«Արցախը թղթով չի ստեղծվել, արյամբ է ստեղծվել, եւ որեւէ թուղթ այն լուծարել չի կարող»

  • 17:10 26.12.2023

«Հայաստանի պետականության եւ Արցախի հետագա գոյության համար ռումբ են Փաշինյանն ու այդ երեսփոխանները։ Դրանից մեծ ռումբ պատկերացնել հնարավոր չէ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում ռումբ է ՀՀ պետականության տակ։

«Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել, իրենք ունեն ահռելի աշխատանք՝ թե՛ սոցիալական, հումանիտար խնդիրների հաղթահարման ու լուծման համար, թե՛ հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, եւ, իհարկե, ամենակարեւորը՝ միջազգային հարթակներում Արցախի հարցը բաց ու օրակարգային պահելու համար»,- ասաց պատգամավորը։

Նա, անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, նշեց, որ որեւէ հրամանագիր չի կարող լուծարել Արցախը։ «Արցախը թղթով չի ստեղծվել, արյամբ է ստեղծվել, եւ որեւէ թուղթ այն լուծարել չի կարող։ Ես կխուսափեմ խորհուրդներ տալ նախագահ Շահրամանյանին, մանավանդ, որ իր ու մեր արցախցի մի շարք գործընկերների հանրային խոսույթում արդեն իսկ տեսանելի է իրենց մոտեցումն այդ փաստաթղթին։ Թե ինչ կանեն Արցախի իշխանությունները, դեռ կտեսնենք, բայց Հանրապետականի մոտեցումն այն է, որ այդ փաստաթուղթը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրանով Արցախը լուծարվել չի կարող»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ապագայում ի՞նչ անելիք կա, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Քանի դեռ Արցախը յուրաքանչյուր հայի սրտում է, քանի դեռ դա մեզանից յուրաքանչյուրի պայքարի մոտիվացիան է, Արցախի էջը փակված համարել հնարավոր չէ։ Ես կարող եմ տասից ավելի տարբերակ թվարկել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում՝ կապված Արցախի ինքնորոշման հետ, եւ դրանցից ոչ մեկում այդ հրամանագիրը որեւէ դերակատարում չունի»։

Ըստ նրա՝ միջազգային օրենքներն ու իրավունքը խախտողը, ագրեսորը միանշանակ Ադրբեջանն է, բայց հաճախ դրա համար նպաստավոր հող ու մթնոլորտ են ստեղծել Փաշինյանն ու իր խմբակը։