Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ երեկվա հայտարարությանը։
«Պարոն Սեյրան Օհանյանը, երբ երեկ հարց էր տալիս Արցախին մենակ թողնելու վերաբերյալ, այս մարդն ասաց հետեւյալը՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցում անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն։ Սա եւս այս մարդու տեսակը, բնույթը ճշգրիտ բնորոշող բառ է՝ երախտամոռություն։ Այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է։ Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակն այսօր բոլորդ գիտեք»,- նշեց Աղվան Վարդանյանը։
Նա հիշեցրեց Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունները։ «Ասել էր՝ ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գլխավոր հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար։ Ուշադիր լսեք այս խոսքը՝ «Արցախի անվտանգության երաշխավորը» եւ համեմատեք այսօրվա վիճակի հետ։ Տեսեք այս մարդու հետագիծը, նախկին իր բոլոր հայտարարությունները եւ այսօրվա 180 աստիճան հակառակը եւ նաեւ հասկացեք, որ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է։ Երկու վախ՝ վախկոտ մարդու սովորական վախերը եւ այսօր արդեն իշխանությունը կորցնելու վախը»,- հավելեց Վարդանյանը։