Artsakh Career expo-2. ներգրավել են նոր ոլորտներից ընկերություններ

  • 17:29 10.12.2023

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Artsakh Career expo» երկրորդ աշխատանքային տոնավաճառը։ Step1․am-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդեսի համակազմակերպիչ Էմմա Մամունցը մանրամասնեց.

«Առաջին Էքսպո-ի ժամանակ ունեինք 52 ընկերություն և շուրջ 2000 թափուր աշխատատեղ: Մինչ Էքսպոն մենք ունեինք 700+ առցանց դիմողներ: Բայց ցուցահանդեսի օրը 5100-ից ավելի մասնակիցներ էին եկել, որոնցից շատերը նույնիսկ չհասցրին գրանցվել, քանի որ հոսքը մեծ էր։ Մեր կամավորները բավարար չէին այս հոսքը կառավարելու և բոլորին գրանցելու համար։ Նոյեմբերի կեսերի դրությամբ արդեն մոտ 2400 դիմորդ կար։

Վերջնական արդյունքների մասին չենք կարող խոսել, քանի որ աշխատանքի անցնելու համար ժամանակ է պետք՝ մարդիկ հարցազրույցներ են անցնում, փորձնական փուլ։ Արդյունքների մասին կարող ենք խոսել մի քանի ամսից։ Առավել եւս, որ մենք արդեն երկրորդ Էքսպո-ն ենք անցկացնում։

Երկրորդ Expo-ին մասնակցում է 26 ընկերություն։ Մեր առաջին փորձից հետո այլ կազմակերպություններ նույնպես արցախցիների համար անցկացրին աշխատանքի տոնավաճառներ, և աշխատաշուկայի շատ ոլորտներում ազատ տեղերը սպառվել են։ Այս պայմաններում մենք ներգրավեցինք հիմնականում հեռահաղորդակցության, բանկային, գեղեցկության և հյուրանոցային ոլորտների ընկերություններ։ Այսինքն՝ մենք փորձել ենք ներգրավել ընկերությունների լայն շրջանակ, որպեսզի յուրաքանչյուրն իր նախասիրություններին համապատասխան աշխատանք գտնի»։

Հայկ Հարությունյան

f