Կամ Քարվաճառը պիտի միավորվի Հայաստանին, կամ Արցախը պետք է ժամանակավոր անկախ կարգավիճակ ունենա՝ մինչեւ Հայաստանի հետ միանալը

  • 19:00 15.12.2023

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ տնօրեն Դավիթ Եղիազարյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե քարվաճառցիների կորցրած գույքի գույքարգում իրականացվե՞լ է։

Step1.am-ի տեղեկություններով՝ Արցախի կառավարությունը արցախցիների ունեցվածքի գույքագրում դեռ չի իրականացնում։ Դավիթ Եղիազարյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է եղել այս հարցով 2020 թվականից, երբ Քարվաճառը հանձնվեց։

«Արցախի կառավարման մարմիններում, ինչպես հիմա է խառնաշփոթ, այնպես էլ այն ժամանակ էր այդ խառնաշփոթը։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդհանուր գույքագրում իրականացնելու փորձ արվել է, բայց քանի որ դա արվում է զուտ ծխամատյանների, գրանցամատյանների հիման վրա, անճշտություններ էլ են լինում։ Եղել են դեպքեր, որ մարդիկ սխալ ցուցակներում են հայտնվել, բայց քանի որ ժամանակ կար, այդ ընթացքում որոշ շտկումներ հնարավոր է եղել անել։ Բայց այս վերջին տեղահանվածների մասով դեռ խնդիրը նոր է, էլի այդ նույն խառնաշփոթն է պետական մարմիններում։ Դեռ օդից կախված են որոշ մարդիկ, բայց ես հույս ունեմ, որ ոչ շատ երկար ժամանակի ընթացքում այդ հարցը կկարգավորվի»,- ասաց նա։ Դավիթ Եղիազարյանի խոսքով՝ արցախցիների գույքի գույքագրումը շատ կարեւոր է, քանի որ դա իրավական հիմք է ստեղծում՝ գույքի համար հետագա իրավական գործընթացներ իրականացնելու։

Մեր զրուցակիցը նաեւ անդրադարձավ հարցին, թե ո՞ր պայմաններում քարվաճառցիները կհամաձայնեն վերադառնալ Քարվաճառ։ «Եթե Քարվաճառն Ադրբեջանի կազմում է լինելում, անհնար է այնտեղ հայ մարդու՝ անվտանգ ու ապահով ապրելը։ Այսինքն՝ կա՛մ պետք է լինի Քարվաճառի միացումը մայր Հայաստանին, կա՛մ Արցախը պետք է ժամանակավոր անկախ կարգավիճակ ունենա՝ մինչեւ Հայաստանի հետ միանալը։ Բայց այլ պետության կազմում անհնար է պատկերացնել այնտեղ հայերի ապահով ապրելու հնարավորությունը։ Մինչեւ այս պայմանները չապահովվեն, քարվաճառցիների մեծամասնությունը վերադարձը չի պատկերացնում»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Եղիազարյանի՝ ներկա փուլում այդ պայմանների ապահովման հնարավորությունը չի տեսնում, բայց գործընթացներն այլ ուղղությամբ կարող են զարգանալ, պետք է պատրաստ լինել նաեւ այլ զարգացումների։ «Արցախի հարցը դեռ փակված չէ, եւ պետք է հարցն անընդհատ արծարծել, իրավական հարթության վրա պահել՝ մինչեւ կլինեն աշխարհաքաղաքական հարմար պայմաններ։ Աշխարհում շատ երկրներում կան նման խնդիրներ, եւ դեպքեր են եղել, երբ հնարավոր է եղել տասնամյակներ հետո հարմար աշխարհաքաղաքական պայմանների դեպքում  հիմնախնդիրը հետ բերել օրակարգ»,- հավելեց նա։