Արցախի Ազգային ժողովն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը ստիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթ։ Step1.am-ի թղթակիցը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին հարց ուղղեց՝ այսպիսով Արցախի Ազգային ժողովն ընդունո՞ւմ է Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, թե՞ վիճարկելու է այն։
«Անձամբ ես բազմիցս ասել եմ, որ Սամվել Շահրամանյանի այդ հրամանագիրն առ ոչինչ է։ Մարդը, որը լիազորություն չունի նման փաստաթուղթ ստորագրել, հետեւաբար, այդ փաստաթուղթը չի կարող հետագայում հանդիսանալ Արցախի լինել-չլինելու փաստաթուղթը։ Օրինակ բերեմ՝ եթե Հայաստանի մեր հայրենակիցները մի առավոտ արթնանան եւ լսեն, որ Հայաստանի նախագահը ստորագրել է փաստաթուղթը, որով լուծարվում է Հայաստանի Հանրապետությունը, այդ փաստաթուղթն ի՞նչ է նշանակելու, իհարկե, առ ոչինչ է լինելու»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը թող ոչ ոքի համար զարմանալի չլինի, քանի որ Ազգային ժողովի պարտականությունն է նիստեր գումարելը, հայտարարություններ տարածելն ու Արցախի ժողովրդի շահերից հանդես գալը։ «Այդ հայտարարությունը նշանակում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ինչպես գործել է, այնպես էլ այսօր է շարունակում գործել։ Եվ հետայսու մեր իրավունքների եւ ժողովրդի կողմից ստացած վստահության քվեի շրջանակում գործելու է մինչեւ իր լիազորությունների դադարումը։ Ազգային ժողովի լիազորությունները չի կարող դադարեցնել որեւէ քաղաքացի, որեւէ պաշտոնյա կամ քաղաքական ուժ»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախի Ազգային ժողովն անելիք ունի՞ Սամվել Շահրամանյանի հրամանագրի մասով, Դավիթ Գալստյանն ասաց․ «Այո՛, Ազգային ժողովն աշխատում է եւ քայլեր անում է, դուք տեղյակ եք թե՛ հայտարարության, թե՛ մնացած գործողությունների մասին։ Եվ հետայսու ավելի մանրամասն կտեղեկացվեք»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: