2024 թվականի հունվարի 1-ին հայկական Արցախի արտաքին և ներքին թշնամիները պատրաստվում են ուրախությամբ հայտարարել Արցախի Հանրապետության լուծարման և պետական բոլոր մարմինների լիազորությունների դադարեցման մասին։ Այդ դեպքում ի՞նչ կլինի, Արցախն ամբողջությամբ «կլուծարվի՞»:
Ցեղասպանությունից ու տեղահանությունից ընդամենը երկուսուկես ամիս անց Արցախի խորհրդարանը փորձեց քաղաքական գնահատական տալ կատարվածին։ Դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է․ «Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:
Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին»:
Այսքանը: Խորհրդարանի հայտարարության մեջ չի ասվում, թե ԱԺ-ն կվիճարկի՞ նախագահի հակասահմանադրական հրամանագիրը, թե՞ հակառակը՝ մտադիր է դրան սահմանադրական ուժ տալ։ Հայտարարությունը պարունակում է անորոշ ձևակերպում. «Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը»:
Այսպիսով, անհասկանալի է, ԱԺ-ն կորոշի՞ ինքնալուծարե՞լ, թե՞ իր մանդատը կիրականացնի մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2025թ.։
Մեր տվյալներով՝ այս հարցերի հետ կապված ինտենսիվ հանրային խորհրդակցություններ են տեղի ունենում։ Ավելին, Արցախի շուրջ 120 քաղաքական և հասարակական կազմակերպություններ դիմում են ստորագրել միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը, ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին և ՆԱՏՕ-ին։
Այս կոչը գնահատական է տալիս կատարվածին և ներկայացնում արցախյան հասարակության վիճակը։
«Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կա՛մ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:
Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.
Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։
Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։
Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից», -ասված է հայտարարության մեջ։