Դեկտեմբերի վերջից գրեթե «ստորագրված» «խաղաղության պայմանագիրը» կրկին անորոշ ժամանակով հետաձգվեց։ Իսկ «խաղաղության» և «ապագայի» հանցավոր ու անհիմն սխեման աստիճանաբար ի հայտ է գալիս իր ողջ “փառքով”։
Գերիների փոխանակումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետագա բանակցությունները շարունակվելու են «զրոյական կետից»։ Ո՞րն է այս զրոյական կետը, որտեղից է նա սկսում հաշվարկը: Փաշինյանը չի թաքցնում, որ իր հաշվարկը սկսվում է 1996թ.՝ ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովից ու դրա բանաձեւից, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը չստորագրեց։ Եվ քանի որ ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այն թերթը, որտեղ գրված էր, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել առավելագույն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, պաշտոնական փաստաթուղթ չդարձավ։
Փաշինյանն արցախյան հակամարտության ողջ պատմության մեջ չի կարող գտնել փաստաթղթեր, որոնք կարող են հաստատել նրա «զրոյական կետը»՝ «Ղարաբաղը Հայաստան չէ». Ալմա-Աթայի հռչակագիրը, որին նա անդրադարձել է, Բաքուն չի ճանաչում, նույնիսկ այնտեղ ասում են, որ Հայաստանը վավերացրել է հռչակագիրը Ղարաբաղի հարցում վերապահումներով։ Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովը նույնպես զրոյական կետ չէ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ստորագրել փաստաթուղթը։ «Վերջին խորհրդային քարտեզները» ոչ ոք, այդ թվում՝ Արևմուտքը, չի ճանաչում։ Իսկ Հայաստանում «կադաստրային թղթի» բացակայության մասին Փաշինյանի հայտարարությունները բազմիցս հերքվել են Ազգերի լիգայի զեկույցին և 1918 թ․ ճանաչված Հայկական Հանրապետության սահմաններին հղումներով։
Տարօրինակ է, որ Փաշինյանը երբեք չի հիշատակել 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, որոնք սահմանում էին Թուրքիայի սահմանները Հայաստանի հետ, իսկ Նախիջևանը հանձնվում էր Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, և Ստալինի որոշումը՝ Արցախը Բաքվի ռեժիմին հանձնելու մասին։ Այդ փաստաթղթերը նրա համար չեն կարող «զրոյական կետ» լինել, քանի որ դրանց ցանկացած հիշատակում կբացահայտի դրանց ոչ լեգիտիմությունը։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, ինչպես գիտեք, նույնիսկ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում չկան։ Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանները հիմնված են այն բանի վրա, որ Հայաստանում բոլոր ռեժիմները ենթարկվել և ենթակա են Ռուսաստանին, որի պարտականությունների մեջ է մտնում 100 տարի շարունակ Հայաստանը պահել ռուս-թուրքական դավադրության նեղ շրջանակում։
Ալիևն ու Փաշինյանը իրավական հիմք չունեն «զրոյական կետի» մասին իրենց հայտարարությունների համար։ Ըստ էության, խոսքը գնում է հակամարտության ուժային կարգավորման և Հայաստանի հանձնման ճանաչման մասին։
Փաշինյանն իրավունք ունի՞ անհատապես տնօրինելու այն հողերը, որոնք, ըստ միջազգային կադաստրի, պատկանում են Հայաստանին, ոչ թե անձամբ իրեն և ոչ իր վախկոտ կառավարությանը։ Փաշինյանը սիրում է իրեն համեմատել Պապ թագավորի հետ, ով փորձել է բարեփոխել եկեղեցու կողմիվ կառավարվող Հայաստանը։ Միաժամանակ Փաշինյանը մոռանում է, որ ինքը ոչ թե թագավոր է, այլ սովորական կառավարիչ, որին հայերը վճարում են իրենց կոլեկտիվ ունեցվածքը ճիշտ տնօրինելու և այն չմսխելու համար։
Իսկ թե ինչու «խաղաղության պայմանագիրը» չի կարող ստորագրվել, կա երկու կարևոր հանգամանք. 1. Ոչ մի պարկեշտ երկիր կամ միջազգային կառույց չի կարող պաշտոնապես ճանաչել բռնի «կարգավորման» արդյունքները, որի հետեւանքով 150 հազար մարդ զրկվել է հայրենիքից. 2. Ոչ մի պետություն երաշխավոր չի դառնա Փաշինյանի բանավոր հայտարարության հիման վրա կնքված կասկածելի, արկածախնդիր պայմանագրի։
Փաշինյանը ոչինչ չի կարող «զրոյացնել», նա Պապ արքան չէ, որ շրջանցի միջազգային իրավունքը, որի մասին ինքը, Թուրքիան և Ռուսաստանը զգուշորեն լռում են։
Նաիրա Հայրումյան