Փաշինյանը Սեյրան Օհանյանին․ մենք պատասխանատու ենք միայն ՀՀ-ի համար, Ղարաբաղը ո՞րն է

  • 18:16 06.12.2023

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Ցավով պետք է արձանագրենք, որ մենք եւ մեր պետականությունն ապրում ենք դարի ամենածանր նվաստացուցիչ պահը։ Այս իշխանության գործունեության, ավելի ճիշտ՝ անգործության արդյունքում չորրորդ ողբերգալի տարին ենք եզրափակում՝ առանց Արցախի, ընդ որում՝ ամբողջությամբ հայաթափված։ Այնինչ, ձեր բոլոր ծրագրերում Արցախի ինքնորոշումը, անվտանգության երաշխավորումը կարմիր թելի պես էր անցնում։ Թեեւ միեւնույն ժամանակ խուսափում էիք Արցախի Հանրապետություն բառից, նաեւ ինքնորոշման փաստից։

Միայն մեկ մեջբերում Ազգային անվտանգության ռազմավարությունից․ «Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում․ Հայաստանի հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։ Դուք անտարբեր եղաք Ադրբեջանի անօրեն, իբրեւ թե հակաահաբեկչական գործողությունների ժամանակ՝ նույնիսկ ասելով, որ Արցախի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Արդյունքում՝ ըստ էության Արցախը հայաթափվեց, եւ Ադրբեջանն Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ ցեղասպանություն իրականացրեց։ Հիմա հարց՝ որ մարտավարական առումով հիմա սոցիալական, հումանիտար խնդիրներ են իրականացվում, դա ակնհայտ է, բայց ավելի կարեւոր է, որ մենք հասկանանք՝ ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր՝ «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում։ Ի՞նչ կապեր ունեք Արցախի ղեկավարության հետ, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում, եւ ի՞նչ է արվում՝ գերիներին վերադարձնելու, հատկապես, ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու եւ դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու ուղղությամբ, որովհետեւ նրանք ահաբեկիչներ չեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին։ «Մեր ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունն ամրապնդելը։ Որոշ ուժերի կողմից երկար տարիների Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործվել է մեկ նպատակի համար, որպեսզի Հայաստանում պետություն չկայանա։ Եվ այդ համոզմունքն ինձ համար գնալով ավելի է խորանում։ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո ըստ էության Լեռնային Ղարաբաղի հարց չի եղել, մենք չենք առնչվել այդ իրականության հետ»,- ասաց Փաշինյանը։ Ինքնորոշման իրավունքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ հիշեցնել Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթուղթը, նախագահողի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ  Արցախի հակամարտությունը չի ավարտվել Ադրբեջանի հանցավոր գործունեության արդյունքում։ Այդ հակամարտությունն ավելի է խորացել, եւ Ադրբեջանը միջազգային հարթակում դրա համար պետք է պատասխան տա եւ պատժվի։ «Մեր պետության գործունեությունը պետք է ուղղված լինի դրան։ Դրա համար սուբյեկտայնությունը եւ ինստիտուտների պահպանումն անհրաժեշտություն է՝ իհարկե, առանձնակի նշելով Արցախի ժողովրդի ճակատագրի եւ հետ վերադարձի հարցը։ Իսկ այդ իրականության մեջ բանակցություններն այլընտրանք չունեն։ Դուք նորից հարցին չպատասխանելով՝ փորձում եք մանիպուլացնել։ Արցախն ու Հայաստանն ինտեգրված մի կուռ կառույց են եղել, եւ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել։  Ինչ էլ ուզում եք ասեք, միեւնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները ընդհատվել են, որովհետեւ դուք իրարամերժ հայտարարություններ ու գործողություններ եք արել։ Եվ այսօր նորից ոչ մի քայլ չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե այդ ուղղությամբ բանակցելու ուղղությամբ»,- հավելեց Օհանյանը։

«Որպես ՀՀ վարչապետ՝ իմ խնդիրը Հայաստանի ապագան է։ Եվ ՀՀ Սահմանադրությունը ինձ տալիս է լիազորություն ՀՀ ապագայի վերաբերյալ։ Եվ ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա։ Ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին անտարբեր մնացինք, կան նաեւ դիտարկումներ, թե մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ երախտամոռություն։ Ուրիշ բառ չեմ կարող գտնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին՝ Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք։