«Վըսկէ ծերքեր» էքսպոն այս տարի պետք է տեղի ունենար Արցախում՝ Մարտունու շրջանի Եմիշճան համայքում, սակայն հայտնի դեպքերի պատճառով այն տեղի ունեցավ Երևանում՝ Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ի ջանքերով:
Էքսպոյին մասնակցում էին ավելի քան 50 արտադրող, որոնցից ոմանք իրենց գործունեությունը սկսել էին դեռևս Արցախում, իսկ ոմանք առաջին քայլերն են անում՝ փորձելով մեղմացնել հետպարազմյան ծանր վիճակը:
Կազմակերպիչների խոսքով, էքսպոն ստացված կարելի է համարել․ հաջողվեց մեկ հարկի տաք հավաքել արցախցի տաղանդավոր կանանց, և մի պահ մասնակիցները կարծես հայտնվել են Արցախում, իսկ այցելուների խոսքով, էքսպոն սպասված էր ոչ միայն, որ նրանք կարողացան գնել արցախյան արտադրանք, այլ կարողացան հայտնվել մի վայրում, որտեղ ամեն ուր արցախյան բարբառ էր, հարազատ մարդիկ:
Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ նրանք կարողացան փոքր գումարով կյանքի կոչել ծրագիրը շնորհիվ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին անվճար կամ սիմվոլիկ գումարով աջակցել ծրագրին:
Էքսպոյի արդյունքներից խոսելիս կազմակերպիչները նշում են, որ «Վըսկէ ծերքեր» էքսպոն ինքնանպատակ չէր, այլ հնարավորություն էր ստեղծագործող կանանց իրար հետ համագործակցելու, գնորդներին ու արտադրողներին ծանոթանալու։ Եւ դա ստացվեց․ մասնակիցներից շատերը տարբեր համագործակցության առաջարկներ են ստացել, պատվերներ գրանցել, իսկ այն մարդիկ, ովքեր չկարողացան ներկայանալ էքսպոյին, գրում են և տարբեր արտադրողների տվյալներ են ցանկանում վերցնել, որպեսզի ամանորյա գնումները հենց արցախցի արտադրողներից իրականացնեն: Եվ իհարկե, բոլորին մեկ հարց է հուզում․ արդյոք էքսպոն շարունակական կլինի։ Եւ ահա կազմակերպիչ Տաթևիկ Խաչատրյանի պատասխանը․
«Երեկվանից անդադար այդ հարցը տարբեր կողմերից հնչում է՝ մասնակիցների, լրագրողների, գնորդների և նրանց կողմից, ովքեր չկարողացան ներկա գտնվել, բայց քանի որ կազմակերպիչներս՝ մանկահասակ երեխաների մամաներ ենք, իսկ էքսպոյի կազմակերպումը, մեղմ ասած, հեշտ բան չէ, որոշել ենք կոնկրետ ժամկետ չնշել, բայց հույս ունենանք, որ եռամսյակը մեկ կկարողանանք կազմակերպել: Եթե գարնանը լինի, մեծ ցանկություն ունենք բացօթյա կազմակերպել, որ և՛ հնարավոր լինի ավելի շատ արտադրողի մեկ վայրում հավաքելու, և՛ ավելի մեծ արցախյան միջավայր ստեղծել բոլորիս համար»:
Քրիստինա Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: