Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների, ցեղասպանության կանխարգելման, Արցախի սահմանադրության ու անկախության հանրաքվեի օրերի կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հրավիրել էր համաժողով։ Խոսվել է Երևանի և Բաքվի քաղբանտարկյալների, ինչպես նաև Արցախի պետական իստիտուտների և համայնքների պահպանման մասին:
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը բացատրել է, թե ինչու է Արցախում տեղի ունեցածը հենց ցեղասպանություն և ինչ վտանգ կա, որ նույնը Հայաստանում կկրկնվի։
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը ներկայացրել են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, իրավաբաններ Արամ Օրբելյանը, Արսեն Բաբայանը, Հովհաննես Խուդոյանը, Վարազդատ Հարությունյանը, իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը, լրագրողներ` Լարա Առաքելյանը, Անի Գևորգյանը, Հռիփսիմե Ջեբեջյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASWի հիմնադիր-նախագահ Միրա Անտոնյանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, հասարակական գործիչներ Նարե Սիմոնյանը, բարերար Շանթը, մեդիա նախաձեռնության հեղինակ Վանա Շիրվանյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Միջոցառմանը ազդարարվել է իրավապաշտպանական նոր նախաձեռնության մեկնարկի մասին։
«Հաշվի առնելով, որ Հայաստանը ժողովրդավար ռեժիմից անցել է ոչ ժողովրդավար ռեժիմի, սահմանափակվել է մարդկանց քաղաքական իրավունքների իրացումը, տեղի է ունենում իշխանության կենտրոնացում, իսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նախկին կազմակերպությունները, որոնք բարձրաձայնում էին առկա խնդիրները, այժմ հիմնականում լուռ կամ պասիվ են, որոշեցինք ստեղծել քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը: Վերջին ժամանակներում քաղաքական իրավունքների մասսայական խախտումներ ենք տեսնում: Դա կարող է լինել քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելուց, մինչև ՏԻՄ ընտրություններում իշխանազավթման փորձեր: Սա առաջին հերթին ընտրողների իրավունքի խախտումն է, որովհետև մարդիկ գնում են ընտրելու, տեսնում են, որ իրենց ընտրած ընդդիմադիր գործիչը չի գալիս իշխանության…Այդպիսի օրինակները շատ-շատ են `սկսած դատական համակարգի հանդեպ ճնշումներից, տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հանդեպ հարուցվող քրեական գործերից և այլն: Քաղաքական իրավունքները սահմանափակվում և ոտնահարվում են: Այդ ամենով պայմանավորված որոշեցինք ստեղծել այս իրավապաշտպան նախաձեռնությունը»,- Step1.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց է քաղաքական ակտիվիստ Նարե Սիմոնյանը:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: