Արցախի փաստաբանների պալատի կողմից՝ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ իրավաբանների ակադեմիայի աջակցությամբ ստեղծված խումբը սկսել է աշխատել Արցախից հարկադիր վտարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն բաղկացած է տարբեր ոլորտների, ինչպես նաև միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներից։
Խումբը կքննարկի ներքին տեղահանվածներին հուզող հարցերը և դրանք ուսումնասիրելուց հետո կներկայացնի այս խնդիրների իրավական լուծումները։
Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանն ասաց, որ արցախցիների դիմումներն ընդունվում են գրավոր՝ Երևան, Զաքյան փողոց, 7-2 հասցեով։
«Դրանք հիմնականում վերաբերում են գրանցման, քաղաքացիության, փախստականի կարգավիճակի, կենսաթոշակների, հետագա փոխհատուցման և այլ հարցերին: Գրեթե յուրաքանչյուր նամակում ուրվագծվում է խնդիր, և դրանց լուծումները կախված են Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից։ Մեր նորաստեղծ խումբն ուսումնասիրում է կառավարության որոշումները, և արցախահայության համար ռիսկերի կամ անբարենպաստ պայմանների դեպքում մենք անպայման տեղյակ կպահենք մեր հայրենակիցներին և խորհրդատվություն կներկայացնենք ՀՀ կառավարությանը՝ վերացնել այդ ռիսկերը, որպեսզի նրանք կարողանան նոր որոշում կայացնել։
Սակայն այսօր մենք դեռ հավաքում ենք արցախցիներին հուզող հարցեր, թեև չենք կարող հստակ պատասխանել, քանի որ վստահ չենք, և դեռ ուսումնասիրում ենք ռիսկերը։ Օրինակ՝ գրանցման կամ ժամանակավոր փախստականի կարգավիճակ ստանալու հարցում»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: