Sputnik
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները և մնացած հինգ քաղաքական ու ռազմական առաջնորդները պետք է անհապաղ ազատ արձակվեն ադրբեջանական գերությունից։ Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում։
Նա, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ բռնի տեղահանումը հանցագործություն է մարդկության դեմ։ Օկամպոն հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Նրա կարծիքով, դրա ընդունումը վկայում էր ցեղասպանությունը ժխտելու հարցում պետությունների հետեւողական դիրքորոշման մասին։
«Սակայն աշխարհը ականատես եղավ այլ իրավիճակի, երբ Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը հետևողականորեն անտեսվում էր», – նշեց ՄՔԴ նախկին դատախազը։
Ինչ վերաբերում է ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը, ապա նա համոզված է, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հայցի փոխանցմանը ՄՔԴ։ Այս համատեքստում Օկամպոն նշել է, որ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր ասպեկտը Բաքվում պահվող երեք նախկին նախագահներին և Լեռնային Ղարաբաղի հինգ գործիչներին ֆիզիկական և հոգեկան լուրջ վնաս պատճառելու ռիսկի չեզոքացումն է։
«Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ հայերին. եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա ձեզ կզրկեն ազատությունից կամ կսպանեն»,- ընդգծեց նախկին դատախազը։
Օկամպոյի զեկույցի հավելվածում տեսանյութ է հրապարակվել նախկին պետնախարար և Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի մասին, որը ներկայացնում է նրա կյանքի պատմությունը։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես է հայրը մահացել առաջին պատերազմի ժամանակ, և նա կորցրել է տեսողությունը պայթյունի հետևանքով։
Օկամպոն հավելել է, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն կստանա հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները՝ կապված Հայաստանի դեմ 2021 թվականի մայիսի 10-ից կատարված հանցագործությունների հետ։