Անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի պետական մարմինները լուծարելու մասին Արցախի նախագահի սեպտեմբերի 26-ի հրամանագրին, հրամանագրի հեղինակ Սամվել Շահրամանյանն երեկ ընդգծել է, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»։
Նա երեկ հանդիպել է կառավարության անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ, որից հետո տեղեկություններ են հայտնվել, որ կառավարությունը հասարակական հիմունքներով «2024 թվականին կշարունակի աշխատել»։
Ոչ ոք չի բացատրել, թե դա ինչպես է լինելու, մանավանդ որ ՀՀ կառավարությունն իր որոշումներով ստանձնել է Արցախի կառավարության որոշ գործառույթներ, մասնավորապես՝ արցախցիներին կենսաթոշակներ և նպաստներ տալը, իսկ երեկ իր վրա է վերցրել Արցախի կառավարության եւ նրա կից ֆոնդերի ֆինանսական պարտավորությունները հայկական բանկերի առջեւ։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է Արցախի ժողովրդին Արցախի իշխանությունից հեռացնելու համար։
Ավելի վաղ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Արցախի կառավարության և խորհրդարանի գոյությունը ռումբ է դառնալու Հայաստանի պետականության տակ։
Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա: Նման գրառում է արել այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: «Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»,- գրել է նա:
Այսինքն՝ Փաշինյանի վարչակազմը Հայաստանում օրենքից դուրս է հայտարարում Արցախի կառավարությունն ու խորհրդարանը։
Մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասաց, որ Արցախի լուծարման մասին սեպտեմբերի հրամանագիրը չեղարկվել է Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագրով, ըստ որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարությունը, խորհրդարանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ուժային կառույցները, Ստեփանակերտի քաղաքապետը և վարչական շրջանների ղեկավարները պաշտոնները շարունակում են զբաղեցնել կամավոր հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի հոկտեմբերի 19-ի հրամանագրում նշվում է նաև, որ վավեր են 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրված փաստաթղթերը։
«Այս հրամանագիրը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մյուս բոլոր մարմինները կշարունակեն իրենց գործունեությունը 2024 թվականից հետո»,- ասաց նա։