Դա միջանկյալ որոշում էր. մեկ հոգի չի կարող որոշել, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի կամ չլինի

  • 18:26 14.12.2023

«Արցախի Հանրապետությունը հանրաքվեով հռչակված պետություն է եւ մեկ հոգու որոշմամբ չի կարող լուծարվել»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին։

«Դա միջանկյալ որոշում էր՝ Արցախի բնակչությանը փրկելու համար, բայց դա չի նշանակում, որ մեկ հոգի կարող է որոշել, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի կամ չլինի։ Դա ժողովրդի հանրաքվեի միջոցով հռչակված հանրապետություն է՝ նախկին ԽՍՀՄ Սահմանադրության ու օրենքների պահպանմամբ ստեղծված։ Մենք այդ ինքնորոշման իրավունքը լրիվ օրինական ձեւով իրացրել ենք, կայացրել ենք, 30 տարի եղել ենք դե ֆակտո անկախ պետություն։ Եվ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Հիմա ստացվել է այսպես, որ մի քանի տարվա մեջ այդ 30 տարվա ձեռքբերումը ծախեցինք»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա նաեւ հավելեց․ «Հայաստանի իշխանությունը ոչ թե հունվարի 1-ին է սպասում, այլ սեպտեմբերի 20-ից առաջ էլ Հայաստանի իշխանությունը չէր ընդունում Արցախի Հանրապետությունը։ Ոչ մի պետական հանդիպում չէր անցկացվում Արցախի իշխանությունների հետ, նույնիսկ ՀՀ իշխող կուսակցության պատգամավորը Արցախի պատգամավորների՝ Հայաստանում անցկացրած նիստը համարել է Հայաստանի Հանրապետությանը դեմ գործողություն։ Նրանք Արցախը մերժել են դեռեւս 2020, անգամ կասեի՝ 2018 թվականից»։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ արցախցիների վերադարձը հնարավոր չէ այն պայմաններում, երբ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ «Անկախ նրանից, ինչ ստատուս էլ լինի Ադրբեջանի կազմում, անիմաստ է վերադառնալը, դա  բացառվում է»,- ասաց նա։ Արցախ վերադառնալու համար, Արմեն Պետրոսյանի խոսքով, պետք է համապատասխան պայմաններ ապահովվեն։ Օրինակ՝ կա’մ կճանաչվի Արցախի անկախությունը, կա’մ Արցախը կճանաչվի Հայաստանի Հանրապետության մաս։