Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկի’ն Հակոբյան, Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտադրվելով այն, որ Ադրբեջանը ստիպել է Արցախի նախագահին ստորագրել փաստաթուղթ։ Այսպիսով՝ Արցախի Ազգային ժողովն ընդունո՞ւմ է Սամվել Շահրամանյանի՝ «Արցախի Հանրապետությունը լուծարելու» մասին հրամանագիրը, թե՞ վիճարկելու է այն։
-Միանշանակ, ոչ միայն Ազգային ժողովը, այլ ընդհանրապես որեւէ մեկը չի ընդունում այդ որոշումը։ Դրա ստորագրումն օրենքի խախտումներով է տեղի ունեցել, ճնշման ներքո է եղել, քանի որ 120 հազար արցախցի ցեղասպանվելու վտանգի տակ էր։ Դրա բոլոր ապացույցները կան։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Ազգային ժողովը պետք է քայլեր անի՝ այդ հրամանագիրը հակաօրինական ճանաչելու համար։ Արցախի նախագահն ինքը գոյություն ունի եւ հենց ինքն է հաստատում, որ ողջ պատասխանատվությունն իր վրա է։ Եվ հենց ինքն էլ այդ ուղղությամբ քայլեր արել է կամ անելու է։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք բոլորս պետք է հանգիստ նստենք ու սպասենք, բայց կարծում եմ՝ մենք դեռեւս ժամանակ ունենք։
-Այսինքն՝ նկատի ունեք մինչեւ հունվարի մեկը դեռ ժամանակ կա՞։
-Այո՛, դա նկատի ունեմ։ Կարծիքները տարբեր են, պատգամավորների մի մասը կարծում է, որ այդ հրամանագիրն իրավական առումով որեւէ արժեք չի ներկայացնում։ Եվ բոլոր կարծիքների հետ կարելի համաձայնել։ Մյուս կողմն ասում է՝ կա՞ որեւէ մեկը, որը տեսել է նախագահի ստորագրությամբ այդպիսի փաստաթուղթ։ Բայց կա նաեւ մարդկանց մի խումբ, որոնք պնդում են, որ պետք է քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս երեք տարբերակից որեւէ մեկն ի վերջո տեղի է ունենալու, եւ դա կլինի մոտ ժամանակներս։
-Դուք ասում եք, որ չեք կարծում, թե Ազգային ժողովը պետք է քայլեր անի այդ հրամանագրի չեղարկման ուղղությամբ, քանի որ դա Սամվել Շահրամանյանի պատասխանատվության դաշտում է, բայց հիշեցնենք, որ Շահրամանյանին ընտրել է Արցախի խորհրդարանը։
-Խորհրդարանն ընտրել է, քանի որ նախկին նախագահը հենց իր նախաձեռնությամբ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկ արեց, ըստ որի՝ Արցախի խորհրդարանը կարող էր ընտրել նախագահ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց ու տարբեր ուժերի կոչերը, որ խորհրդարանը պետք է քայլեր անի, որովհետեւ, կրկնում եմ, կա Արցախի նախագահը, ինքը չի հերքում իր պատասխանատվությունն իր հրամանագրի վերաբերյալ։ Հետեւաբար, ինքը քայլ կանի կամ արդեն անում է։ Այդ հրամանագիրն իրավական ուժ չունի այն առումով, որ պետություններն ստեղծում են ժողովուրդները։ Արցախը հանրաքվեի միջոցով հռչակվել է Հանրապետություն, այդ գործընթացը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Եվ այդ նույն միջազգային հանրությունը, որն այսօր կարծես ոչինչ չի տեսնում, իր դիտորդների ներկայությամբ է դա տեղի ունեցել, եւ այդ գործընթացը՝ որպես միջազգային իրավունք, ճանաչվել է։ Հետեւաբար, նախ որեւէ երկրի Սահմանադրության, առավել եւս Արցախի Սահմանադրության մեջ չկա այդպիսի մի հոդված, որով որեւէ անձ՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, կարող է լուծարել պետությունը։ Ժողովուրդն է ստեղծել, ժողովուրդն էլ կարող է լուծարել, որը տեղի չի ունենա։
-Ինչպե՞ս եք դուք պատկերացնում Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակականության ապահովումն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հետեւողական փորձում են չեզոքացնել Արցախի իրավունքներն ու պետական ինստիտուտները։
-Անկախ բոլոր խոչընդոտներից, յուրաքանչյուրը, ով պաշտոն է զբաղեցրել կամ պատգամավոր է ընտրվել, պետք է ունենա այն գիտակցումը, որ դա լավ ապրելու համար չէր։ Կարծում եմ՝ կային մարդիկ, որոնք այդպես չէին մտածել ընտրվելուց առաջ։ Եվ հարմարավետ աշխատասենյակ ու աշխատավարձ ստանալու համար չէր պաշտոն զբաղեցնելը, այլ պարտավորություն էր։ Եվ անկախ իրավիճակից, յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի։ Այո, թշնամին այսօր ուժով մեր հայրենիքն օկուպացրել է, բայց դա չի նշանակում, որ Արցախի կամ ընդհանրապես հայկական հարցը փակվեց։ Եվ այն պաշտոնյան, այն պատգամավորը, որը կլռի, որեւէ քայլ չի անի այդ ուղղությամբ, որ թույլ չտա առնվազն փակել Արցախի հարցը, ինքը հանձնողների ու դավաճանների հետ նույն շարքում կդասվի եւ այդպես էլ կգնա պատմության գիրկը։
Չեմ կարծում, որ մեզանից որեւէ մեկի համար նորություն էր Հայաստանի այս իշխանության գործողությունները։ Այս իշխանությունները եկան կամ նշանակվեցին իշխանության, որպեսզի Արցախի հարցը լուծեն հօգուտ Ադրբեջանի։ Բայց, այս ամբողջ արհավիրքը բերելով հայ ժողովրդի գլխին, միեւնույն է, իրենց այդպես էլ չի հաջողվելու փակել այս հարցը։ Իրենք ամեն ինչ անելու են՝ Արցախի հարցը փակելու համար։ Դա լինելու է և՛ ահաբեկելու, և՛ վախեցնելու, և՛ տարատեսակ խոչընդոտեր ստեղծելու միջոցով։ Ես կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը դա գիտակցում է, ի վերջո դրա կրողը ինքներս ենք եղել։ Եվ հիմա էլ, ցավոք, դա շարունակվում է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: