«Արցախ. վտանգված ժառանգություն»՝  պատկերագիրքն իրողություն է

  • 00:16 28.12.2023

2020, ապա նաև 2023 թվականների ռազմական գործողություններից հետո Արցախի բռնազավթված տարածքներում մնացած պատմամշակութային ժառանգությունը հայտնվեց ամենօրյա վտանգի տակ։ Ակնհայտ է, որ պետական ամենաբարձր մակարդակով, ընդգծված հայատյացությամբ, էթնիկ և մշակութային զտման այս ամբողջ ագրեսիվ քաղաքականության վերջնանպատակը Արցախի լիակատար նախիջևանացումն  է։

Դեռ 2020 թվականի պատերազմից հետո, տարբեր հարթակներում անընդհատ քննարկվում էին Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված խնդիրները, քայլերը։ Եվ այդ քննարկումների արդյունքներից մեկն էլ «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի հրատարակումն է, որն իր օգտակարությունը պետք է ունենա տեղեկատվական ու քարոզչական ասպարեզում։

2023 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ պատկերագրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի աշխատասիրությամբ:

Գրքում ներկայացված է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը՝ 250 հուշարձան։ Ընտրվել են իրենց ճարտարապետությամբ, նշանակությամբ և ունեցած դերով առավել աչքի ընկնող հուշարձանները։ Գիրքը պատրաստ էր հրատարակության, երբ վրա հասավ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունը և արձանագրեց ամբողջական Արցախի կորուստը, ինչը ցավոք սրտի հանգեցրեց երկրորդ հատորն ունենալու անհրաժեշտությանը։

Այսօր առավել քան երբևէ պատերազմները ոչ միայն մարտադաշտում են, ոչ միայն սահմանին ու զենքով, այլև սահմանից այս կողմ։ Հիմա մենք պայքարում ենք մեր մշակույթի, մեր ինքնության պահպանման, մեր ազգային արժանապատվության համար։ Այս պատերազմը ոչ պակաս կարևոր է, քանզի մեր թշնամին աշխարհին ամեն գնով փորձում է համոզել, որ Արցախը հայկականության հետ կապ չունի։ Եվ այսպիսի գիրքը Համազգայինի փոքրիկ ներդրումն է Ադրբեջանի կեղծ քարոզչության դեմ։ Սա կարելի է ասել՝ մեր խոսքն է ուղղված միջազգային հանրությանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամին, անձամբ Րաֆֆի Քորթոշյանին, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին համագործակցության համար, հովանավորներին և Համազգայինի Կենտրոնական վարչությանը, որ միշտ կարևորում ու սատար է կանգնում նման ծրագրերի իրականացմանը, իր խոսքը եզրափակեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմին Ավագյանը ։

Որևէ մեկը չէր ցանկանա, որ այսպիսի վերնագրով գիրք հրատարակվեր՝ նշում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամի փոխտնօրեն, պատկերագրքի կազմող Րաֆֆի Քորթոշյանը։  Բայց ստեղծված իրավիճակը պարտադրում է բոլոր միջոցներով, բոլոր հարթակներից խոսել մեր վտանգված մշակութային ժառանգության մասին։ Սա պատկերագրքի առաջին հատորն է, երկրորդ հատորը, որը դեռ կազմվում է, կներառի սեպտեմբերի վերջին բռնի տեղահանության հետևանքով Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգությունը։

Ադրբեջանը Արցախը հայաթափելուց հետո անցավ  մշակութային զտման  և  մշակութային ցեղասպանության ակտիվ   քաղաքականության,  որը հետապնդում է բռնագաղթված բնիկ բնակչության պատմական հիշողության ու պատմական հետքերի վերացում և այս պատկերագիրքը այդ քաղաքականության դեմն առնելու մի փոքրիկ փորձ է։

Գիրքը տպագրվել է հասարակական միջոցներով, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ այն դառնար պետական քաղաքականության մաս, ինչպես որ Ադրբեջանն է այսօր տարբեր ինստիտուտների մակարդակներով կազմակերպված մարտնչում նաև տեղեկատվական պատերազմում և մենք ցավոք սրտի այս հարթակում էլ դեռ պարտվում ենք,  նշեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցեցին գրքի լույս ընծայմանը։

«Դատելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունից՝ մինչ դուք կընթերցեք գիրքը, Արցախի վտանգված հուշարձանների մի մասն արդեն ավերված կլինի» գրքի նախաբանում հանդիպում ենք այս տողերին, որը ուղերձ է, թե մեզ և թե առաջադեմ մարդկությանը։ Իսկ մենք մաղթենք, որ մինչև երկրորդ հատորի տպագրումը, առաջին հատորի շապիկը փոխելու անհրաժեշտություն առաջանա։

Step1.am

f