Գինոսյան․ հայրենաճանաչ ու հայրենատեր ազգի դեպքում դա ռեւանշ չէ, դա ազատագրական պայքար է

  • 11:54 30.12.2023

Step1.am-ի զրուցակիցն է մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

Պարոն Գինոսյան, տարին ամփոփում ենք Արցախի ժամանակավոր կորստով։ Թշնամի երկիրը երաշխիքներ է ուզում, որ ռեւանշ չպետք է լինի։ Հայ ժողովուրդը հաշտվո՞ւմ է ստեղծված իրավիճակի հետ, թե՞ ռեւանշ լինելու է։

– Իսկ ինչո՞ւ իրենք ռեւանշ ուզեցին եւ ռեւանշ արեցին 30 տարի անց, այսօր էլ ուզում են բացառել մեր ռեւանշը։ Իսկ ո՞վ պետք է բացառի ռեւանշը, օրվա իշխանությո՞ւնը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հաճախ փոփոխվում են, եւ իշխանությունների դրսեւորումներն էլ են փոփոխվում։ Եվ շատ հաճախ իշխանությունները նաեւ ստիպված են լինում հաշվի նստել ժողովրդի կամքի հետ։ Իհարկե, քանի դեռ ազգն ինքնաճանաչ չէ, կարող են եւ ենթարկեցնել, ինչպես հիմա են փորձում անել։ Բայց ինքնաճանաչ, հայրենաճանաչ ու հայրենատեր ազգի դեպքում դա ռեւանշ չէ, դա ազատագրական պայքար է, պատմական իրականությունը, պատմական արդարությունը վերականգնելու մեծ պահանջ է։ Քանի դեռ արդարությունը վերականգնված, չի կարող իրական խաղաղություն լինել։ Խաղաղությունը լինում է այն դեպքում, երբ ամեն ինչ արդար է եւ ազնիվ։ Մեր թշնամին այսօր էլ հորջորջում է, որ Երեւանն իրենցն է, որ այն, ինչ բռնազավթել են, իրենցն է, իսկ ՀՀ տարածքից չեն ուզում իրենց զորքերը դուրս բերել, եւ այդ պարագայում իրենք պահանջում են, որ մենք ռեւանշի չգնա՞նք։ Իսկ ինչպե՞ս չգնանք ռեւանշի, երբ մեր պետության, ես չեմ ասում հայրենիքի, որովհետեւ հայրենիքը շատ ավելի մեծ է, միջազգային ճանաչված պետության զգալի հատվածը բռնազավթված է իրենց կողմից։ Եվ իրենք չեն էլ ուզում ակնարկել անգամ, քննարկել այդ հարցերը, բանակցել դրա շուրջ։ Ինչի՞ց ելնելով մենք չպետք է մտածենք ռեւանշի մասին։

– Հայաստանի իշխանությունների հիմնավորումն այն է, որ եթե գնում ենք խաղաղության, ռեւանշ չի կարող լինել։ Դուք ասում եք, որ այս պայմաններում հնարավոր չէ իրական խաղաղություն ունենալ։ Հետեւաբար, ի՞նչ պետք է անել։

-Դուք խոսում եք օրվա իշխանության մասին, իսկ ես ունեմ հավերժական հրամանատարներ, նրանք հավերժական են, ոչ թե օրվա կամ վաղվա։ Մենք պետք է ավելի շատ հետեւենք այն մարդկանց, ովքեր հավերժական են։ Իսկ Գարեգին Նժդեհն ասում էր, որ չի կարող խաղաղություն լինել, երբ արդարությունը վերականգնված չէ, եւ խաղաղությունը չեն մուրում։ Այն ինչ կատարվում է այսօր, կարծում եմ, հիվանդագին խաղաղապաշտություն է։ Այն հորդորը, որ այսպես է դասավորվել, այսպես պետք է լինի, Նժդեհը դրան պատասխանում է, որ քծնանք է թույլի ներումը։ Երբ նրանց զինվորը մեր հողի վրա է, եւ մեր հայրենիքը բռնազավթված է, չի կարելի խաղաղության կոչեր անել, քանի դեռ նրանք չեն տվել հավաստիացումներ, որ գոնե ՀՀ տարածքը պետք է ազատագրվի իրենց ներկայությունից։ Ի՞նչ է ընդհանրապես պետությունը եւ իշխանությունը։ Պետությունը երկրի սահմաններն անվտանգ պահելու գործիքակազմ ունի, որը պարտավոր է անել։ Եվ առաջին երդումը, որը տալիս է երկրի իշխանավորը կամ ղեկավարը, այն մասին է, որ երկրի սահմաններն անխախտ է պահելու։ Եթե մենք սա չենք դնում խաղաղության հիմքում եւ ասում ենք՝ խաղաղություն ամեն պարագայում, այդպիսի խաղաղություն չի լինում։ Ուղղակի պետք է ուսումնասիրել պատմությունը եւ հասկանալ, որ այդպիսի խաղաղություն չի լինում։ Թույլի ներումը քծնանք է, եւ Նժդեհը չմիացավ այդ ներելու խոսքերին, որովհետեւ ինքն ասում էր՝ ես թույլ չեմ։ Ասում էր՝ այո, հայությունը պետք է ների թրքությանը, բայց նախ նրան ծնկի բերելուց հետո։ Այսինքն՝ թուրքին ներել ես ուզում, հաղթիր նրան։

Այսօր փորձում են մոռանալ Արցախը, բայց եթե նույնիսկ Արցախի պարագան մոռանանք, ՀՀ ինքնիշխան տարածքը բռնազավթված է։ Եվ սրա մասին ոչ ոք չի խոսում, բայց չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ քո տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ, եւ ում հետ ուզում ես խաղաղության պայմանագիր կնքել, նա հավաստիացումներ չի տալիս, որ այլեւս քո հայրենիքի ինչ-որ հատվածի վրա նոր հարձակումներ ու բռնազավթման փորձ չի անի։ Ես չեմ դատում այսօրով, դատում եմ պատմությամբ։ Նժդեհն ասել է մարգարեական խոսքեր, որոնք այսօր առավել քան արդիական են՝ պատմության մեջ կան ժամանակներ, երբ օրվա իշխանական շահը պետք է ստորադասվի ազգի հավերժական շահերին։ Մի՞գուցե պետք է տեսնել, թե ազգի հավերժական շահն ինչ է պահանջում եւ դրանից բխեցնել օրվա լուծումը։

Կապրենք ու կտեսնենք, որ խաղաղություն չի լինելու այս պայմաններում, երբ մենք մուրում ենք այդ խաղաղությունը։ 1915 թվականից առաջ էլ ինչ-որ ավանդական կուսակցություն ասում էր՝ ինչքան շատ արյուն, այնքան շուտ Եվրոպան ուշադրություն կդարձնի մեզ վրա։ Կարծում եմ, որ 1915 թվականը նաեւ այդ տեսակետների հետեւանք էր։ Վաստակեցինք, շատ արյուն եղավ, եւ ի՞նչ որոշեց Եվրոպան, ոչինչ էլ չորոշեց, 100 տարուց ավելի է անցել, եւ թուրքը մարսում է իր խժռածը։ Այդ մի կուսակցությանը փոխարինեց բոլշեւիկան այլ կուսակցություն, որն ասում էր, որ եթե անգամ մեկ ազգ ոչնչանա աշխարհի երեսից, անգամ եթե դա լինի հայ ազգը, միեւնույն է, ավելի կարեւոր է համաշխարհային հեղափոխությունը։

Մենք հաճախ կուսակցամոլական որոշումների մեջ զոհում ենք ազգի լինելու, ազգի արժանապատվության եւ ամբողջականության, հայրենիքի, տարածքային ամբողջականության սրբագույն դասերը։ Կապրենք կտեսնենք, որ խաղաղություն չի կարող լինել, եթե մենք շարունակենք այս քաղաքականությունը։ Շունը հարձակվում է վախկոտ մարդու վրա, որովհետեւ վախկոտ մարդն ադրենալին է արտադրում։ Հիմա մենք ադրենալին ենք արտադրում եւ պետք է հասկանանք, որ շունը հոտառությունը սրած սպասում է։ Եթե էլի վախի ու սարսափի հոտ գա, եթե էլի խոսենք ամեն գնով խաղաղության մասին, կհարձակվի։ Խաղաղությունն ամեն գնով չի լինում։ Խաղաղություն չի կարող լինել քո տունն ամբողջովին բռնազավթած թշնամու հետ, որն ընդհանրապես այս տարածքի հետ կապ չունի եւ ազգ էլ չէ, բայց փորձում է խլել քո հայրենիքն ու քեզ քո հայրենիքում տնվոր դարձնել։ Դրա համար, կարծում եմ, որ խաղաղության մասին խոսելն այս պահին ծիծաղելի է։

1915 թվականից հետո ինձ համար 2023 թվականն ամենասեւ տարին է հայ ազգի համար, որովհետեւ սա ավելի քան 100 տարվա ընթացքում այն եզակի տարին է, երբ մենք կրկին ունեցանք հայազրկված հայոց հայրենիքի մի հատված։ Մենք 1915 թվականից հետո ունեցել են պարտություններ, անգամ կոտորածներ, բայց չենք ունեցել իրավիճակ, որ պատմական հայրենիքի մի հատված ամբողջովին հայաթափվի։ Սրա մասին մենք այսօր չենք էլ խոսում, չենք էլ բարձրաձայնում։

 

f