Իշխանությունները փորձում են այսպիսի կարկատաններով իրենց ապօրինի որոշումը համապատասխանեցնել Սահմանադրությանը

  • 20:22 20.12.2023

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավուքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Արեգա Հովսեփյանն ասաց, որ ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներն արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այնինչ, ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 100 հազար արցախցիների իրավունքները զանգվածային ոտնահարվել են։

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Արցախից բռնի տեղահանված անձինք կամ օրենքի ուժով դառնում են փախստական, կամ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեն։

«Ես անձամբ գնացել էի անձնագրայիան բաժին եւ խնդրել պարզաբանել, թե այս որոշման հետեւանքով ես իրավաբանորեն ո՞վ եմ դառնում։ Ասացին՝ դուք պետք է դիմեք ՀՀ քաղաքացիության։ Ասացի՝ ես այս նույն անձնագրով 2021 թվականին մասնակցել եմ ընտրություններին։ Համակարգում նայեց, ասաց՝ այո, դուք ՀՀ քաղաքացի եք, ուրեմն պետք է դիմեք ՀՀ քաղաքացիության։ Ահա այսպիսի իրավիճակներ են ստեղծվում անձնագրային բաժանմունքներում»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

«ՀՀ երրորդ Հանրապետության պատմության մեջ երբեւէ օրենքի նման զանգվածային խախտում տեղի չի ունեցել։ Սա աննախադեպ մի երույթ է։ Օրերս ՀՀ պետական բոլոր հաստատություններում արդեն իսկ աշխատող բոլոր այն անձինք, որոնք ունեն «070» կոդով անձնագրեր, ստացել են հատուկ հրահանգներ՝ հնարավորինս արագ գնալ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այս նույն հրահանգը տրվել է նաեւ այլ կարեւոր հաստատությունների, որտեղ աշխատում են «070» կոդով անձնագրեր կրող անձինք։ Այսինքն՝ իշխանությունները փորձում են այսպիսի կարկատաններ անելով՝ իրենց ապօրինի որոշումը համապատասխանեցնել Սահմանադրությանը՝ ակնհայտորեն հասկանալով, որ խախտում են Սահմանադրությունը։ Շրջափակման ժամանակ, երբ Արցախ ելումուտ անելը հնարավոր չէր, արցախցիներին հաճախ մերժում էին անձնագրեր տալը, որովհետեւ այդ անձնագրերը պետք է գային Հայաստանի Հանրապետությունից»,- ասաց Արեգա Հովսեփյանը։