Բոլոր փաստաթղթերը հօգուտ Հայաստանի են, առ այն, որ Արցախը մշտապես Հայաստանի կազմի մեջ է եղել

  • 14:15 08.12.2023

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, արցախցիների գույքի գույքագրման ուղղությամբ ի՞նչ աշխատանք պետք է տարվի եւ ի՞նչ իրավական հնարավորություններ կան։ Ես նկատի ունեմ եւ անհատների գույքը, եւ կոլեկտիվ։

-Կարծում եմ, որ այդ հարցով Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի միջազգային դատարան։ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, չի կարող միջազգային դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանել։ Այդպիսի իրավունքով օժտված է Հայաստանը եւ Հայաստանը պետք է հայց ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ քննարկման առարկա դարձնելու գույքի փոխհատուցման հարցը։ Եվ ոչ միայն այդ հարցը։ Ակնհայտ է, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ պետք է հասնել նրան, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի այն պաշտոնատար անձինք, ովքեր Արցախի Հանրապետությունում ցեղասպանական գործողություններ են իրականացրել։

Բայց կարծես թե այս հարցը դիտավորյալ հետին պլան է մղվում, ինչո՞ւ։

-Ես կարծում եմ, որ անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվում այդ ուղղությամբ։ Հստակ տեղեկություններ չունեմ, այդ հարցը կարող է նաեւ գաղտնի ռեժիմ ունենալ։ Բայց ցանկալի է, որ այդ ուղղությամբ շատ արագ տեմպերով աշխատանք տարվի։ Տեղի է ունեցել ցեղասպանություն, որը զուգորդված է եղել մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններով։ Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հիմքում ընկած են մի քանի պարամետրեր, որոնց թվում նաեւ ռազմական հանցագործություններն են։

-Հնարավորություններ տեսնո՞ւմ եք, որ միջազգային դատական ատյաններում կարող են պատիժներ սահմանվել Արցախում տեղի ունեցած այս հանցագործությունների դեպքերով։

-Իհարկե, դա ակնհայտ է, որեւէ կասկած չկա, որ ցեղասպանություն է իրականացվել արցախցիների նկատմամբ։ Ընդհանրապես կասկածելի որեւէ բան չկա, ընդհակառակը, բոլոր հիմքերը կան՝ Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Թե ի՞նչ են մտածում Արցախի իշխանությունները, ինչո՞ւ չեն միջնորդում Հայաստանի իշխանություններին, որպեսզի այդ գործընթացն իրականացվի, չգիտեմ, չեմ կարողանում պատասխանել այդ հարցին։

-Արցախացիների վերադարձի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։

-Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիա գոյություն ունի, Հայաստանի Հանրապետության «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը հիմնված է հենց այս կոնվենցիոն դրույթների վրա, որտեղ կա նաեւ վերադարձելիության սկզբունք։ Իսկ այդ վերադարձելիության սկզբունքը տվյալ տարածքից բռնի տեղահանվածներին է վերաբերում։ Հիմա հարց է առաջացնում՝ արդյոք Արցախի իշխանությունների կողմի՞ց են էթնիկական ու քաղաքական հետապնդումներ իրականացվել, որպեսզի վերադարձելիության սկզբունքի հիմքն առաջանա։ Այնտեղ նորմի մեջ որոշակի հարցեր կան, որոնք ենթակա են կարգավորման, որպեսզի արցախցիների վերադարձելիությունը համապատասխանեցվի 1951 թվականի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի դրույթների պահանջներին։

Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար ցանկալի կլինի ինչ-որ թվաքանակով արցախցիների վերադարձ, բայց մեզ դա ձեռնտու չէ։ Մեզ համար ձեռնտու է բոլոր արցախցների վերադարձի ապահովումը, ընդ որում, այդ վերադարձի ընթացակարգը պետք է զուգորդված լինի միջազգային խաղաղարար ուժերի կողմից իրավունքի պաշտպանության միջոցով։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում, որովհետեւ նախորդող ժամանակահատվածը վկայում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական ակնհայտ գործողություններ կատարելու մասին։

Եթե Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իրավական հիմք չունեցող այս հայտարարությունն ի՞նչ նշանակություն ունի։

-Ինձ համար անընդունելի են նմանատիպ հայտարարությունները, քանի որ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որի վրա հիմնվելով՝ կարող են հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է գտնվում։ Այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, ոչ Ալմա-Աթայի հռչակագրում կա նման կետ, ոչ էլ այլ իրավական փաստաթղթում։ Ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը հօգուտ Հայաստանի են, առ այն, որ Արցախը մշտապես Հայաստանի կազմի մեջ է եղել։ Ընդ որում, պետք է հիմնվենք այն փաստի վրա, որ Արցախը հայտնվել է խորհրդային Ադրբեջանի կազմում այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն հանդիսացել։ Իսկ քանի դեռ նրանք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, նրանց կողմից կնքված փաստաթղթերն իրավական ուժ չունեն՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերի պահանջներին։

-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որում նշվում է, որ հուվարի 1-ից Արցախի Հանրապետությունը պետք է լուծարվի, եւս չունի իրավական ուժ։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել։

– Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ իրավական փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ դա պաշտոնապես հրապարակվում է։ Այսինքն՝ մենք գործ ունենք մի այնպիսի նորմատիվ իրավական ակտի գոյության հետ, որ ինքնին օրենքի ուժով առ ոչինչ է, քանի որ այն չի հրապարակվել պաշտոնապես։ Երկրորդ, նախագահի հրամանագիրը չի կարող իրավաչափ համարվել, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Սահմանադրության վրա, եւ միայն Սահմանադրությամբ կարող է լուծարվել Արցախի Հանրապետությունը։ Հետեւաբար, անկախ նրանից, թե որքանով են անիրավաչափ նրանց գործողությունները, ես գտնում եմ, որ դա պետք է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնա։ Տվյալ դեպքում պետք է Արցախի Գերագույն դատարանի քննության առարկա դառնա։ Գերագույն դատարանի որոշումն իրավական տեսանկյունից ավելի մեծ նշանակություն ու արժեք ունի, քան ինքնին այդ փաստաթուղթը առ ոչինչ ճանաչելը, որովեհետեւ Ադրբեջանը կարող է դա չճանաչել։

Այսինքն՝ Գերագույն դատարանը պետք է իր որոշմա՞մբ ամրագրի, որ առ ոչինչ է այս հրամանագիրը։

-Միանշանակ այո։ Եվ նույնիսկ զարմանալի է, որ մեր Ազգային ժողովի պատգամավորներն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում փաստորեն։ Նրանք այսօրվա դրությամբ զբաղված են Արցախի ապագայի կործանմամբ՝ չկատարելով անհրաժեշտ գործողություններ։