«Հայաստանի Ազգային ժողովում Արցախի ներկայացուցիչներ կլինեն, թե ոչ, դա կախված է նախ նրանից, թե Արցախից Հայաստան եկած անձինք որոշակի քաղաքական գործունեություն կիրականացնե՞ն, կուսակցություն կստեղծե՞ն, թե՞ հույսը կդնեն նրա վրա, որ այլ կուսակցություններ իրենց ներկայացուցիչներին կընդգրկեն իրենց ցուցակում»,- Step1.am-ի զրույցում այս մասին ասաց Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում հնարավորություն կա՞, որ Արցախի ներկայացուցիչները կարող են ներկայացված լինել ՀՀ Ազգային ժողովում, ինչպես 1990-ականներին ներկայացված են եղել Գերագույն խորհրդում։
«Ինչ վերաբերում է նախկին փորձին, 1988 թվականից Արցախում կար բավական կազմակերպված մարդկանց խումբ։ Նախքան Հայաստանում Շարժման մեկնարկը, Արցախում 1988 թվականի փետրվարին մարզային խորհրդի նիստ էին արել եւ որոշել էին միանալ Հայաստանին։ Այն ժամանակ Արցախում կային մարդիկ, որոնք համագործակցում էին Ղարաբաղ կոմիտեի ու Հայաստանի այլ քաղաքական ուժերի հետ։ Եվ երբ Հայաստանում տեղի ունեցան 1990 թվականի ընտրությունները, Հայոց համազգային շարժումն իր կազմում ներգրավեց Արցախի ներկայացուցիչներին եւ ընտրություններում պայմաններ ստեղծեց, որ նրանք դառնան Գերագույն խորհրդի պատգամավորներ»,- ասաց Սադոյանը։
Նա նշեց, որ ժամանակն է, որ Արցախից բռնի տեղահանված գործիչները փորձեն Հայաստանում ստեղծել իրենց քաղաքական միավորումը՝ կուսակցություն կամ դրա պես մի կազմակերպություն, որը կարող է համագործակցել հայաստանյան կուսակցությունների հետ։ Ըստ նրա՝ համատեղ դաշինքների միջոցով հնարավոր է հաջողության հասնել։ «Այսինքն՝ չպետք է հույսը դնել այսօրվա իշխանությունների աջակցության վրա։ Դուք էլ եք լավ հասկանում, որ Հայաստանի իշխանությունները հակառակը, չեն ուզենա այդ զարգացումներին տոն տալ»,- հավելեց Արշակ Սադոյանը։
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ Արցախի հարցով քաղաքական գործունեություն ծավալելը շատ կարեւոր է, դա կարող է հետագայում նպաստել նաեւ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի խնդիրները լուծելուն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: