«Մարդիկ մտածում են, որ հաշվառվելու դեպքում զրկվելու են գույքային փոխհատուցումից»

  • 22:00 20.12.2023

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն այսօր կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

«Մարդիկ չեն ուզում իրենց «070» կոդով անձնագրից հրաժարվել, շատ քիչ մարդիկ կան, որ մինչ այժմ դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգով»,- քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ արցախցիները բազմաթիվ հարցեր ունեն եւ այդ պատճառով չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չդիմելու հիմնական պատճառն այն է, որ զրկվելու են իրենց համար կենսական նշանակություն ունեցող աջակցության ծրագրերից, նաեւ հնարավոր վերադարձի դեպքում զրկվելու են Արցախ մտնելու հնարավորությունից։ Օրինակ՝ մարդ կա, որը կոնկրետ այդ հարցն է դնում՝ կարո՞ղ է ես ստանամ ՀՀ անձնագիր, վաղը, երբ վերադարձի խնդիր լինի, ինձ ասեն՝ չես կարող գնալ Արցախ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարության՝ արցախցիների համար փախստականի կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ սահմանող որոշման հետեւանքով տարբեր խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, մեծ հերթեր են գոյացել անձնագրային ծառայություններում, մարդիկ ինքնակազմակերպված հերթեր են կանգնում, առավոտյան գալիս են, իրենք իրենց համար ցուցակներ են կազմում։

«Կոնկրետ Երեւանի մասին կարող եմ ասել, որ յուրաքանչյուր անձնագրային բաժին օրվա մեջ 30 հոգի է կարողանում սպասարկել։ Այս խնդիրը բարձրաձայնվել է, այս խնդրի մասին խոսել ենք, որ եթե այսպես շարունակվի, ամիսներ են պահանջվելու՝ 100 հազարից ավելի մարդուն հաշվառելու համար։ Ստացվում է, որ եթե այս տեմպերով շարունակվի, սեպտեմբերից նպաստ եւ թոշակ չստացող քաղաքացիները մինչեւ մարտ, ապրիլ, մայիս ամիսներն ուղղակի չեն ստանալու թոշակ ու չեն ունենալու եկամուտ։ Պետք է նաեւ խոսել այն մասին, որ ոչ միայն նպաստի ու թոշակի դեպքում, այլ որպես ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձ կամ փախստական՝ արցախցիները չեն կարող ընդհանրապես որեւէ գործարք իրականացնել ՀՀ-ում՝ առանց հաշվառման։ Այսինքն՝ այդ հաշվառումը օդի եւ ջրի նման պետք է Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կարողանաս ցանկացած գործարք իրականացնել։

Մեկ այլ կարեւոր հարցի պետք է պատասխան տրվի՝ ժողովուրդն ուզում է հստակ հասկանալ եւ լսել՝ արդյոք հաշվառվելու կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելո՞ւ է աջակցության ծրագրերից, թե՞ ոչ։ Ինձ ամենաշատն այդ հարցն են ուղղում, բոլորը դա են հարցնում՝ հիմա ի՞նչ եք խորհուրդ տալիս՝ հաշվառվենք, թե՞ ոչ, արդյոք դա մեզ զրկելո՞ւ է աջակցությունից։ Կոնկրետություն չկա, թե արդյոք տեղահանված արցախցիները գույքային ու նյութական որեւէ փոխհատուցում ստանալո՞ւ են։ Մարդիկ մտածում են, որ հաշվառվելու դեպքում վաղը-մյուս օրը իրենք զրկվելու են գույքային փոխհատուցումից»,- հավելեց նա։

 

 

f