Ստացվում է, որ ռուսներն իրե՞նք են հայկական զենք ներմուծել Արցախ

  • 14:10 19.12.2023

Հայաստանն է ամեն ինչի մեղավորը, ինչ էլ որ պատահի նրան ոչնչացնելու ռուս-ադրբեջանական ծրագրի հետ կապված։ Հենց այսպես կարելի է հասկանալ ռուսաստանի և ադրբեջանի տրամաբանությունը, ինչը երևում է նշված երկու կողմերի վերջին հայտարարություններից և հրապարակումներից։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը և, փաստորեն, Կրեմլի խոսնակ Զախարովան ասել էր, որ Արցախում վերջին պատերազմը, այսինքն՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան, տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանն օգտագործել է Բերձորի (Լաչին) միջանցքը Արցախ զենք տեղափոխելու համար և չի համաձայնվել իր զորամասերը դուրս բերել Արցախից։ Ռուսաստանը բացահայտ սպառնում է Հայաստանին, որը համաձայնում է բանակցել Ադրբեջանի հետ արևմտյան միջնորդությամբ և երաշխիքներով։

Իսկ այսօր տեղեկություն է ստացվել, որ Եվրամիության նախագահ Միշելին հավատարմագրերի հանձնման ժամանակ Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից բրյուսելյան ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտումները և դրա համար հետևանքների բացակայությունը ի վերջո հանգեցրին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի բոլոր իրավական պարտավորեցնող որոշումների կատարման և Ադրբեջանի վերադարձը բանակցային սեղանի շուրջ ուղղությամբ»։ Ինչին ի պատասխան ադրբեջանական լրատվական դաշտում մեղադրանքներ հնչեցին՝ ասելով, որ Հայաստանը «կրկին ցանկանում է փակուղի մտցնել խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածությունները»։

Զարմանալի է, թե Հայաստանը որքան իներտ է տրամադրված իր հասցեին անհիմն մեղադրանքների նկատմամբ, և որքան արագ և բավականին կոշտ է Ադրբեջանը արձագանքում Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված ցանկացած հայտարարության։

Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն պատասխան հայտարարություն չի տարածել ռուսական կողմի մեղադրանքների առնչությամբ՝ հումանիտար միջանցքն իբրեւ Արցախ զենք փոխադրելու համար օգտագործելու վերաբերյալ։

Չէ՞ որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունով (որին հղում է անում ՌԴ ԱԳՆ-ն), հսկողությունը միջանցքի, այնուհետև Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի նկատմամբ պետք է իրականացնեին ռուս խաղաղապահները։ Ստացվում է՝ ռուսական կողմը թույլ է տվել հայերին զենք տեղափոխել ու չի՞ ընդդիմացել։ Իսկ շրջափակումից հետո, այսինքն՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո, այս ճանապարհով կարող էին գնալ միայն ռուս խաղաղապահների մեքենաները դեպի Արցախ և վերադառնալ Հայաստան։ Այսինքն՝ եթե զենք (կամ զինվորականներ) է փոխադրվել, ապա դա արվել է ռուսական կողմի՞ց։

Ինչո՞ւ Հայաստանը հստակ չի հայտարարում, որ ադրբեջանի հետ բանակցությունները պետք է ընթանան Արևմուտքի միջնորդությամբ, քանի որ ռուսական կողմը 2020 թվականի պատերազմի և 2022-23 թվականների ցեղասպանության անմիջական մասնակիցն է։

Ինչու՞ Հայաստանը չի պնդում, որ ադրբեջանի և ռուսաստանի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը բոլոր երեք տարիների ընթացքում, ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների չկատարումը ադրբեջանի կողմից Հայաստանին հիմք են տալիս չվստահելու Ադրբեջանի ստորագրությանը որևէ հարցում, հատկապես, այն թղթի կտորի տակ, որը կկազմվի ռուսական միջնորդությամբ։

Հայաստանի անատամ հայտարարությունները, որոնք ավելի շատ նման են արդարացումների, հիմք են տալիս ռուս-ադրբեջանական տանդեմին օգտագործել դրանք նոր մեղադրանքներ և պահանջներ ներկայացնելու համար։

Հայաստանի բոլոր դժբախտությունները բխում են նրանից, որ Հայաստանի ոչ մի կառավարություն չկարողացավ (կամ չցանկացավ, ելնելով իր ղեկավարների մորթապաշտությունից) քաղաքականություն և դիվանագիտություն վարել: Դա պարբերաբար աղետալի հետեւանքների էր հանգեցնում։ Կարծես գործընթացը շարունակվում է։

Մարգարիտա Քարամյան

f