«Չկա որեւէ իրավական մեխանիզմ, որով ՀՀ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացուն կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից»

  • 16:31 21.12.2023

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն դեկտեմբերի 20-ին կազմակերպել էր «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկում։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ի դեմս կառավարության որոշման՝ գործ ունենք արցախցիներին քաղաքական իրավունքներից զանգվածաբար զրկելու խնդրի հետ։ «Այսինքն՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունները ՀՀ քաղաքացիների մի զգալի մասին՝ 100 հազարից ավելի մարդու զանգվածաբար զրկում է իրենց քաղաքական իրավունքներից։ Սա Սահմանադրության ոտնահարում է, չկա որեւէ իրավական մեխանիզմ, որով ՀՀ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացուն կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացուն Հայաստանի տարածքում հնարավոր չէ զրկել ՀՀ քաղաքացիությունից։ Բայց իրենք չեն հայտարարում, որ զրկում են ՀՀ քաղաքացիությունից, ասում են՝ դուք պետք է ստանաք ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի թուղթը, որը շատ անհասկանալի մի բան է։ Սա նույն բանն է, ինչ բոլշեւիկյան իշխանություններն անում էին 1920-ականներին՝ Ստալինյան բռնաճնշումների ժամանակ, երբ հայտարարում էին, որ բնակչության շատ մեծ շերտեր ձայնազուրկ են, իրավունք չունեն մասնակցելու խորհրդային Ռուսաստանի ընտրություններին։ Այ մենք հիմա գործ ունենք նույն երույթի հետ․ 100 հազարից ավելի արցախցիների դարձնում են ձայնազուրկ՝ խաբելով, մասամբ նաեւ պարտադրելով եւ սպառնալով զրկել ինչ-որ նյութական օգնությունից»,- հայտարարեց Վրթանեսյանը։

Նա ընդգծեց այն, որ արցախցիներին անձնագրային բաժանմունքներում ստիպում են ստորագրել դիմումի տակ, որում գրված է, որ նրանք ոչ մի երկրի քաղաքացի չեն հանդիսանում։ Ըստ Վրթանեսյանի՝ այդ անհասկանալի թուղթն ստորագրելով՝ մարդիկ ըստ էության հայտարարում են, որ չունեն քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ փաստորեն մարդկանց ստիպում են ստորագրել, որ իրենք նաեւ Արցախի քաղաքացի չեն։ Այսինքն՝ սա Արցախի պետականությանը հասցվող լրացուցիչ հարված է։ Նա նշեց, որ ստացվում է հետեւյալը՝ մեկ անձ որոշում է, որ կարող է 100 հազարից ավելի մարդու զրկել իրենք քաղաքացիական իրավունքներից։

«Սա խախտում է նաեւ ՀՀ միջազգային պարտավորությունները, քանի որ Հայաստանը միացել է միջազգային կոնվենցիաների, որոնցով մասնակից երկրները պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թվի ավելացում։ Ես այդ բառը կասեմ՝ մենք ըստ էության գործ ունենք հանցագործության հետ, սա հանցագործություն է, եւ ժողովրդավարական երկրներում մի քանի քրեական վարույթ պետք է հարուցեին»,- հավելեց փորձագետը։

 

f