Արցախի քաղաքացին ինչպե՞ս պետք է իմանա, որ իր հիփոթեքային վարկը ներվել է

  • 14:15 22.12.2023

Արցախի կառավարության եւ դրա կողմից ստեղծված հիմնադրամների, ինչպես նաեւ Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ:

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ 70-30 տոկոս համամասնությամբ։

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց ֆինանսների նախարարին․ «Հասարակ քաղաքացին հիփոթեքային վարկ է վերցրել ու Ստեփանակերտում բնակարան է ձեռք բերել, այդ մարդու ճակատագիրը բանկն է որոշելու, թե՞ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Անձամբ ես այդ խնդրով 5 դիմում եմ ստացել, ուրեմն, այդ խնդրով հետաքրքրվող մարդկանց թիվը շատ է։ Մարդը վերցրել է 100 հազար դոլարի հիփոթեքային վարկ, ինքը պետք է շարունակի 30 հազար դոլարը վճարե՞լ, թե այդ 30 հազար դոլարն էլ բանկն է իր կողմից ներելու»։

«Եթե հիփոթեքային վարկ է վերցրել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բնակարան գնի, ոչ։ Եթե Ստեփանակերտի մասին է խոսք գնում, ապա այդ իրավունքն ամբողջությամբ անցնում է ՀՀ կառավարությանը։ Եվ ուսումնասիրության արդյունքում, եթե պարզվի, որ այդտեղ որեւէ կեղծ գործարք է տեղի ունեցել, ապա մենք պահանջը կներկայացնենք, եթե նորմալ գործարք է տեղի ունեցել, եւ մարդիկ իրենց տունը կորցրել են, այլեւս չեն կարող սպասարկել այդ հիփոթեքային վարկը, ապա այդ գումարն ամբողջությամբ կներվի,- ասաց ֆինանսների նախարարը։

Մեկ այլ հարցի՝ քաղաքացին ինչպե՞ս պետք է իմանա՝ իր վարկը ներվել է, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց, որ օրենքի ընդունումից հետո, երբ պայմանագրերը կկնքվեն բանկերի հետ, բանկերը որեւէ պահանջ չեն ունենա ցուցակում ընդգրկված սուբյեկտների նկատմամբ։

f