«Դեկտեմբերի 1-ը Սովետական միության բռնապետության ու դիկտատուրայի տարիներին շատ լուրջ ժողովրդավարական քայլ էր։ Այսինքն՝ Սովետական միության տարածքում առաջին անգամ որեւէ հանրապետություն եւ որեւէ վարչական միավոր համարձակվեց ինքնուրույն որոշում ընդունել, որի հետ Մոսկվան համաձայն չէր. Հայաստանն ու Արցախը վերամիավորվեցին»։ Այս մասին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Հայաստանի իշխանությունները կարծես թե պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ չեն։ Այսօր ոչ թե պետք է այստեղ միջոցառում կազմակերպվեր, ՀՀ առաջին դեմքերը պիտի հրավիրեին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին եւ ասեին՝ դուք մեր քաղաքակրթության բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն եք համարում, տեսեք՝ Սովետական միության տարիներին ինչ գեղեցիկ ժողովրդավարական քայլ է արվել։ Եվ ի հակադրություն այդ ժողովրդավարական քայլի կատարված որեւէ գործողություն ցեղասպանություն է։ Այն ժամանակ դա ինքնորոշման գործողություն էր. ներկայացուցչական մարմնի միջոցով Արցախն ու Հայաստանը միասին ինքնորոշվեցին, որ դառնում են մեկ պետություն։ Դրա հակադրվող բոլորը՝ Արեւմուտքից կլինեն, թե Արեւելքից, նրանք բոլորը ցեղասպանություն իրականացնողներ են», – հայտարարեց Հայրիկյանը։
Ըստ նրա՝ Արցախի հետ տեղի ունեցածը չգիտես ինչու կոչում են «էթնիկական զտում»։ «Բայց բազմաթիվ մասնագետներ հայտարարել են՝ միջազգային իրավունքում «էթնիկական զտում» եզրույթ չկա, կա «ցեղասպանություն»։ Ազգային պատկանելության հիման վրա տեղի ունեցող նույնիսկ էթնիկ զտումը դա ցեղասպանություն է։ Մենք չպետք է տրվենք իրավիճակի թելադրանքներին, մենք չպետք է ճիշտ համարենք վախվորածությամբ ընդունվող որոշումներն ու դիրքորոշումները։ Այսօր բարձրագույն նպատակ են հայտարարել Հայաստանի անկախության պահպանումը։ Այ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին ընդհանրապես խոսես։ Անկախության համար պայքարողները հասցրել են քեզ այս հանգրվանին, որ Հայաստանը դառնա միջազգային իրավունքի ենթակա։ Դու միջազգային իրավունքի ենթակա պետությունը դարձրիր խամաճիկ, բռնապետ Ալիեւի կամակատար։ Երբեւէ դուք լսե՞լ եք, որ նա որեւէ ամբիոնից ասի՝ դուք առաջարկում եք, որ ես բռնապետի հետ խաղաղության պայմանագի՞ր կնքեմ։ Ինչեւէ, ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ 1988 թվականի փետրվարի 20-ի արցախյան հատվածի ինքնորոշման որոշումից 1.5 տարի հետո նաեւ մակարդակ դրսեւորեցին եւ եւս մեկ անգամ հայ ժողովրդի ինքնորոշման գործողություն իրականացրին»,- ասաց Հայրիկյանը՝ կոչ անելով շարունակել պայքարը՝ հանգրվանին հասնելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: