Արցախից բռնի տեղահանված շատ քաղաքացիներ վախենում են փոխել իրենց «070» կոդով անձնագրերը, որովհետեւ մտավախություն ունեն, որ կկորցնեն Արցախ վերադառնալու հնարավորությունը եւ կզրկվեն աջակցության ծրագրերից։ Քաղաքական հարցերի ու վերադարձի վերաբերյալ հստակ պատասխան ոչ ոք չի տալիս արցախցիներին։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին, այստեղ նույնպես արցախցիները չեն կարողանում գտնել իրենց հուզող հարցերի հստակ պատասխանները։
Անձնագրային ծառայություններում Արցախից բռնի տեղահանված անձանց զգուշացնում են, որ եթե ստանան ՀՀ քաղաքացիություն, կզրկվեն աջակցության ծրագրերից։
Այս հարցը պարզաբանել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ասելով․ «ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հայտարարված աջակցության տարբեր ծրագրերը մենք չենք կապում այլ հարցի հետ։ Հարց է հնչում՝ արդյոք եթե իրենք քաղաքացիություն ստանան, կզրկվե՞ն թոշակ ստանալու իրավունքից եւ այլն, նման բան չկա։ Այսինքն՝ քաղաքացիության դիմելուց հետո, երբ նրանք կդառնան ՀՀ քաղաքացի, մենք բոլոր այն ծրագրերը, որոնց մասին հայտարարել ենք միջնաժամկետ կտրվածքով, օրինակ, ասել ենք, որ 6 ամիս շարունակ տրամադրելու ենք 40+10 հազար դրամները, բոլոր այդ աջակցությունները կստանան»։
Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանին այլ տեղեկություն է ստացել։ Զանգելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով՝ Նարե Սիմոնյանը հարցրել է․ «Արդյոք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո բռնի տեղահանված անձը շարունակելո՞ւ է ստանալ սոցիալական աջակցություն»։ Պատասխանը «ոչ» է եղել։ «Ես խնդրեցի ներկայացնել որոշում, ո՞ր որոշման հիման վրա չեն ստանալու սոցիալական աջակցություն, ինչին ի պատասխան ասացին՝ չկա որոշման համար ու ամսաթիվ, դա ընդհանուր որոշում է։ Ես ուսումնասիրեցի կարգը, բան չկա, սակայն շարքային արցախցին, որն ունի իր երեխայի օրվա հացը գտնելու խնդիր, երբ զանգում է եւ նման պատասխան է ստանում, բնականաբար, չի ուզում դիմել ՀՀ քաղաքացիության համար»,- ասում է Նարե Սիմոնյանը։
Արցախցի Արթուր Ստեփանյանը step1.am-ի հետ զրույցում ասում է, որ արցախցիները բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունեն։ Մարդկանց բարձրացրած հարցերը Արթուր Ստեփանյանը գրավոր ուղղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այստեղից ստացված գրավոր պատասխանում նշվում է․ «ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հետագայում չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից, այդ թվում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու իրավունքից»։
«Կառավարությունը վստահեցնում է, որ նման խնդիր չկա, բայց մարդկանց մոտ մտավախություններ կան, պանիկա է, անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են, պատրաստվում ենք ցույց անել եւ այս հարցերը բարձրաձայնել»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
Անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են, քանի որ թոշակ ու նպաստ ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձանց ստիպում են ժամանակավոր հաշվառման կանգնել։ Արթուր Ստեփանյանի խոսքով՝ մարդկանց խոստացել են, որ առցանց դիմումը լրացնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում իրենց թոշակները կստանան, բայց արդեն պարզ է, որ թոշակները հունվարին են ստանալու։
«Ովքեր լրացրել են հայտը, նրանց թոշակ չեն տվել։ Օրինակ՝ մի խումբ արցախցիներ կան, որոնք սեպտեմբեր ամսվա թոշակներն էլ չեն ստացել, բայց հայտը լրացնում են, հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների թոշակներն է ցույց տալիս, սեպտեմբերի գումարը ցույց չի տալիս։ Այս հերթերի պատճառով հաշվառման աշխատանքներն ամիսներ կարող են տեւել։ Ես որ վերլուծում եմ այս ամենը, ստացվում է, որ հիմա փող չկա, սպասում են, որ հունվար ամիսը գա»,- նշեց նա։