Եվրոպական պառլամենտում հայանպաստ, արցախանպաստ բանաձեւ անցկացնելն անգամներով ավելի հեշտ է, քան ՀՀ-ում

  • 15:00 26.12.2023

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ հարցին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են փակել Արցախի սուբյեկտայնության հարցը, իսկ ի՞նչ են պատրաստվում անել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ինչո՞ւ Արցախի հարցով որեւէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս խորհրդարանում։

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ Եվրոպական պառլամենտում հայանպաստ, արցախանպաստ բանաձեւ անցկացնելն անգամներով ավելի հեշտ է, քան այս երեսփոխանների հետ։ Եվ դա բազմիցս ապացուցվել է․ Եվրոպական խորհրդարանը մի քանի բանաձեւեր է ընդունել թե անցած տարի, թե դրան նախորդած տարիներին։ Ընդ որում, այդ ուղղությամբ աշխատել են ընդդիմադիր պատգամավորներ կամ ընդդիմադիր գործիչներ։ Այնպես որ, նույն հաջողությամբ երեւի թե ավելի լավ կստացվի Միլի մեջլիսում արցախանպաստ բան անցկացնել, քան ՔՊ-ի կողմից կառավորվող այս խորհրդարանում»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ կարեւոր է, որպեսզի Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները միջազգային հարթակներում ներկայացնեն ՀՀ բնակչության 80-90 տոկոսի կարծիքը, որ, այո՛, Արցախի էջը փակված չէ, եւ աշխարհը պետք է տեր լինի իր հայտարարություններին ու բանաձեւերին։