Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները կշտամբում են արցախցիներին, որ եթե Արցախի պետական կառույցները ցանկանում են շարունակել գործել, ապա ինչու իրենց վրա չեն վերցնում Արցախի կառավարության 315 միլիարդ պարտքը ՀՀ բանկերին։
Հայաստանի կառավարությունն իր վերջին նիստում հանձնարարել է 225 մլրդ դրամ հատկացնել՝ Հայաստանի բանկերի նկատմամբ Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների 70%-ը ծածկելու համար։
Իհարկե, դեռ պետք է պարզել, թե Արցախում ինչի վրա է ծախսվել 315 միլիարդ դրամը, արդյոք գումարն հատկացվել է ակնհայտ անտեղի նախագծերին, ովքե՞ր են հաստատել այդ նախագծերը Հայաստանում եւ այլն։ Բայց ՀՀ կառավարությունը 225 մլրդ է վճարելու հայկական բանկերին, ոչ թե Արցախի քաղաքացիներին։ Միակ բանը, որ կստանան արցախցիները, դա այն է, որ հայկական բանկերը որոշ մարդկանց վարկային պարտքերը դուրս կգրեն, որպեսզի նրանք կարողանան նորից վարկ վերցնել ու հայտնվել պարտքային գերության մեջ։
225 միլիարդ դրամը կհայտնվի բանկերում, որոնք վերջին մի քանի տարիներին, հատկապես մեծահարուստ ռուսների Հայաստան հոսքից հետո, սկսեցին առասպելական շահույթներ ստանալ՝ բարձրացնելով միջնորդավճարները և այլ ծառայությունները։ Բանկերն այնքան են հարստացել, որ դարձել են ուղղակի ներդրողներ շինարարության և այլ ոլորտներում։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա 2020 թվականից հետո Արցախում հայկական բանկերը վարկեր չեն տրամադրել, միայն ոսկու և այլ շահութաբեր գրավի դիմաց։ Միաժամանակ սառեցվել են վարկերի մեծ մասի վճարումները։ Տեղահանությանը նախորդող վերջին օրերին հայկական որոշ բանկեր ոսկի են վերադարձրել արցախցիներին։
Արցախում առևտրային բանկերը գործում էին Հայաստանի պետական երաշխիքներով։ Բացի այդ, նրանք հասկանում էին բոլոր ռիսկերը, և յուրաքանչյուր պայմանագրում ամրագրված էր ֆորսմաժորային դեպք։ Ըստ ամենայնի, բանկերը 10-ամսյա շրջափակումը, սեպտեմբերի 19-ի պատերազմն ու արտաքսումը ֆորսմաժոր չեն համարել։
Ի թիվս այլ բաների, վարկերի մեծ մասը տրվել է Արցախում անշարժ գույքի և բիզնեսի գրավադրմամբ։ Հայկական բանկերն հասցրել են շահույթ ստանալ Արցախում աշխատելուց։ Հիմա, եթե անգամ Արցախի իշխանությունը շարունակի աշխատել, ապա այն վարկունակ չէ և կարող է միայն խորհուրդ տալ բանկերին ազատագրել Արցախը օկուպացիայից և հետ վերցնել գրավը։
Փաստորեն, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չթաքցրեց, որ որոշումը միտված է կանխարգելել «ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի կորուստը և ֆինանսական կայունության խաթարումը, բանկերի ֆինանսական ցուցանիշների և վարկանիշների վատթարացումը, վարկավորման տոկոսադրույքների իջեցումը, Լեռնային Ղարաբաղի բնակչության տնտեսական ակտիվության նվազումը, սոցիալական ծանր պայմաններում գտնվող խմբերի վարկունակության վատթարացումը»։
Հայաստանի կառավարությունը դեռ միջոցներ չի գտել Արցախի բնակչությանը կենսաթոշակներ, նպաստներ և ֆինանսական աջակցություն վճարելու համար՝ ակնհայտորեն մղելով նրանց դեպի բանկեր՝ նոր վարկեր ձեռք բերելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: