Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ՀՀ-ն ներկայացրել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո:
Մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով վերջնական վճռի կայացումը, դատարանն Ադրբեջանի նկատմամբ կիրառեց հերթական ժամանակավոր միջոցները։ Դատարանի պահանջներից առաջինը վերաբերում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքին։ Ըստ այդմ՝ դատարանը պահանջում է Ադրբեջանից «ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:
Step1.am-ը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին՝ ինչպե՞ս է Բաքուն կատարելու Միջազգային դատարանի որոշումը, այդ համատեքստում հնարավո՞ր է, որ Բերձորի միջանցքը բացվի։
Ի պատասխան գրասենյակից ասացին․ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ այն պետությունների համար, ում նկատմամբ դրանք կայացվել են։ Նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նաեւ նշել է, որ դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի, որոնք Ադրբեջանը պարտավոր է անհապաղ և պատշաճորեն կատարել: Մեր հարցին, թե ի՞նչ լծակներ կան՝ ստիպելու Բաքվին կատարել այս որոշումը, գրասենյակից ասացին․ «Կարևոր է նաև նշել, որ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը։ Դատարանը նաև վերահաստատել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումները»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: