Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը», որին կմասնակցեն Փաշինյանը և Ալիևը։ Կասկածից վեր է, որ նրանց միջև հանդիպում տեղի կունենա ՌԴ նախագահի «միջնորդությամբ», որը ևս մեկ անգամ կհայտարարի Արցախի «պատկանելիության» մասին։ Հետաքրքիր է՝ այս անգամ ինչի՞ն հղում կանի։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին Պուտինը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը, միջազգային իրավունքի համաձայն, միշտ եղել է Ադրբեջանի կազմում»։ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից բոլոր տարածքները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»,- ասել է Պուտինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պուտինը չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթերով է Ղարաբաղը հանդիսանում «Ադրբեջանի մաս», քանի որ նման փաստաթղթեր բնության մեջ գոյություն չունեն։
Արդեն այն բանից հետո, երբ 2022 թվականի նոյեմբերին Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Ադրբեջանի, նեռարյալ Ղարաբաղը տարածքային ամբողջականության ճանաչման մասին», Պուտինը սկսեց հղում անել արդեն Փաշինյանի խոսքերին՝ մոռանալով «միջազգային իրավունքի» մասին։
Այս հայտարարությունից հետո Բաքուն ամբողջությամբ փակեց Բերձորի միջանցքը, իսկ 10 ամիս անց հաջողությամբ իրականացրեց ցեղասպանություն և արցախցի բնիկ բնակչության տեղահանում։ Արցախի նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանը, բնակչության ջարդի սպառնալիքի տակ, հարկադրված էր ստորագրել «ԼՂՀ լուծարման մասին» հրամանագիրը։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը «հաշվի է առնում» ԼՂՀ հիմնարկների լուծարումը և «ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին» տարածաշրջանում։ Նա նշել է, որ ԼՂՀ նախագահի հրամանագրում կետ կա տեղի հայ բնակչության «նոր կոորդինատային համակարգով» Ադրբեջանին ինտեգրվելու մասին։ Պեսկովը հորդորել է չփնտրել Ղարաբաղից հայերի արտագաղթի մեղավորներին։
Կարծես թե իրականություն է դարձել այն ամենը, ինչին ձգտում էին Պուտինը, Ալիևը և Փաշինյանը տասնամյակներ շարունակ՝ Արցախում հայեր չկան, միայն թափառող շներ, քոչվոր դրոշներ և Բաքվից եկած վախեցած զբոսաշրջիկներ։ Բայց հակամարտությունը միեւնույն է, լուծված չէ, քանի որ իրավական հիմքեր չկան այն հայտարարության համար, թե «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Եվրոպան, որը Ռուսաստանի հետ կոնսենսուսի շրջանակներում պնդում է խաղաղության պայմանագիրը, կտրականապես հրաժարվում է երաշխավորել «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»․ Ցանկացած երաշխիք կդիտարկվի որպես միջազգային հանցագործության մեղսակցություն՝ ի վերջո, հակամարտության ուժային լուծումը հանցագործություն է, և ԵՄ-ն լավ գիտի դա։
Եվ դարձյալ Ռուսաստանի կեղտոտ աշխատանքի հերթն է. Մոսկվան ինքը «ստիպված կլինի» երաշխավորել Պեսկովի հնչեցրած ծրագիրը՝ «տեղի հայ բնակչության ինտեգրումն Ադրբեջանին նոր կոորդինատային համակարգում»։ Դերերը կբաշխվեն նախկինի պես. Փաշինյանը կմեղադրի ղարաբաղցիներին Հայաստանի բոլոր անախորժությունների համար, անվերջ կձգձգի նրանց սոցիալական վճարները, գործը հասցնում «կամավոր վերադարձի», իսկ ռուս զինվորականները «կապահովեն խաղաղ վերադարձը և ինտեգրումը»։ Իսկ ով չի ուզում, թող գնա Ռուսաստան՝ Դոնբասում կռվելու։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: