Մինասյան․ Պետք է պատրաստել Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը

  • 15:36 22.12.2023

Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կողմից զավթված ֆինանսական, նյութական, գույքային պահանջների իրավունքը պետք է առնվազն իրավական մակարդակով փոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա կոնցեպտուալ հարց է եւ գալիս է նրանից, թե արդյոք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է պահպանվի, թե՞ ոչ։ Իհարկե, պետք է պահպանվի, հակառակ դեպքում դուք ո՞նց եք պատկերացնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, ով այնտեղ հարստություն ունի, բայց դա մնացել է թուրքի ձեռքին, ո՞նց պիտի այդ փոխհատուցումը ստանա։ Դրա միջազգային մեխանիզմի լուծումը Հայաստանի Հանրապետությունն է առնվազն հիմա»,- ասաց Մինասյանը։

Նա հավելեց, որ պետք է պատրաստել նաեւ Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը։

«Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն կա, չի կարող որեւէ անձ, որեւէ երկիր անգամ վերացնել այդ հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա, Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն սեփականության իրավունքներ, եւ այս ամբողջ կոնցեպտուալ խնդրի լուծումը պետք է դնել սեղանին։ Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, որի կողմից թողարկված պարտատոմսերը զրոյական ռիսկ ունեն, դրա հավաստումը նաեւ պաշտոնապես տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Սա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Միայն ձեր կառավարման շրջանում է, որ փորձում եք այլ կերպ մեկնաբանել»,- հայտարեց Մինասյանը։