում»։

Տիկին Բելլան վերջերս սկսեց իր սեփական բիզնեսը։ Նա զբաղվում է պահածոներով և տնային խոհարարությամբ: Այս ամենը կինը վաճառքի է հանում տարբեր հարթակներում։

«Երբ հայտնվեցի Հրազդանում, նայեցի շուրջս, մտածեցի և որոշեցի, որ ոչ թե պետք է հուսահատվեմ, այլ ինչ-որ բան անեմ։ Ի վերջո, ես կին եմ չէ՞: Սկսեցի պատրաստել տնական պահածոներ։ Մարդկանց դուր եկավ և գնեցին: Տրամադրությունս լավացավ, ընտանիքում լարվածությունը թուլացավ։ Տղամարդիկ հավաքեցին և սկսեցին ավելի վստահ փնտրել ստեղծված իրավիճակից ելքեր ու ձեռնարկատիրական տարբերակներ»։

Կինը խոստովանեց, որ հանգստի պահերին դեռ ի հայտ են գալիս տան հիշողությունները, այգու տեսարանները ու Արցախ վերադառնալու երազանքները, որոնք անտանելի են ու պատռում են հոգին։ «Եվ որպեսզի ընտանիքը հավաքվի մեկ հարկի տակ։ Պատերազմի ու տեղահանության պատճառով բոլոր հարազատները ցրված են Հայաստանի տարբեր վայրերում։ Սա սխալ է»,- ասում է Բելլա Նալբանդյանը։

Ալվարդ Գրիգորյան