Step1.am-ի զրուցակիցն է արցախյան գործիչ Տիգրան Պետրոսյանը։
-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը, թե «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները», հարցեր է առաջացնում։ Ի վերջո՝ ի՞նչ է սպասվում հունվարի 1-ից։
-Նման հրամանագրով ուղղակի անհնար է երկիր լուծարել։ Այդ հրամանագրի չեղարկումը ավելի շատ քաղաքական եւ նաեւ հոգեբանական նշանակություն ունի, եւ նման պահանջ կա։ Բայց Սամվել Շահրամանյանը ո՞ր օրվա քաղաքական գործիչն է, ինքը Բակո Սահակյանի կադրն է եղել, ոնց ասել են, այդպես էլ արել է։ Հիմա մենակ է մնացել, չգիտի ինչ անի։ Բայց ճիշտն այն կլինի, որ հրապարակայնորեն չեղարկի այդ փաստաթուղթը։ Մենք ճնշումներ գործադրում ենք, հույս ունենք, որ տեղ կհասնի։ Եթե ինքը մինչեւ Նոր տարի դա չանի, մենք հունվարին արդեն պահանջելու ենք, որ այդ 22 հոգանոց նախագահը գնա իրենց տուն։
– Այսինքն՝ բավարար չէ՞ այն հայտարարությունը, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»։ Դրանից զատ պետք է այլ գործողությո՞ւն արվի։
-Ոնց հասկացել եմ, հավանաբար իրավաբաններն իրեն սովորեցրել են, որ այդպիսի հայտարարություններ անի, բայց դա լուրջ չէ։ Մենք իրեն բացատրել ենք, ոչ միայն մենք, նույնիսկ այլ ճամբարներից էլ են իրեն խորհուրդ տալիս, որ հրապարակի այդ չեղարկումը։ Հույս ունենք, որ կանի։
-Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները շարունակեն իրենց գործունեությունը։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Արցախի սուբյեկտայնությունը միանշանակ պետք է պահել։ Ճիշտ է, ամբողջ ծավալով այդ ինստիտուտների անհրաժեշտությունը չկա, բայց գոնե արցախցիների իրավունքների հարցը պետք է պահել օրակարգում։ Շատ իրավունքներ կան՝ սեփական հողում ապրելու, սեփականության իրավունքը, էլ չեմ խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ Այսինքն՝ այդ իրավունքների համար մենք պետք է պայքարենք։ Եվ ես ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունն այդ կարգի հեռատես չէ, որ աշխարհաքաղաքական այս բուռն զարգացումների համատեքստում խոսում է ինչ-որ խաղաղությունից։ Ադրբեջանն Իսրայելից արդեն 8-9 ինքնաթիռ զենք է բերել, խոսում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, եւ այդ ֆոնին փակել Արցախի էջը, նշանակում է քաղաքականությունից զրո լինել։ Եվ ցավում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ կարգի ուտոպիստներ են։
-Թշնամին հայտարարում է, որ պետք է երաշխիքներ լինեն, որ ռեւանշ չի լինելու։ Հայաստանի իշխանությունները նույնպես այն կարծիքին են, որ ռեւանշ չպետք է լինի։ Արդյոք դա խաղաղության հնարավորությո՞ւն է ստեղծելու։
-Իրենք փորձում են փակել Արցախի էջը, արդեն երաշխիք են ստացել, որ Հայաստանի իշխանությունը փակել է, սկսել են մյուս էջերը։ Սյունիքի էջն են սկսել, Շորժայի էջն են սկսել, արդեն խոսում են Սեւանի խմելու ջրի մասին, ասում են, որ դա իրենց էլ է պատկանում։ Սա պարզ ագրեսիվ քաղաքականություն է։ Ալիեւի մոտեցումը հասկանալի է, տեսել է, որ ինչ ասում է, դիմացինն անում է, ինքը շանտաժով առաջ է տանում իր գործը։ Կրկնում եմ՝ աշխարհում այսպիսի քաղաքականություն չի եղել, ինչպիսին վարում են Հայաստանի այս իշխանությունները։ Սրանք երեխայական ու ուտոպիստական քայլեր են, որոնք որեւէ լավ բանի չեն բերում։ Հայ հանրության մեջ սերմանում են հետեւյալը՝ ուտելը կա, ապրելու տեղը կա, ուրիշ բանի մասին մի մտածեք։ Չի կարելի նման տարածաշրջանում նման ժողովրդի մեջ դա սերմանել։ Եթե հայ ազգը իր պայքարից հրաժարվի, ասիմիլացվելու է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: