Ի՞նչ ընթացակարգերով են նշանակվելու երեխայի ծննդյան և մայրության նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․պարզաբանում

  • 22:08 08.12.2023

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ և մայրության նպաստ նշանակելու ընթացակարգերն ու դիմումների ընդունման ժամանակացույցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղում այդ նպաստը չի նշանակվել։

«Դիմումների ներկայացման ընթացակարգը կներկայացվի առաջիկայում։ Երկուշաբթի օրվանից մեր հայրենակիցներն  արդեն կկարողանան ներկայացնել դիմումները, որոնք կընդունվեն նույն սկզբունքներով, ինչպես և աջակցության ծրագրերի դեպքում, այսինքն՝ ելակետը, հիմնական հարթակը լինելու է Միասնական սոցիալական ծառայության կայքէջը»,-պարզաբանել է Մանուչարյանը՝ հայտնելով, որ նպաստի նշանակման համար դիմումները կընդունվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ից։

Անդրադառնալով մայրության նպաստին, նա իրազեկել է, որ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան այդ նպաստը չի նշանակվել։

Մանուչարյանի խոսքով՝ եթե անձը չի աշխատում և ԼՂ-ից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու։ Սահմանված ժամկետում դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։ Անհրաժեշտ է լինելու կցել ՀՀ կամ ԼՂ համապատասխան բժշկական կազմակերպության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում երեխայի ծննդյան վկայականը։

Աշխատող մայրերին ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

f