Որտեղ են արցախցիների դատական գործերը եւ կալանավորները

  • 22:19 04.12.2023

Հայտնի չէ, թե Արցախի դատարաններում գտնվող քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերը Հայաստանում որ դատարաններն են քննելու, կամ ընդհանրապես այդ գործերը տեղափոխվելու են Հայաստան, թե՞ ոչ։ Ի պատասխան step1.am-ի հարցի՝ Բարձրագույն դատական խորհրդից ասացին. «Մենք տիրապետում ենք բոլոր այն գործերին, որոնք հայաստանյան դատարանների իրավասության ներքո են»։ Ավելին, մեր տեղեկություններով՝ անգամ չի էլ քննարկվում այդ գործերը ՀՀ դատարաններ տեղափոխելու հարցը։

Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի դատարաններ մուտք արված հայցադիմումները՝ իրենց կից փաստաթղթերով, չեն պահպանվել։ «Փաստորեն ստացվում է մի այնպիսի իրավիճակ, որ դատական գործերն ամբողջությամբ մնացել են Արցախի Հանրապետությունում։ Այսինքն՝ այս պահին ըստ էության գոյություն չունեն։ Բացի դրանից, Արցախի Հանրապետության առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Գերագույն դատարանները լուծարվել են»,- ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ հնարավոր կլիներ այդ գործերը հայաստանյան դատարաններում քննել, եթե դրանք էլեկտրոնային տարբերակով պահպանված լինեին, ինչը չի արվել։ «Այնպիսի իրավիճակ է, որ այս պահին հաշվեք այդ գործերը գոյություն չունեն»,- հավելեց նա։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է որոշ գործերով արցախցիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Հայաստանում, Դավիթ Հովաննիսյանը պատասխանեց․ «Ո՛չ, հնարավոր չէ, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ՀՀ օրենսդրությունը գործում է ՀՀ տարածքում։ Իսկ ինքներս գիտենք, որ Արցախն այդպիսին չի հռչակվել»։

Ինչ վերաբերում է Արցախի բանտերում գտնվող քաղաքացիներին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վերջերս Ազգային ժողովում ասել էր, որ սեպտեմբերի վերջի իրադարձությունների ժամանակ Արցախի բանտերից ազատ էր արձակվել ու Հայաստան էր եկել 11 անձ։ ՆԳ նախարարը նշել էր, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ «Սպանության գործով մեկը կար, որն այնտեղ ձերբակալված կամ կալանավորված էր, Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք։ Մոտ 11 անձ են, որոնք ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք։ Ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, նրանցով զբաղվում է ԱԱԾ-ն, որոշ անձանցով էլ զբաղվում է ոստիկանությունը»,- ասել էր Վահե Ղազարյանը։