Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության, անվտանգության երաշխավորը, սահմանապահը։ Եվ Արցախյան ազատագրական պայքարը մեր նորօրյա պատմության ամենասուրբ մաքառումն էր։
«Իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է շարունակել այդ պայքարը, քանի որ, առաջին՝ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, եւ Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ՝ Արցախը եղել է գործոն, եւ այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ լուծելու նաեւ ժողովրդի վերադարձի պայմանների հաւցը։ Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որեւէ ընդունելի նոր ձեւաչափով, այլընտրանք չունեն։
Այս ռազմավարության պատասխանատուն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք իշխանության գալու առաջին օրվանից վերցրել են իրենց վրա պատասխանատվությունը, իսկ հիմա կամաց-կամաց սահուն կերպով այդ պատասխանատվությունը գցում են Արցախի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա։ Սա նշանակում է, որ եթե նրանք հրաժարվեն որեւիցե ռազմավարությունից, մեր բազմադարյան պատմության ընթացքում հենց նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ սա մեր բազմադարյան պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, քանի որ ՀՀ իշխանությունների անգործության եւ կրավորական կեցվածքի հետեւանքով Արցախը ոչ միայն հանձնվեց, այլ ամբողջովին հայաթափվեց։ «Կարծում եմ, որ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն եւ հրաժարվում են ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստորեն հրաժարվելով Արցախից»,- հավելեց Օհանյանը։ Նա նաեւ ասաց, որ ողջ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ քաղաքականության շարունակականության հետեւանքով 2022 թվականի դեկտեմբերից Արցախի 10-ամսյա շրջափակումն ավարտվեց Արցախի ժողովրդի ցեղասպանությամբ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: