Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում

  • 14:40 07.12.2023

Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին պատարագով. դեկտեմբերի 7-ին թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 1988  թվականի ավերիչ երկրաշարժից 35  տարի անց, Գյումրիում, առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Սբ Ամենափրկիչ եկեղեցում`  ձեռամբ պատարագիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն ավագ քահանա Սիմոնյանի։

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով  եկեղեցին մասամբ ավերվել էր:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին նախ հանգանակություններով՝ 1998 թվականին, ապա շարունակվել «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով:  Հաջորդող տարիներին եկեղեցու վերականգնման նպատակով պետբյուջեից հատկացվել է 70 մլն դրամ։ Դրանից հետո եկեղեցու վերակառուցումն ամբողջացնելու համար Գյումրիի նախկին քաղաքապետի  ընտանիքի բարերարությամբ իրականացվել են մնացած վերականգնողական աշխատանքները։

f