ՀՀ կառավարությունը իր վրա է վերցնում Արցախի պարտավորությունները, բայց կստուգի վարկերի օգտագործումը

  • 12:37 22.12.2023

Արցախի կառավարության եւ դրա կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ: Հայաստանի կառավարությունն առաջարկում է 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց, թե որն է այս նախագծի նպատակը։ Ըստ նրա՝ մտահոգություններ կան, որ Արցախին հատկացված ֆինանսական միջոցների մի մասը կարող են այլ նպատակներով ծախսված լինել, մասնավորապես, Հայաստանում կամ արտերկրում։

«Եվ այս առումով ես նաեւ ցանկանում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը գրավել եւ խնդրել, որպեսզի առկա մեխանիզմների շրջանակներում հընթացս ունենան ուսումնասիրություններ։ Եվ նման բացահայտված դեպքերը նույնպես պիտի բռնագանձվեն եւ օգտագործվեն ի օգուտ Հայաստանի Հանրապետության»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ կան նման մտահոգություններ, եւ ԱԺ քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը հենց դրան է ուղղված։ «Ամբողջ պարտավորության գումարի, այսինքն՝ 315 մլրդ դրամի նկատմամբ ՀՀ-ն ստանում է այդ իրավունքը, այսինքն՝ պահանջի իրավունքները զիջվում են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մենք կարողանալու ենք հետագայում գնալ այդ գումարների հետեւից, եթե բացահայտվեն որոշակի խնդրահարույց դեպքեր, ապա մենք կկարողանանք այդ գումարների պահանջ ներկայացնել»,- հավելեց նախարարը։

 

f