Իսրայելը Ադրբեջանի հետ ոչ միայն ռազմավարական գործընկերություն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախյան պատերազմին

  • 22:20 19.12.2023

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարո՛ն Կանդահարյան, Իսրայել-Պաղեստին հակամարտության ճակատում տեղի ունեցող զարգացումները, Երուսաղեմում հայկական ներկայության համար պայքարը, Լիբանանի շուրջ զարգացումները ի՞նչ զուգահեռներ ունեն Արցախի հարցում տեղի ունեցող զարգացումների հետ։ Տարածաշրջանային ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում։

-Իսրայել-Պաղեստին պատերազմն աննախադեպ է ավերածությունների եւ զոհերի թվով։ Բայց միաժամանակ նկատվում է, որ իրավիճակ է փոխվել։ Նախ «Համասի» հարձակումը՝ հանկարծակիության գործոնով պայմանավորված, ձեռք բերած արդյունքներով եւ գերիների թվով որոշակի առումով քանդել է Իսրայելի բանակի միֆը։ Իսկ քաղաքական-դիվանագիտական առումով եւս կա փոփոխություն, հատկապես ՄԱԿ-ում քվեարկության պատկեր է փոխվել։ Անպայման չէ, որ Իսրայելի առաջարկած նախագծերը քվեարկվեն։

Իսրայելն այս պայմաններում հարկադրվում էր նաեւ հրադադարին, բայց ՄԱԿ-ը մի քանի անգամ հրադադարի մասով բանաձեւ որդեգրեց։ Եվ հետաքրքիր է նաեւ ընդհանուր քվեների պատկեր, օրինակ, Մեծ Բրիտանիայի նման երկիրը ձեռնպահ էր քվեարկել, մինչ այս նման երեւույթ չէր գրանցվել։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը, իհարկե դատապարտելով «Համասի» հարձակումները, այնուամենայնիվ չարդարացրեց Իսրայելի նման պատասխանը։

Տեղեկատվական ոլորտում եւս իրավիճակ է փոխվել, նախկինում շատ հզոր էր հրեաների տիրապետումը համաշխարհային լրատվական դաշտում, ամենահեղինակավոր լրատվամիջոցները հրեական տիրույթում էին։ Բայց այսօր շատ են նյութերը, վերլուծությունները, որոնք խոսում են նաեւ պաղեստինցի ժողովուրդների իրավունքների իրացման մասին։ Հետզհետե միջազգային օրակարգ է մտնում երկու պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով եւ 1965 թվականի սահմաններով, հարցը։

Շատ հետաքրքիր է նաեւ, որ այս պատերազմը չավարտված՝ ՄԱԿ-ը քվեարկեց մեկ այլ բանաձեւ-կոչ, որով պահանջում էր, որ իսրայելական զորքերը հեռանան Գոլանի բարձունքներից։ Ուզում եմ ասել, որ միջազգային ընտանիքի հարաբերությունները Իսրայելի հետ ենթարկվել են որոշակի փոփոխությունների։ Այժմ արդեն տարբեր քաղաքական շրջանակներում, աշխարհաքաղաքական տիրույթներում արծարծվում է պաղեստինյան պետության հրամայականը՝ միջազգային ճանաչման առումով։

Բայց պատերազմը շարունակվում է, Հարավային Լիբանանում թեժ է։ Կա մտավախություն, որ ռազմական գործողությունները կհատեն Հարավային Լիբանանի բախումների գոտին եւ ավելի ընդգրկուն կլինեն։ Նախկինում իսրայելական հարձակումները նաեւ թիրախավորել են լիբանանյան տարբեր քաղաքացիական օբյեկտներ, օդանավակայան, տարբեր ենթակառուցվածքներ։ Բայց առ այսօր աշխատում են զսպիչ գործոններ։

Հիմա, եթե տարածաշրջանային զուգահեռներ տանենք, Իսրայելը ոչ միայն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն է զարգացնում, այլ նաեւ մասնակից էր Արցախյան պատերազմին։ Այնտեղ նաեւ իսրայելական արտադրության զինտեխնիկա կար։ Պետք է նկատել նաեւ հակասությունը, Թուրքիան առնվազն դեկլարատիվ առումով ոչ միայն դատապարտում է իսրայելյան հարձակումները, այլ նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ։ Եվ այստեղ է հակասությունը, որովհետեւ նման ռազմավարական խնդիրներում թուրք-ադրբեջանական տանդեմը չի կարող նման պատերազմական իրավիճակների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունենալ։ Այստեղ դերերի բաշխում է դեկլարատիվ առումով, որովհետեւ առ այս պահը Թուրքիա-Իսրայել ռազմավարական գործընկերությունը շարունակվում է, չի չեղարկվել։

Մենք հայկական ոսպնյակով այս հարցերին նայելիս՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքների խնդրից զատ տեսնում ենք նաեւ իսրայելյան գործոնը, որը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ՝ ուղղակի մասնակից դառնալով Արցախյան պատերազմին։

Դուք վերջերս մեջբերել էիք Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը, նա ողջունել էր գերիների փոխանակումը եւ ասել, որ  Արցախյան հակամարտության բանակցությունները պետք է շարունակել Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ սա նշանակո՞ւմ  է, որ նորից վերադարձ է կատարվում սկզբունքներին, եւ այսօրվա իրողությունները չե՞ն ճանաչվում։

– Դա շատ կարեւոր է, որովհետեւ Հելսինկյան եզրափակիչ ակտին հղում անելը եւ դրա հիման վրա Արցախյան հակամարտության բանակցությունները շարունակելու հրամայական հնչեցնելը, պարզ է, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման անհրաժեշտության մասին է։ Բոլորս գիտենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհի համար Արցախի հարցը փակ չէ՞։

-Առնվազն Կանադայի պաշտոնական հայտարարությամբ, ո՛չ, որովհետեւ այս հայտարարությունը հնչեցնողը Կանադայի արտգործնախարարն է։ Չմոռանանք, որ վերջերս նաեւ Երեւանում բացվեց Կանադայի դեսպանություն, այնտեղ ակտիվ աշխատում է թե՛ ՀՀ դեսպանությունը, թե՛ նաեւ Հայ դատի հանձնախումբը։ Նաեւ վերջերս ինքնորոշման իրավունքի մասին Կանադայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

-Հայկական Սփյուռքը Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու ուղղությամբ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը գումար չի հատկացնում՝ Արցախի պետական ինստիտուտները պահպանելու համար, հայտարարում են, որ դա «Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է»։ Արցախի իշխանությունները կարո՞ղ են դիմել Սփյուռքին եւ նրանց աջակցությամբ օրակարգում պահել Արցախի սուբյեկտայնության հարցը։

-Զանազան ուղղություններով նոր հայեցակարգ պետք է մշակել, նոր ռազմավարություն՝ նաեւ բանակցային առումով։ Խնդիրը նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն ունի այն առումով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցապայքար է գնում հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Իհարկե, Իրանն ու Թուրքիան էլ են ներգրավված այս գործընթացներում։ Եվ եթե նախապես կար խնդիր Արցախում խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ, հիմա կարծում եմ, որ հավաքական վերադարձի իրավունքը պայմանավորվում է նաեւ անվտանգության երաշխիքների գործիքակազմի տեղակայման հետ։ Եվ այստեղ կա տարաձայնություն աշխարհաքաղաքական այդ պայքարի համատեքստում, թե ինչ բնույթի երաշխիքներ են լինելու՝ միջազգային, ռուսական, թե՞ այլ։

Այսինքն՝ հարցը չի վերաբերում զուտ Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, հարցն աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հնչեղություն ունի։ Մեկ օրինակ՝ եթե Կանադայի պես այլ երկրներ եւս Հելսինկյան եզրափակիչ ակտի կամ ԵԱՀԿ շրջանակներում հարցի վերարծարծման, հակամարտության բանակցային գործընթացի մասին ակնարկ են անում, դա հուշում է, որ ակտիվ աշխատանք պետք է տանել ԵԱՀԿ շրջանակներում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը միակ լիազորված միջազգային ձեւաչափն էր՝ խաղաղ լուծում ապահովելու համար։ Ուկրաինական պատերազմի պայմաններում այսօր դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համատեղ կաշխատեն։ Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացարձակ, մնայուն ու քարացած չէ։ Եվ իրադարձությունների փոփոխությանը զուգահեռ, եթե նման ձեւաչափն աշխատի, երեք երկրներում էլ հայկական Սփյուռքը քաղաքական գործոն է, ազդեցիկ գործոն է։ Ուրեմն, այստեղ նաեւ համակարգելու խնդիր կա Սփյուռքի հայկական դիվանագիտության ու Արցախի կառույցների հետ։ Եվ շատ կարեւոր է, որ արցախյան պետական կառույցները շարունակեն պահպանել իրենց գործունեությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։

Իհարկե, կան նաեւ կարճաժամկետ խնդիրներ՝ Արցախի առեւանգված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։ Եվ կան ավելի հեռահար առաջադրանքներ՝ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ նոր բանակցային ռազմավարություն մշակելը։ Իսկ միջնաժամկետ առումով պետք է հետապնդել հավաքական վերադարձի իրավունքը՝ պայմանավորված անվտանգության միջազգային երաշխիքներով։ Ուզում եմ ասել, որ եւ կարճաժամկետ, եւ միջնաժամկետ, եւ երկարաժամկետ առումով կան առաջադրանքներ, որոնց համար անհրաժեշտ է մշակել նոր հայեցակարգ եւ նոր բանակցային ռազմավարություն, որի ձեւավորման մեջ պետք է Սփյուռքը ներգրավել, Սփյուռքի եւ քաղաքագիտական, եւ իրավագիտական, եւ տեղեկատվական ներուժը։ Այսինքն՝ դերերի բաշխմամբ պետք է ստեղծել համահայկական մեքենա՝ այս հակաճգնաժամային ծրագրերը մշակելու ու իրականացնելու համար։

Ո՞վ  պետք է անի դա, հայ ժողովո՞ւրդը, քաղաքական ուժե՞րը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անում եւ չեն անի, որովհետեւ նման նպատակ չունեն։

-Հիմա պետք է նաեւ նման պահանջներով մթնոլորտ ձեւավորել եւ Սփյուռքից, եւ արցախյան շրջանակներից, եւ հայաստանյան մտավորական, հասարակական, փորձագիտական շրջանակներից։ Եթե իշխանությունը դա չի անում, պետք է ինչ-որ խումբ զբաղվի դրա համակարգմամբ։

 

f