Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։
Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։
«Գրեթե նույն գինն է գալիս, ինչ հիմա, կամ որոշ դեպքերում ավելի էժան, եթե եռամսյակային կամ տարեկան տոմս առնեն։ Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա և մեկ–երկու այլ տեսակի տոմսեր»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։
«Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։
Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: