Հենց կառավարության որոշումից հետո արցախցիները զրկվեցին քաղաքացիության իրավունքներից

  • 20:36 20.12.2023

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավուքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

Արցախցի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն ասաց, որ նախքան ՀՀ կառավարության որոշման ընդունումը արցախցիները լիարժեք օգտվում էին ՀՀ քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներից եւ առանց խոչընդոտի Հայաստանում կարող էին անցնել հանրային ծառայության, մասնակցել ընտրություններին՝ հաշվառվելու դեպքում։

«Սակայն կառավարության այս որոշումից հետո այդ իրավունքներից զրկվեցինք։ Բայց զրկվելու իրավական հիմքերը չկան, որովհետեւ քաղաքացու անձնագիրը հանդիսանում է քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, անձնագիրն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով եւ հիմքերով անվավեր չի ճանաչվել։ Իսկ արցախցիների «070» կոդով անձնագրերը որեւէ պետական մարմնի կամ ստորաբաժանման կողմից ուժը կորցրած չեն ճանաչվել, ունեն իրավաբանական ուժ։ «070» կոդը Արցախի անձնագրերի եւ վիզաների ստորաբաժանման համարն էր, որը տրվել է Արցախին ՀՀ պետական ստորաբաժանման կողմից։ Եվ այդ ստորաբաժանումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության որոշումներով եւ օրենքով, արցախաբնակ հայերին տրամադրում էր ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այստեղ կարող է հարց առաջանալ՝ եթե Արցախն անկախ պետություն է, ինչո՞ւ էին ստանում ՀՀ անձնագիր։ Պարզաբանեմ՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի սահմանադրությունները չեն արգելում ունենալ երկքաղաքացիություն։ Անձնագիր ստացած անձինք ընդգրկվում էին ՀՀ բնակչության պետական ռեգիստրում»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ կառավարության հիմնավորումներին՝ փաստաբանն ասաց․ «Ասում են՝ ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացիներ եւ երկու հիմնավորում են ներկայացնում։ Մեկն այն է, որ այդ անձնագիրը չեն ստացել ՀՀ իրավասու մարմնի կողմից։ Սա քննադատությանը չդիմացող հիմնավորում է, որովհետեւ, կրկնում եմ, ՀՀ համապատասխան ստորաբաժանումն է Արցախի ստորաբաժանմանը տվել «070» կոդը։ Երկրորդ հիմնավորումն այն է, որ այդ անձնագրերը տրվել են արցախցիներին՝ որպես ճամփորդական փաստաթուղթ։ Այդ տեսակետը եւս քննադատության չի դիմանում, որովհետեւ եթե ուզում էիք տալ ճամփորդական փաստաթուղթ, ապա պետք է տայիք ճամփորդական փաստաթուղթ, ժամանակավոր ինչ-որ կարգավիճակ։ Եթե որոշել եք տալ անձնագիր, դրանով իսկ ճանաչել եք արցախցիների քաղաքացիությունը։ Իսկ այսօր առանց քաղաքացիությունից զրկելու իրավական հիմքի արցախցիների ունեցած անձնագրերը կասկածի տակ եք դրել, այսինքն՝ կասկածի տակ եք դրել արցախցիների՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը»,- հավելեց նա։

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանն էլ ասաց, որ կառավարության որոշումներով ոչ միայն հարցերին համապարփակ լուծում չի տրվել, այլեւ արցախցիների խնդիրները շատացել են։ Բռնի տեղահանված բազմաթիվ արցախցիներ այսօր ունեն մի շարք խնդիրներ՝ սկսած անձնագրային բաժանմունքներում ժամանակավոր հաշվառվելուց, մինչեւ հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքի ընդունվելու հարցը։ ՀՀ անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են, քանի որ, փաստաբանի խոսքով, արցախցիները ժամանակավոր հաշվառում պետք է ստանան՝ թոշակներ ու նպաստներ ստանալու համար։ Մարդիկ անգամ չեն կարողանում գրանցվել, որպեսզի հաշվառման կանգնեն, քանի որ հերթերը մեծ են, իսկ յուրաքանչյուր անձնագրային բաժանմունք օրական 30-40 արցախցու է սպասարկում։

Գագիկ Թավադյանի խոսքով՝ Արցախում բնակչության ռեգիստր չի վարվել, Արցախի Հանրապետության բնակչությունը հաշվառված է եղել ՀՀ բնակչության ռեգիստրում։ «2023 թվականին Արցախում ընդունվել է բնակչության ռեգիստրի մասին օրենք, բայց այդպես էլ այդ ռեգիստրը չի ստեղծվել, մենք բոլոր հաշվառված ենք եղել ՀՀ բնակչության ռեգիստրում»,- ասաց նա։

f