Աննա Աստվածատուրյան հիմնադրամի աջակցությամբ և «Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է արցախցի կանանց արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ։
«Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը Step1.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նման նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռ Արցախում՝ շրջափակման ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը կորցրեց աշխատանքները։ Որոշեցինք, քանի որ ճանապարհը կարճ ժամանակով բաց էր, և մենք դեռ կարող էինք բան բերել, ցուցահանդես-տոնավաճառ անել։ Ամեն ինչ արդեն ծրագրված էր, տոնավաճառին մի քանի օր էր մնացել, բայց ճանապարհը վերջնականապես փակվեց, իսկ հետո հայտնվեցինք ինքներդ գիտեք ինչ իրավիճակում։
Որոշ ժամանակ անց հասկացանք, որ չենք կարող ամբողջ կյանքում սգալ ու ձեռքերը ծալած նստել, և պետք է ոգևորել ու ուժ տալ արցախցի կանանց։ Հետո որոշեցինք նախագիծը տեղափոխել այստեղ։ Հավաքեցինք կին ձեռներեցների, և, ինչպես տեսնում եք, տաղավարները լեփ-լեցուն են։ Հույս ունենք, որ մինչև օրվա վերջ տաղավարները դատարկ կլինեն։
Մասնակիցները 55-ն են, բայց դիմողներն ավելի շատ էին, մոտ 70, մենք պետք է ընտրեինք։ Բայց հուսով ենք, որ հաջորդ տոնավաճառն ավելի մեծ կլինի, և ավելի շատ մարդիկ կկարողանան վաճառել իրենց արտադրանքը: Հաջորդ տոնավաճառը նախատեսում ենք անցկացնել մարտի սկզբին»։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: