Թագուհի Թովմասյանի՝ արցախցիների բնակարանային խնդրի լուծման առաջարկը մերժվեց

  • 13:32 06.12.2023

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը՝ 2024 թվականի բյուջեի նախագծում ներառելու բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդրի լուծման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։

«Ես ներկայացրել էի բյուջեի մեջ ներգրավելու առաջարկ, եւ այդ առաջարկն ուներ բավական տեսանելի լուծում։ Ես առաջարկում էի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ֆունդամենտալ լուծել բնակարանային խնդիրը։ Քանի որ 2020 թվականից մենք ունենք դեռեւս 20 հազար արցախահայեր, որոնք եկել են Հայաստան, բայց մինչ այսօր նրանց մեծ մասը չունեն բնակարաններ, ես այդ օրինակն ունենալով՝ առաջարկեցի հետեւյալը։ Ամեն տարի ՀՀ-ն Արցախ է ուղարկել կոնկրետ դրամական միջոցներ։ Պիտի համարենք, որ մենք շարունակում են արցախահայերին օգնել այդ միջոցներով, բայց քանի որ ցավոք սրտի Արցախի Հանրապետությունը հանձնված է, այդ միջոցները պետք է տրամադրվեն արցախահայերի բնակարանային հարցերը լուծելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ 2022 թվականին 144 մլրդ դրամ է Հայաստանը հատկացրել Արցախին, 2023 թվականին՝ 136 մլրդ դրամ։ «Բնակարան ձեռք բերելու համար ես առաջարկում էի յուրաքանչյուր ընտանիքի տալ 20 մլն դրամ, բայց պայմանով, որ դրանք պետք է  գնվեն կամ կառուցվեն մարզերում, որպեսզի մարզերը համաչափ զարգանան։ Սակայն մերժեցին»,- ասաց նա։ Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր առաջարկի մերժումը հիմնավորել են հետեւյալ կերպ․ «Ասում են՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության մի շարք ծրագրեր այս պահին քննարկվում են կառավարությունում։ Դրանք առավել արդյունավետ եւ նպատակային կիրառելու համար կարծում ենք՝ նախ եւ առաջ պետք է կատարել կարիքների գնահատում»։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ այսինքն՝ կառավարությունը մինչեւ հիմա կարիքների գնահատում դեռ չի իրականացրել, բայց աշխարհի առաջ հայտարարում է, թե արցախցիների խնդիրները լավագույնս լուծվում են։

Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված արցախցիներից վերջին երկու տարիների ընթացքում բնակարան է կարողացել ձեռք բերել ընդամենը 1735-ը։ Սա, ըստ պատգամավորի, ողբերգական թիվ է։ Եթե այդ մարդիկ արտագաղթեն, եւս ողբերգություն կլինի։ Թովմասյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո, պաշտոնական թվերով, Հայաստանից արդեն արտագաղթել է մոտ 3000 բռնի տեղահանված արցախցի։ Ոչ պաշտոնական թվերն ավելի մեծ կլինեն։ Այս իրավիճակն է, քանի որ, նրա խոսքով, պետական հստակ քաղաքականություն կա, որ արցախցիները չմնան Հայաստանում։ «Եթե դուք ուզում եք, որ արցախցին ապրի Հայաստանում, երկու հարց պիտի լուծես՝ բնակարան եւ աշխատանք։ Այս երկու հարցերում էլ մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Ես ամենօրյա ռեժիմով հանդիպում եմ արցախցիների հետ, մարդիկ ասում են՝ եթե ուզում ենք մշտական աշխատանք ունենալ, մեզ փափուկ ուժի կիրառմամբ ասում են՝ Հայաստանի քաղաքացի դարձեք, որ ձեզ կարողանանք աշխատանք տալ։ Այսինքն՝ այն փոքրիկ արժեքը, հիշողությունը, որը մնացել է արցախցիների մոտ, դա Արցախի անձնագիրն է, իշխանությունը փափուկ ուժի կիրառմամբ ստիպում է, որպեսզի արցախցիները հրաժարվեն այդ անձնագրից։ Սա նշանակում է, որ այն բոլոր լոզունգերը, խոսույթները, որոնք տարածվում են, թե արցախահայերի համար ամեն ինչ արվում է Հայաստանում, ձեւական են, չկա այդպիսի բան։ Կոնկրետ իմ առաջարկը մերժելը նշանակում է, որ՝ մենք չենք լուծելու այդ հարցը»,- ասաց Թովմասյանը։

Նա հայտարարեց․ «Այս մերժումը ես համարում եմ հստակ քաղաքական վերաբերմունք, այն է՝ արցախահայերին չեն ուզում ապահովել բնակարաններով, որպեսզի հիմնական բնակություն չհաստատեն Հայաստանում։ Իմ առաջարկի հիման վրա հնարավորություն կա մի քանի տարվա ընթացքում ֆունդամենտալ լուծել արցախահայերի բնակարանային խնդիրը, բայց չի արվում»։