Step1.am-ի զրուցակիցն է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
-Ձեր՝ «ես ռեւանշիստ» եմ հայտարարությունը քննարկման առիթ հանդիսացավ։ Այսօր իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ ռեւանշը վատ բան է, ինչպե՞ս եք սա գնահատում։
-Երբ ես ասել եմ՝ «ռեւանշիստ եմ», նաեւ բացատրել եմ, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք պետք է գործենք արդար հատուցման, վրեժի եւ մեր կյանքն ու տունը վերականգնելու համար։ Հիմա եթե որեւէ մեկը սրա հետ խնդիր ունի, ուրեմն գնահատականը թողնում եմ ձեզ՝ մտածելու՝ ինքն ուրացո՞ղ է, դավաճա՞ն է։ Եթե մեկը դրա հետ խնդիր ունի, ուրեմն ինքը մեր ինքնության հետ կապ չունի եւ միգուցե այս ամենի պատճառն ինքն է։ Ռեւանշիստ լինելը փորձում են ներկայացնել սեւ գույներով, պիտակավորել, որ դա իբրեւ շատ վատ երեւույթ է։ Բայց բոլորովին էլ այդպես չէ, դա պարզապես մեր կոչումն է՝ հանձնվելու փոխարեն պայքարել։ Մենք արդեն իսկ մեր հայրենիքի մեծ հատվածը՝ մեր Արցախ աշխարհը գոնե այս պահին կորցրել ենք։ Մենք ոչ միայն հող ու տարածք ենք կորցրել, այլ մեր ինքնությունն է խոցված, մեր արյունն է կորսված, մեր սրբավայրերն ու գերեզմաններն են կորսված։ Մի ամբողջ պատմություն ու կենսագրություն գլխիվայր շրջված է։
–Մեր հասարակության մեջ պայքարի ներուժ կա՞։ Այս հարցի պատասխանը կարեւոր է հատկապես հիմա, երբ իշխանության մակարդակով փորձում են մարդկանց խեղճություն ու պարտվողական թեզեր ներարկել։
-Այո՛, կա այդ ներուժը, անշուշտ կա։ Կառավարություն չունենք այսօր, խնդիրը դա է։ Այնտեղ աթոռ զբաղեցնող մարդիկ են նստած, բայց մենք կառավարություն չունենք։ Եթե մենք կառավարություն ունենանք, ինչպե՞ս կարող են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների վրա մատ թափ տալ։ Իրենք գործել են ամբողջ ավերը, բայց մեղքը փորձում են դնել մարդկանց վրա, որոնք ընդամենը 10 օր են եղել իշխանության ղեկին։ Սա երեսպաշտություն էլ չէ, կեղծիք էլ չէ, սա ավելին է։ Մենք ակնկալում ենք, որ այս կառավարությունը կամ պետական այրերն ինչ-որ բա՞ն պետք է անեն։ Հակառակը, համագործակցում են մեր թշնամի երկրի իրենց գործընկերների հետ։ Իրենց համար արժեքը ոչ թե հայրենիքն է, ոչ թե ինքնությունն է, այլ նյութական միջոցներն ու փողն են։
Մեր հասարակության մեջ ներուժը կա, եւ հասարակությանը ճիշտ առաջնորդություն է պակասում։ Հասարակությանը ճիշտ ուղղորդելու ու առաջնորդության դեպքում մենք ամեն ինչի էլ կհասնենք։ Ես մշտապես ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մեր ազգն այսքան մեծ ներուժ ունենալ՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական, եւ այսպիսի վիճակում գտնվել։ Հետեւաբար, գաղտնիքը համախմբվելն է, մարդկանց առաջնորդելն է։ Իսկապես ազգային նվիրումով, հայրենիքով, հավատքով, ուղղակի առաջնորդել, գաղափարական առաջնորդություն ունենալ, սա է մեր ամբողջ պրոբլեմը։
-Մեր թշնամիները վախենում են հայ ժողովրդի ռեւանշից եւ չեն էլ թաքցնում դա։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ եթե խաղաղության են գնում, իհարկե, ռեւանշ չի լինելու, այսինքն՝ թշնամուն երաշխիք են տալիս, որ ռեւանշ չի լինելու։ Ռեւանշ չանելը խաղաղության հասնելու գրավակա՞ն է։
-Բացարձակ ոչ, եւ իմ հայտարարությունը հենց դրա պատասխանն էր։ Թշնամի պետության ղեկավարը հայտարարեց, այստեղից էլ երաշխիք տվեցին։ Իմ հայտարարությունը հենց այդ մասին էր, ու դուք սխալված եք, ռեւանշ լինելու է։ Մենք նախ մեր ներսն ենք ազատագրելու, ապա մեր ամբողջական հայրենիքը։