Շուշիում առաջին պրոֆեսիոնալ գրադարան-ընթերցարանը սկսել է գործել 1838 թվականի հունիսի 22-ին՝ Ղարաբաղում Ներսես Աշտակեցի Կաթողիկոսի հիմնած հայոց հոգևոր թեմական դպրոցում, որի գործունեությունը շարունակվեց մինչև 1921-ի սկիզբը։
Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) մատենագիտության և գրադարանագիտության բաժնի 1-ին կարգի մատենագետ, Արցախի սեպտեմբերյան հայաթափման ու բռնագաղթի հետևանքով Հայաստան տեղափոխված Իրինա Առաքելյանը պատմեց Արցախի գրադարանների գործունեությանը նվիրված իր զեկույցում:
Նա տեսասահիկի և տեսանյութերի ցուցադրությամբ հանգամանալից ներկայացրեց Արցախի գրադարանները՝ դրանց ստեղծման ակունքներից մինչև մեր օրերը:
Իրինա Առաքելյանը նշեց, որ 2019-2022 թվականներին Ազգային գրադարանը 961 միավոր գրականություն է տրամադրել Արցախի գրադարաններին։ ՀԱԳ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը և մի խումբ աշխատակիցներ տարբեր տարիների սեմինար-քննարկումներ են անցկացրել Արցախի մի շարք գրադարաններում։
Ընդգծվեց, որ Ազգային գրադարանը նախաձեռնել է «Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վտանգված ժառանգությունը» և «Միջազգային ԶԼՄ-ները Արցախի մասին» խորագրերով շտեմարանների ձևավորման աշխատանքները DSpace հարթակում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: