Արցախի նախկին բնակչուհի Արևիկ Փիրումյանը Երևան տեղափոխվելուց հետո էլ առնչվել է բարդ որոշումներ կայացնելու խնդրի հետ: Այս անգամ խնդիրը շունն է՝ Ալֆան, որին տանտերը չի թույլատրում պահել վարձով տանը: Ալֆան Արևիկի համար հասարակ շուն չէ արդեն, այլ ամեն տեսակ արհավիրքները ընտանիքի հետ կիսած ընտանիքի անդամ: Շունը բավականին խելոք է, խնամված և նոր հարևանների հավաստմամբ չի հաչում, ոչ մեկի անդորրը չի խանգարում: Արցախից տեղահանվելու օրը Արևիկի ամուսինը, ավագ որդին ու Ալֆան ավտոբուսով են տեղափոխվել Երևան: Ուղևորների մի մասը դժգոհ էր, բայց խնդրեցին, որ հարմարվեն:
Հետադարձ հայացք նետելով իրենց անցած ճանապարհին՝ Արևիկը շրջափակման օրերն է հիշում․«Սկզբից ծիծաղում էինք, քանի որ ամեն ինչ կար: Հետո սննդի պակասը, ցուրտը, տրանսպորտի բացակայությունը վատ անդրադարձավ մեր կյանքի վրա: Ինձ ուժ էր տալիս մտերիմներիս սերը, համախմբվածությունը: Չեմ մոռանա այն դեպքը, երբ վերջին շաքարավազը գտնելով նախընտրել են ինձ տալ ․․․Չնայած բոլորիս կրած տառապանքներին՝ ես ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ Արցախը հետ մեզ տա, մենք գնանք մեր տուն․․․»
Սեպտեմբերի 19-ին բախտի բերմամբ Արևիկը երեխաների հետ տանն էր, իջել էին առաջին հարկ, որ տեսնեն, թե ինչպես է ավագ դուստրը դասավորել իր սենյակը: Այդ պահին էլ սկսվեց ռմբակոծությունը և հաջորդ մի քանի ժամերին իրար գրկած լացում էին՝ անզոր լինելով որևէ բան անել: Մի քանի ժամից ամուսինը զանգում է և հորդորում նկուղ իջնել: «Այնտեղ փոշի, մութ, լաց ու կոծ էր․․․ Երեխաներս տեղ չունեին նստելու: Դուրս էին գալիս և օգնում շենքի բնակիչներին: 12-րդ դասարանի շրջանավարտ տղաս փաստաթղթերի հետևից դպրոց էր գնացել, բայց պարզվեց, որ բոլորը վառել էին», – վերհիշում է Արևիկը:
Հայրենիքին հրաժեշտ տալիս վերցրել են մեկական ուսապարկ, Աստվածաշունչը, Արցախի դրոշը․․․Մեքենայում տեղ չկար: Ամբողջ ճանապարհը Արևիկը հոգ էր տանում զառամյալ տատիկի համար՝ ձեռքը պահելով զարկերակի վրա: Կինն անընդհատ մրսում էր ՝ չնայած եղանակը լավ էր: Մտահոգություններից մեկն էլ այն էր, որ դուստրն ուրիշ մեքենայի մեջ էր, որի արգելակները չէին աշխատում: Արևիկի խոսքով՝ այն իրենց Դեր Զորի ճանապարհն էր․․․ 3-4 օրյա տեղահանության ընթացքում նրանք ականատես են եղել մեծահասակների մահվան և երեխաների ծննդյան դեպքերի:
Գորիս հասնելուն պես որոշեցին Ալֆային ժամանակավոր հանձնել կինոլոգիական կենտրոն: 6 օրից հետո եկան տեսակցության, բայց Ալֆան փախել էր կենտրոնից․․․
«20 օր 5 հոգով մի սենյականոց ահավոր պայմաններով տան ապրելուց հետո որոշեցինք տուն վարձել և արագ տեղափոխվեցինք: Ալֆային փնտրում էինք, կենդանասեր մարդիկ էին միացել որոնողական աշխատանքներին, բայց ես մտածում էի, որ մեծ քաղաքում այլևս չի գտնվի․․․Գտնելուց հետո մեր ուրախությանը չափ չկար, միայն թե ստիպված ենք նոր տուն փնտրել մինչև դեկտեմբերի 8: Շատ կուզեի, որ գտնվեր Արաբկիր թաղամասում: Երեխաներս այստեղ երկու անգամ դպրոց են փոխել, 3-րդ անգամ նրանք չեն դիմանա»,- խոստովանում է Արևիկը:
Իր նախկին տնօրենության շնորհիվ Երևանում արդեն աշխատանք է գտել՝ անգլերեն է դասավանդում: Հույս ունի, որ շուտով նոր տուն են վարձելու և Ալֆային այլեւս մենակ չեն թողնելու:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: