Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
–Տիկի՛ն Ալավերդյան, մեր տեղեկություններով՝ արցախցիներին պատկանող գույքի գույքագրման ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն իրականացվում։ Ի՞նչ աշխատանք պետք է տանել և՛ ֆիզիկական անձանց պատկանող, և՛ կոլեկտիվ գույքի գույքագրման ուղղությամբ։
-Այս հարցը շատ արդիական է, շատերը տեղյակ էլ չեն, որ Ադրբեջանում շատ արագ ընդունել են օրենք, որ իրենց բնորոշմամբ «սեպարատիստներին» եւ «ահաբեկչական գործողություններին» մասնակցած անձանց պատկանող գույքն իրենք կարող են առգրավել։ Այսինքն՝ մենք անհասկանալի դանդաղկոտություն ենք ցուցաբերում, իսկ այնտեղ շատ արագ են գործում։ Ես կարծում եմ՝ դրանք վաղուց կազմված ծրագրեր են։ Ես չեմ կարծում, որ արցախցիների գույքը գույքագրված չէ, չի կարող պատահել, որ Կադաստրի տվյալները թվայնացված չլինեն։ Եվ այդ սեփականության իրավունքի հարցը՝ որպես անձեռնմխելի իրավունքներից մեկը, պետք է օր առաջ բարձրացվի։ Մենք խոսում ենք մի կողմից ֆիզիկական անձանց մասին, մյուս կողմից, իրավաբանական անձինք եւս ունեին գույք։ Ես հիշեցնեմ, որ Ալիեւն առաջին օրերին մուտք գործելով Ստեփանակերտ՝ կանգնել է նախագահական շենքի մոտ եւ ասել է՝ «այս շենքը կառուցել է իմ հայրը»։ Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ անպայման տեղի է ունենալու սեփականության համար վեճ։ Իրենք հենց այնպես չեն տալու, մենք չպետք է սպասենք, որ իրենք ինչ-որ փոխհատուցում են անելու ու ինքնակամ վերադարձնելու են արցախցիների գույքը։ Դա տեղի պետք է ունենա բավական երկարատեւ վեճի արդյունքում։
Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած հայերի թիվը կես միլիոնից ավելի էր։ Այդ կես միլիոն մարդկանց գույքի ու սեփականության փոխհատուցման ու գույքային իրավունքների հարցը որեւէ անգամ պատշաճ ձեւով չի հնչեցվել։ Ունենալով այդ ծանր անցյալը, կապ չունի, ՀՀ իշխանությունները խոչընդոտում են, թե ոչ, Արցախի կառավարությունը եւ պատկան մարմինները պարտավոր են այդ հարցերը բարձրացնել։ Անպայման պետք է ձեւավորել այդ շտեմարանը, որպեսզի օր առաջ դրվի սեփականությունը վերադարձնելու հարցը։
-Ո՞ր ատյաններ կարող են դիմել արցախցիները՝ գույքի փոխհատուցման համար։
-Ընդհանրապես այդ գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են քննվում։ Մենք նախորդ տարիներին ունեցել ենք նախադեպային որոշումներ ՄԻԵԴ կողմից։ Ցավոք սրտի, այդ նախադեպային որոշումներով ո՛չ Ադրբեջանն է հետեւողականորեն պատասխանել այդ հարցադրումներին, ո՛չ էլ Հայաստանը։ Այնպես որ, ես զգուշացնում եմ մեր իրավաբանական համայնքին, որ օր առաջ պետք է սկսել այդ աշխատանքները։