Lragir. Մոսկվան 20 հազար արցախցի է փնտրում․ հայերի վերադարձի միակ իրական պայմանը

  • 12:35 05.12.2023

Lragir

Դեկտեմբերի 2-ին Երեւանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ նիստը, որի ժամանակ որոշվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորել, որը, ըստ հրապարակումների, միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու եւ Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Իր վերջին հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ասել էր, թե արցախցիների վերադարձի հարցում, իր կարծիքով, ազդակներ կան Արեւմուտքից եւ Ռուսաստանից։

Նման ազդակներ պարբերաբար հնչում են ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ռուսաստանից, համեմված փոխադարձ մեղադրանքներով։ ՌԴ-ն մեղադրում է Արեւմուտքին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու եւ Ռուսաստանին դուրս մղելու փորձերի համար, Արցախում շարունակելով պահել իր ծաղրանկարային ռազմական ներկայությունը։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ավելի առարկայական մեղադրանքներ են ներկայացնում ՌԴ-ին՝ ստելու, հայերի, Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու համար, ակնարկելով, թե ՌԴ-ն նման պարտավորություն է ստանձնել իրենց առջեւ ու ստել է, առաջնորդելով Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ռազմական ներխուժումները։

Հասկանալի է, որ սեպտեմբերի 17-ին Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացման հարցում ԱՄՆ-ՌԴ-ԵՄ կոնսենսուսի մասնակիցների փորացավը արցախցիների վերադարձը չէ։ Այս հարցի շուրջ պարբերաբար բռնկվող իրարանցման պատճառն այն է, որ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան բազմակողմ գործարքն «այն ընթացքը չի ստացել», շնորհիվ Արցախի հայ բնակչության միակամ տարհանումի։

Հայերը հենց այնպես չպետք է հեռանային Արցախից՝ գետնի վրա կոնսենսուսի երաշխավոր Մոսկվայի առաջնորդությամբ ծրագրված էին ջարդեր բազմահազար զոհերով, որից հետո Արցախում պետք է մնար «ինտեգրված» որոշակի քանակության բնակչություն՝ որպես Արցախի ցեղասպանության կազմակերպիչների մեղքերի թողություն, ռուսական նոր փրկչության վկայություն եւ միաժամանակ որպես պատանդ՝ Հայաստանի պետականության կազմաքանդման գործընթացում։

Պատահական չէ, որ Մոսկվան հայտարարում է, թե «տեղեկություններ ունեն, որ ղարաբաղցիների մի մասը ցանկանում է վերադառնալ (Զախարովա), «Ղարաբաղից դուրս եկածներից ոմանք ինչ-որ փուլում կարող են որոշում կայացնել վերադառնալ» (Գալուզին), եւ պատրաստ են երաշխավորել նրանց անվտանգությունը։ Իր հերթին, Արցախի խորհրդարանի նիստում կայացված որոշումը լայնորեն լուսաբանվում է Կրեմլի եւ ՌԴ հատուկ ծառայությունների ուղիղ ենթակայությամբ գործող ալիքներում, կենտրոնանալով հենց վերադարձի եւ բնականաբար՝ նրանց Բաքվին ինտեգրելու հարցի վրա։

Մոսկվան տեղեկություններ է տարածում, թե «Հայաստանում փնտրում են մարդու, որի ղեկավարությամբ 20 հազար արցախցիների կվերադարձնեն»։ Չի բացառվում, որ այս ծրագրերի իրականացման համար ռուսներն օգտագործեն նաեւ իրենց կողմից Բաքվին հանձնված Արցախի նախկին ու ներկա ղեկավարությանը։ Չի բացառվում նաեւ, որ Մոսկվան փորձի «վերադարձնել» Ռուսաստան արտագաղթած արցախցիներին, որոնց թիվը մոտ 20 հազար է։

Արցախում մոտ 20 հազար «ինտեգրված» հայ բնակչության առկայությունը ստամբուլյան գաղտնաժողովի մասնակիցների համար հրաշալի նյութ է ցեղասպան ծրագրերը «լեգիտիմացնելու», հանցանքը կոծկելու եւ Արցախի բնիկ մեծամասնության արտաքսումը որպես կամավոր ելք ներկայացնելու համար։ Վերջում «վերադարձածներին» կկոտորեն՝ ռուսական հերթական կեղտոտ ատմազկաների ելևէջների ներքո։

Հայերը վերադառնալու են՝ ռուս-ազերբայդժանական օկուպացիոն զորքը Արցախի սահմանադրական տարածքից վռնդելու եւ Արցախի սահմանադրական տարածքում միասնական հայկական իրավազորությունը լիարժեք վերականգնելու դեպքում։

«Միջազգային ամուր երաշխիքները» եւ նման լոլոները քննարկեք որքան ուզում եք։ Արցախցիների յուրահատուկ վրեժը պետք է դառնա սկիզբը՝ մեր կողմից կոնսենսուսի վերացում եւ Առաջավոր Ասիայում ու Մերձկասպյան Արեւմուտքում խաղաղության թշնամիների տոտալ ոչնչացում նախատեսող գործողությունների համար։