Անի Պետրոսյանը ծնվել և մեծացել է Մարտակերտում, բազմանդամ ընտանիքում։ Նրա կյանքը լի է մարտահրավերներով:
Մանկուց նրա մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, դրանից հետո, ինչպես ինքն է պնդում, ընկերացել է անվասայլակի հետ։ Այնուամենայնիվ, նա այնքան է սիրում կյանքը, որ չնայած դժվար փորձություններին, ժպիտը երբեք չի հեռանում նրա դեմքից։ Միշտ առաջ է ձգտում:
Նա վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ «Վերականգնողական կենտրոնում ինձ շատ ջերմ ընդունեցին, այնտեղ աշխատում էին բարի և հոգատար մարդիկ, կենտրոնի աշխատակիցները՝ հարգարժան տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեցին, որպեսզի կենտրոնի հիվանդներն իրենց զգան ինչպես տանը։ Ես հիմա նրանց կարիքն ունեմ, և կուզենայի, որ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն իր դռները բացեր Հայաստանում»,- ասում է Անին։
Իր կյանքի ընթացքում նա հասցրել է տեսնել մի քանի պատերազմներ։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրան ուղարկել են Գորիս, իսկ հայրն ու եղբայրը մինչև վերջին պահը եղել են առաջնագծում։ «Պատերազմը մեծ ցավ է, միայն պատերազմի միջով անցնելուց հետո ենք իսկապես հասկանում, թե որքան ենք սիրում մեր հայրենիքը»։
44-օրյա պատերազմից հետո Անին վերադարձավ հայրենիք՝ խաղաղության ու լավ ապագայի հույսով։ Սակայն 2022-ի դեկտեմբերի 12-ին սկսվեց ևս մեկ պատերազմ, բայց հումանիտար ճակատում՝ մի ամբողջ ժողովուրդ սկսեցին ոչնչացնել առանց մեկ կրակոց արձակելու՝ թողնելով նրան առանց կենսական միջոցների։
«Ո՛չ սնունդ կար, ո՛չ դեղորայք, ո՛չ հիգիենայի միջոցներ, էլ չեմ խոսում գազի ու լույսի մասին: Մենք մեր օրը պլանավորում էինք ըստ հոսանքի անջատման ժամանակացույցի, երբեմն ինձ թվում էր, թե վերադարձել ենք քարե դար։ Բայց մենք այդպիսի ժողովուրդ ենք՝ մեզ չի կարելի կոտրել, կարողացանք հողից աղ ստանալ, մրգերից դոշաբ ենք եփել, գիշեր-ցերեկ հացի հերթ ենք կանգնել։ Այն ամենը, ինչի միջով անցել ենք, դժվար է բառերով նկարագրել։ Սակայն ես դա շատ եմ կարոտում և հիմա էլ պատրաստ եմ վերադառնալ իմ տուն՝ պաշարված Արցախ, քանի դեռ այն հայկական է»,- ասում է նա։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: